168.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին ասաց, որ նման հայտարարությունները ոչ միայն որևէ պատմական հիմք չունեն, այլև հակասում է տրամաբանությանը, քանի որ «որևէ տեղից» կամ «որևէ բանից» ինքնորոշվելու այդ ձևակերպումն ինքնին արդեն խոցելի է։
«Ցավոք, պատմության դասերը յուրացված չեն։ Պատմությունն իր աքսիոմատիկ օրինաչափություններով մեզ թելադրում է, որ պետք է փոփոխվի առկա ուղեգիծը։ Եթե Հայկական հարցը լուծման նախաձեռնություններ է ունեցել որևէ պետության կողմից, դա եղել է Ռուսաստանը, բայց դրանք վիժեցվել են արևմտյան տերությունների ջանքերով։ Միաժամանակ, դա պայմանավորված է ոչ թե ռուսական պետության մարդասիրությամբ, այլ մեր տարածաշրջանում արդեն մոտ 200 տարի ընթացող Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ։ Արևմուտքի գործելակերպը թելադրված է այստեղից Ռուսաստանին հանելու մտադրությամբ, դա նրանց գլխավոր նպատակն է, որի համար նրանք կզոհաբերեն ամեն ինչ, այդ թվում՝ հայերին»: