Բաժիններ՝

Ի՞նչ հագուստով ենք մուտք գործում Աստծու տուն

Մարդն իր կյանքում տարբեր առիթների է մասնակցում, իսկ մինչ այդ որոշում է և ընտրում, թե ինչ հագուստ կրի, ինչպես ներկայանա: Կյանքի բազմազանության մեջ քրիստոնյայի համար կարևոր է նաև իր քայլերը դեպի եկեղեցի՝ Աստծու տուն ուղղելը, լինի դա աշխատանքային, թե Տերունական օր՝ կիրակի: Մինչ Աստծու տուն մտնելը քրիստոնյան բացի ներքին պատրաստվածությունից, հոգ է տանում նաև արտաքինի վերաբերյալ՝ կարևորելով թե՛ ֆիզիկապես մաքուր լինելը և թե՛ համապատասխան հագուստը: Եկեղեցին ունի իր կանոնները, որոնք պետք է հարգել, իսկ այդ կանոններից մեկը զգուշացնում է՝ եկեղեցի պետք է մտնել պատշաճ և վայելուչ հագուստով (սպորտային հագուստով կամ կիսավարտիքով չի կարելի մտնել եկեղեցի):

Երբեմն այս կանոնի հետ կապված որոշ մարդիկ առարկում են՝ ասելով, թե Աստծու համար կարևոր է մեր հավատը և ոչ թե հագուստը: Բնականաբար, դա այդպես է, բայց և այս կերպ արտահայտվողն ամեն կերպ ջանում է համապատասխան հագուստով հյուր գնալ կամ ներկայանալ իր վերադասին՝ միևնույն ժամանակ չկարևորելով, թե եկեղեցում աղոթքի՝ Աստծու հետ զրույցի համար ինչ հագուստով կներկայանա: Եկեղեցի հաճախողի հագուստը պետք է լինի համեստ, քանի որ եկեղեցի գնում ենք ոչ թե միմյանց մեր հագուստները ցուցադրելու, այլ ընդառաջ գնալու այն խոնարհ հանդիպմանը, որ տեղի է ունենալու Աստծու և մեր հոգու միջև:

Աղոթքով մենք կանգնում ենք մեր Երկնավոր Հոր, մեր Արարչի և Փրկչի առջև, Ով մեր հոգու և մարմնի բժիշկն է, մեր մխիթարիչը և ուրախություն պարգևողը: Եկեղեցում աղոթքը, երգեցողությունը, ծեսը, ամեն ինչ նպաստում է և տրամադրում աղոթքի: Ուստի անչափ կարևոր է պահպանել աղոթական այդ վիճակը՝ չխանգարելով այն որևէ կերպ, այդ թվում և հագուստով: Արտաքուստ գրավիչ կամ գայթակղիչ հագուստը կարող է շեղել մարդկանց ուշադրությունը աղոթքից՝ դառնալով նաև գայթակղության պատճառ: «Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն»,- ասում է Քրիստոս (Մատթեոս 18:7):

Եկեղեցում ամեն մի խոսք, ամեն մի խնդրվածք կամ գոհություն պետք է առաքվի առ Աստված մեծագույն ուշադրությամբ: Պետք է ամենայն զգուշությամբ հետևել աղոթքի խոսքերին, թե ինչ ես ասում Աստծուն, միտքը, խորհուրդները և զգայությունները պետք է ձայնակից լինեն աղոթքի խոսքերին, այլ կերպ ասած՝ հոգու բոլոր զորություններով պետք է աղոթել: Այդ իսկ պատճառով է սբ. Գրիգոր Տաթևացին հետևյալ խրատը տալիս. «Աղոթքի վայրում պետք չէ ո՛չ միմյանց նայել և ո՛չ՝ կնոջ, որպեսզի չարը արատ չներմուծի մեր մեջ՝ աղոթքի փրկությանը հակառակ»:

Տիրոջ հանդեպ երկյուղը չի կարող չարտահայտվել նաև արտաքնապես՝ հագուկապով: Խելամիտ չէ հագուստին վերաբերվել իմիջիայլոց՝ կարծելով, որ այն ոչ մի կերպ կապ չունի մարդու հոգու հետ, քանի որ հագուստը մարդու ներքին վիճակի արտահայտիչն է:

Կնոջ արտաքին տեսքի հետ կապված սբ. Պետրոս և սբ. Պողոս առաքյալներն իրենց նամակներում հիանալի խորհուրդներ են տվել, որ բոլոր ժամանակների համար են. «Ձեր զարդարանքը թող արտաքին չլինի. ո՛չ մազերի հարդարանքը, ո՛չ ոսկեղենը և ո՛չ էլ պճնագեղ հագուստները, այլ սրտի ներսում ծածկված, հեզ և խաղաղ մի հոգու անկորնչելի գեղեցկությունը, և այդ է թանկագինը Աստծո համար: Որովհետև անցյալում իրենց այդպես էին զարդարում Աստծուն հուսացող հավատացյալ կանայք» (Ա Պետրոս 3:3-6):

Իսկ սբ. Պողոս առաքյալն էլ այս է հորդորում. «Նաև ուզում եմ, որ կանայք իրենք իրենց զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մազերի հարդարանքով կամ ոսկեղենով, մարգարիտներով կամ թանկ զգեստներով, այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որ հանձն են առել ապրել աստվածպաշտությամբ» (Ա Տիմոթեոս 2:9-10): Քրիստոնյայի հոգու խոնարհությունից ու ներքին գեղեցկությունից է բխում հագուստի համեստությունը, որը, բնականաբար, իր արտահայտությունն է գտնում ամենուր, ուստի թե՛ առօրյա կյանքում և թե՛ եկեղեցում ջանանք թե՛ ներքնապես և թե՛ արտաքնապես արժանանալու Սբ. Հոգու բնակարանը ու Աստծու տաճարը լինելուն:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս