«Ադրբեջանն է, որ կարիք ունի ինքնորոշվելու, այլ ոչ թե Արցախը. Ադրբեջանն ինքնահռչակ անկախացել է՝ որպես 1918 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ». Աշոտ Հայրունի
Տևական ժամանակ է, Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել այն միտքը, թե «Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, որ հետո ինքնորոշվի՝ հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվելու»։
Դեռևս ապրիլի կեսերին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև եթե Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմերի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել ու հիմա էլ չի, հետևաբար՝ ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է և չլինել, որովհետև Լեռնային Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է։
«Մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։
Այստեղ հարց է ծագում, եթե Լեռնային Ղարաբաղը, մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պիտի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ է, որ ինքնորոշում՝ նշանակում է ինքնորոշվել, լինել մի որևէ տեղ և ինքնորոշման իրավունքի իրականացմամբ այդ տեղից տեղափոխվել այլ տեղ։
Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը Խորհրդային Միությունն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո Ադրբեջանն է, հետևաբար՝ այս տրամաբանությունը, որ իրենք դրել են, գրագետ թարգամանության դեպքում նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը՝ է՛, կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվելու։ Սա մեր մեծագույն բացթողումն է, որ 2018 թվականից մենք սրանով հանդես չենք եկել ու մեր ժողովրդին չենք բացատրել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին ասաց, որ նման հայտարարությունները ոչ միայն որևէ պատմական հիմք չունեն, այլև հակասում է տրամաբանությանը, քանի որ «որևէ տեղից» կամ «որևէ բանից» ինքնորոշվելու այդ ձևակերպումն ինքնին արդեն խոցելի է։
«Ինքնորոշումը իրավաքաղաքական հստակ ձևակերպում է ստացել ՄԱԿ-ի կանոնադրությունում, որտեղ պարզորոշ նշված է, որ բոլոր ժողովուրդներն ու ազգերն իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային ստատուսը, կամ որ նույնն է, կարգավիճակը կարող են ազատ որոշել։
Եթե հարցը դիտարկենք պատմագիտական, վստահ եմ, նաև իրավաքաղաքական տեսանկյունից, ապա գալու ենք նույն եզրակացության՝ Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի պահանջներ ներկայացնելու Արցախի հանդեպ, քանի որ Արցախն ինքնորոշվել է դեռևս Խորհրդային Միությունում գործող օրենսդրության հիման վրա։ 1990 թվականի ապրիլի 3-ին Խորհրդային Միությունում գործողության մեջ դրվեց այն օրենքը, որով ինքնորոշման իրավունք ունեին նաև ինքնավարությունները, Արցախը գործել է օրենքին համապատասխան և ինքնորոշվել է ըստ օրենքի, այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունն է հռչակել իր անկախությունը»,- պարզաբանեց պրոֆեսորը։
Այս համատեքստում Աշոտ Հայրունին նկատեց՝ խնդիրն այլ է Ադրբեջանի դեպքում, որը չանկախացավ գործող օրենքին համապատասխան և իրեն հռչակեց անկախ՝ իր Գերագույն խորհրդի նստաշրջանում՝ որպես ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ։
«Այսինքն՝ Ադրբեջանն է, որ կարիք ունի ինքնորոշվելու, բառի բուն իմաստով, այլ ոչ թե Արցախը, որն ինքնորոշվել է, իսկ այ, Ադրբեջանը չի ինքնորոշվել։ Ադրբեջանն ինքնահռչակ կերպով անկախացել է՝ որպես 1918 թվականի Ադրբեջանի իրավահաջորդ, հետևաբար՝ նա չի կարող հանդես գալ՝ որպես Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։
Եթե այս ամենը դիտարկենք պատմական, պատմաքաղաքական, իրավական և այլ տեսանկյուններից, ապա միանշանակ կարելի է փաստել և ապացուցել՝ ի ցույց հանել աշխարհին այն, որ Ադրբեջանը բացարձակապես որևէ պահանջ չի կարող ունենալ Արցախի նկատմամբ, և եթե կա ինքնորոշման խնդիր, ապա այդ խնդիրը վերաբերում է Ադրբեջանին, այլ ոչ թե Արցախին։ 1918 թվականի իրավահաջորդ Ադրբեջանի կազմում Արցախ չի եղել և ոչ էլ այդ Ադրբեջանի սահմաններն Ազգերի լիգայի կամ որևէ այլ միջազգային կառույցի կողմից այն ժամանակ ճանաչվել է, Ադրբեջանի սահմաններն այդպես էլ չեն ճանաչվել, չեն ամրագրվել որևէ միջազգային կառույցի կողմից»,- հավելեց պատմաբանը։
Աշոտ Հայրունու դիտարկմամբ, այս ամենը հաշվի առնելով՝ Ադրբեջանն է բախվում խնդիրների, այլ ոչ թե՝ Արցախը։
Մեր հարցին՝ Ադրբեջանի համար խնդրահարույց այս կետերն ինչո՞ւ հայկական կողմը չի ներկայացնում միջազգային կառույցներին, պատմաբան Հայրունին պատասխանեց, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ, այլ այն անձինք, որոնք իրավասու են և պարտավոր են այդ փաստարկներով գնալ բանակցությունների։
«Մեր արտաքին քաղաքականությունն իրագործողներն են, որ պետք է կարևորեն այս ամենը և հարցն ընկալելի ու տեսանելի դարձնեն միջազգային կառույցներում։ Վերջերս բախվեցի այն փաստին և ոչ մեկ անգամ, որ Ադրբեջանի սիստեմատիկ պրոպագանդան, ըստ էության, Արևմուտքում հասել է որոշակի արդյունքի այն առումով, որ Արևմուտքում ձևավորել է կարծիք, թե իբր միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Այդ տեսակետը, որ Արևմուտքում ձևավորված է, արդյունք է տասնամյակների կեղծ պրոպագանդայի, որն իրականացրել է Ադրբեջանը և որը կարելի է հիմնավորապես հերքել, եթե Հայաստանը կարողանա համակարգված պետական քաղաքականություն վարել»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է սահմանազատման ու սահմանագծման համար նախատեսված քարտեզներին և հարցին, թե որ թվականների քարտեզներով պետք է իրականացվի գործընթացը, այսինքն՝ որ թվականների քարտեզներն ունեն իրավական ու պատմական հիմք, Աշոտ Հայրունին պատասխանեց, որ հարցն ավելի շատ քարտեզագետներին է վերաբերում, սակայն, նրա կարծիքով՝ դեռևս վաղ է հարցն առաջ քաշել, քանի որ մինչ այդ լուծման ենթակա խնդիրներ դեռ կան։
«Դեռևս չկա արդարացի, հիմնավորված սահմանագծման ու սահմանազատման ցանկությունը հենց ադրբեջանական կողմում։ Այսինքն՝ սահմանազատմանն ու սահմանագծմանը նախորդող ինչ-ինչ խնդիրներ պետք է կարգավորվեն ու լուծվեն, պետք է ստեղծվեն դրա նախադրյալները»,- եզրափակեց Աշոտ Հայրունին։