Հանգույցներ, որոնք կքանդեն Նիկոլ Փաշինյանի «գորդյան հանգույցը»
Ժամանակակից աշխարհը ցանցերի, ապակենտրոն կառույցների ու հարաբերությունների աշխարհ է։ Իհարկե, ցանցերը չեն որոշում ամեն ինչ, բայց ցանցերն արդեն իսկ զգալի դեր ունեն որոշումների կայացման գործընթացում։ Դրա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցանցերի աճող դերակատարությունը տեղի է ունենում իրավիճակում, որում դեռևս դոմինանտ են ուղղահայաց կառույցները, առաջին հերթին՝ պետությունները, որոնք գործառնական տիրույթում հանդես են գալիս իշխանությունների տեսքով։
Նոր քաղաքական ու արդեն իսկ քաղաքակրթական իրականության հիմքում լայն իմաստով ընկած է ուղղահայաց կառույցների ու ցանցերի միջև պայքարը։ Ընդ որում, ցանցերի աճող դերակատարությամբ հանդերձ, այնպես չէ, որ վերջիններս միանշանակ հաղթում են այդ պայքարում։ Հակառակը՝ հիերարխիկ կառույցները՝ դեռևս տիրապետելով ցանցային միավորներին գերազանցող ռեսուրսների, կարողանում են այդ պայքարը ծառայեցնել իրենց նպատակներին, այդ թվում՝ ամենատարբեր միջոցներով մաս կազմելով նույն այդ ցանցերին։ Ուղղահայաց ու հորիզոնական կառույցների միջև այդ դինամիկ պայքարի բնորոշիչներից մեկն այն է, որ այդ թվում հանրային ռեսուրսների տնօրինումը հիերարխիաներին թույլ է տալիս առերևույթ իրենց դեմ պայքարողներին վերածել աջակիցների կամ դաշնակիցների՝ վերջնարդյունքում ամրապնդելով իրենց դիրքերը՝ ի դեմս իշխանության։
Աշխարհի գրեթե բոլոր երկրներին բնորոշ ու տիրապետող այս միտումը տարբեր դրսևորումներով ու չափաբաժիններով առկա է նաև Հայաստանում։ Ընդ որում, Հայաստանն այն պետություններից է, որում ցանցերին հաջողվել է հաղթանակ տանել հիերարխիայի դեմ․ 2018 թ․ տեղի ունեցածը, բազմաթիվ վերապահումներով, այդուհանդերձ ցանցերի հաղթանակն էր ուղղահայաց կառույցի՝ կենտրոնացված իշխանության դեմ։ Բայց հայկական «ցանցային հեղափոխության» առանձնահատկությունն այն էր, որ կարճ ժամանակ հետո փողոցից իշխանության եկած ցանցը տրանսֆորմացվեց ուղղահայացի՝ ժամանակի ընթացքում գրեթե ամբողջությամբ ձերբազատվելով ցանցային համակարգերին բնորոշ հիմնական հատկություններից՝ ապակենտրոնացվածություն, իշխանության դիսպերսիա, մասնակցայնություն և այլն։
2018-ին հաջորդած տարիները ցույց տվեցին, որ իրականում ցանցը հաղթել էր ոչ միայն ու ոչ այնքան՝ այն ժամանակվա իշխանությանը, որքան՝ պետությանը, որին տիրապետելով՝ փողոցային ցանցը վերածվեց պալատական մեքենայի՝ ամենաուղղահայաց ավտոկրատիաներին հարիր բոլոր հատկանիշներով։
Հայաստանի այսօրվա իրականության առանձնահատկություններից մեկն այն է, որ հանրային ու պետական միջոցներին ամբողջությամբ տիրապետող նախկին ցանցը՝ լավագույնս տիրապետելով ցանցային հարաբերությունների կառուցվածքին ու նրբություններին, ուղղահայացից դուրս մնացած ցանցը դեռևս կարողանում է ծառայեցնել իշխանության նպատակներին։
Դրա արտահայտությունն են նաև ամենատարբեր ապակենտրոն ձևաչափերի՝ ՀԿ-ների, իրավապաշտպանների, համացանցային ազդեցության դեմքերի առնչություններն իշխանության հետ։ Նաև ցանցային տեխնոլոգիայի (ներքի՞ն, թե՞ արտաքին, այլ քննարկման նյութ է) շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը կամ գիտի, կամ նրան բացատրել են ցանցերի ներուժը, և ամեն ինչ անում է՝ իշխանության վերահսկողությունից դուրս նոր ցանցերի ձևավորում թույլ չտալու, իսկ եղածներին՝ իր շուրջը պահպանելու նպատակով։
Այս ամենով հանդերձ, ցանցային հարաբերությունները յուրահատուկ են նրանով, որ վերահսկելի են միայն մինչև ինչ-որ աստիճան, որից անդին գործում են ապակենտրոնության ու ինքնաբավության մեխանիզմները։ Վերջին շրջանում ամենատարբեր միջավայրերում Հայաստանում գոյացել ու կայանում են հորիզոնական հարթության բազմաթիվ բջիջներ, որոնք ունեն ապակենտրոն ցանց դառնալու լուրջ ներուժ, բայց դեռևս չունեն դրա համար պարտադիր կապակցող հաղորդուղիները և այն հանգույցները, որոնք ամենատարբեր ուղղություններով ցրված բջիջները կարող են ամբողջացնել ու միավորել ցանցի մեջ։
Լայն իմաստով, հենց սա՝ հանգույցների որոնումն է ներկայումս քաղաքական ու քաղաքացիական դաշտում խմորվող միավորների գլխավոր խնդիրը, որոնց բացակայությամբ էլ հյուսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության «գորդյան հանգույցը»։
Հարություն Ավետիսյան