«Տեղ համայնքում ինչ-որ տեղերում հետ են գնացել՝ Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից». Սյունիքի մարզպետ

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում մարզում սահմանային միջադեպ չի արձանագրվել։

Դիտարկմանը, որ մարզից ադրբեջանական կողմը երկու հայ զինծառայողի է առևանգել, Ռոբերտ Ղուկասյան փոխանցեց՝ այդպիսի նոր բան չկա, որը կարող է ասել։

«Ես ասում եմ, որ չի եղել այնպիսի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ։ Անձամբ ես չեմ կարող ասել, թե ինչպես եմ պատկերացնում իրավիճակի լուծումը, որովհետև դա պետական խնդիր է, իսկ ես Սյունիքի մարզպետն եմ։ Ես շարքային սյունեցուն պաշտպանում եմ այնքանով, որքանով իմ լիազորությունները թույլ են տալիս, և այդ մասով իմ աշխատանքային ժամանակի գրեթե 90 տոկոսն անցնում է  սահմանամերձ բնակավայրերում։ Դրա մասին գիտեն Սյունիքի բոլոր սահմանամերձ բնակավայրերի բնակիչները»,- շեշտեց Սյունիքի մարզպետը։

Ինչ վերաբերում է Տեղ գյուղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը, Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ այդ հատվածով քաղաքացիական անձինք, բնականաբար, չեն կարող անցնել։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը պետք է լինեն համապատասխան կառույցները։

Գիտեմ, որ մերթ ընդ մերթ երկու կողմից իրականացվում են ինժեներական աշխատանքներ, մնացածը, թե ընթացքն ինչպես է, ինչպես է իրականացվում, բնականաբար, դա կոմպետենտ կառույցները պետք է ասեն։

Տեղ համայնքում այն տարածքները, որտեղ բնակիչները չեն կարողանում մուտք գործել, այս տարվա չիրացված ապրանքի համար կստանան աջակցություն, քանի որ վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից  առաջ է եկել Տեղ գյուղ։ Գիտեմ, որ ինչ-որ տեղերում հետ են գնացել, բայց թե կոնկրետ որ տեղերից, քանի մետր՝ տեղյակ չեմ, քանի որ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և իրենք ինձ չեն զեկուցում մանրամասների մասին։ Հետևաբար՝ ինչ էլ ասեն, պետք է ենթադրություն լինի։ Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից, սա միանշանակ դիրքորոշում է»,- ընդգծեց Ռոբերտ Ղուկասյանը։

Հարցին՝ եթե անհրաժեշտություն լինի, սյունեցիներին կզինեն, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց՝ այո, ապա ընդգծեց, որ ՊՆ-ին պետք է հարցնել՝ զինելու համար ամեն ինչ կա՞։

Տեսանյութեր

Լրահոս