«ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որ հետո ինքնորոշվի. սա է, որ մեր ժողովրդին 18-ից հետո չենք բացատրել». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը վերաբերում էր Արցախին։

«Խաղաղությանն ուղղված բանակցություններում Հայաստանը քանիցս հայտարարել է, որ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, ըստ էության ճանաչում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն այս հայտարարությունը որոշ շրջանակներ ներկայացնում են՝ որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը։

Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առհասարակ կարծում է, որ ֆունդամենտալ պետք է անդրադառնալ այն կոնցեպտին, որով հետապնդվել է Լեռնային Ղարաբաղի հարցը մեր անկախության տարիների ընթացքում։

«Իմ կարծիքով՝ մենք այդտեղ ունենք երկու մաս, մինչև Մադրիդյան սկզբունքները և Մադրիդյան սկզբունքներից հետո։ Ինչո՞ւ, որովհետև Մադրիդյան սկզբունքները՝ հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և Խորհրդային Միության փլուզման համատեքստում իրականացրել է  իր ինքնորոշման իրավունքը։ Եվ ինչպես Խորհրդային Միության այլ սուբյեկտներ իրացնելով ինքնորոշման իրավունքը, որն իմիջիայլոց արձանագրված է նաև Ալմա Աթայի հռչակագրում։ Ինչպես Խորհրդային Միության այլ  սուբյեկտներ իրացնելով իրենց ինքնորոշման իրավունքը՝ ստացել են անկախություն, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղն իրացրել է այդ իրավունքը։ Հետևաբար՝ չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է Խորհրդային Միությունից։

Կարդացեք նաև

2007 թվականին իշխանության տրանսֆորմացիայի, տրանզիտի կամ փոխանցման ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, այդ ժամանակ ի հայտ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էր և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման սկզբունքը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ինչ-որ մի մեխանիզմով, և այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը, ըստ էության, պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի հետ։

«Այստեղ շատ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է  տեղի ունեցել, որովհետև եթե Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմերի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել ու հիմա էլ չի, հետևաբար՝ ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է և չլինել, որովհետև Լեռնային Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է։ Մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։

Այստեղ հարց է ծագում, եթե Լեռնային Ղարաբաղը մենք, դուք,  իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պիտի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ է, որ ինքնորոշում նշանակում է ինքնորոշվել, լինել մի որևէ տեղ և ինքնորոշման իրավունքի իրականացմամբ այդ տեղից տեղափոխվել այլ տեղ։

Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը Խորհրդային Միությունն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո Ադրբեջանն է, հետևաբար՝ այս տրամաբանությունը, որ իրենք դրել են, գրագետ թարգամանության դեպքում նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը՝ է՛, կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվելու։ Սա մեր մեծագույն բացթողումն է, որ 2018 թվականից մենք սրանով հանդես չենք եկել ու մեր ժողովրդին չենք բացատրել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս