Անջատում հանուն թրքության
«Ես իրավասու եմ պաշտպանել միայն Հայաստանի Հանրապետության շահը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը թող իր ապագան որոշի»։ Եթե 6 կամ 8 տարի առաջ Հայաստանի որևէ պաշտոնյա նման հայտարարություն աներ, նրա հետ լավագույն դեպքում տեղի կունենար այն, ինչ պատահեց գործող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին։ Բայց այսօր նման հայտարարություն է հնչում Հայաստանի նույն արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից և հնչում է անհետևանք։
Հնարավոր է՝ Միրզոյանը հիմա իրեն թույլ է տալիս կամ ստիպված է նման հայտարարություն անում, որովհետև նաև դա է նոյեմբերի 9-ի ծեծից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ մնալու գինը։ Կամ գուցե այդ ծեծը կազմակերպվել էր նաև կանխարգելիչ նպատակադրմամբ, որովհետև Միրզոյանն այդ օրերին իրեն թույլ է տվել դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիային։ Չար լեզուներն ասում են, որ Միրզոյանն ինքն էլ կասկածներ ունի, թե ով կարող էր այն կազմակերպել և ինչ նպատակով: Կարճ ասած, ծեծը՝ անկախ հեղինակների ծագումնաբանությունից, ուսուցողական է եղել Արարատ Միրզոյանի համար։
Բայց խնդիրն Արարատ Միրզոյանի անձը չէ, նա եթե որևէ խնդիր էլ ունի, ապա դա միայն անունն է, որը Նիկոլ Փաշինյանի ցուցումով երբևէ կարող է փոխվել՝ Հայաստանի համանուն մարզի ու քաղաքի անվանափոխության շրջանակներում։
Խնդիրը շատ ավելի խորքային է և արտահայտում է այն ուրացումը, որն ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության՝ Հայաստանը կատարել է Արցախի նկատմամբ։ «ԼՂ ժողովրդի ապագան», ինչպես հիմա արտահայտվում է ժամանակին թուրքական արխիվներն ուսումնասիրած պաշտոնյան, եղել է Հայաստանի Հանրապետության պետական շահի, ավելի լայն իմաստով՝ հայկականության ու հայկական շահի անբաժանելի, օրգանական մասը։
Լավ թե վատ, արդյունավետ թե ոչ այնքան, սակայն Հայաստանի արտաքին և մնացյալ քաղաքականությունները նախորդ ավելի քան 25 տարիներին խարսխվել են հենց այդ՝ արցախյան ու հայկական շահերի միասնության, անքակտելիության, փոխլրացման ու ամբողջականության սկզբունքի վրա։ Դա, ի դեպ, միանգամայն լեգիտիմ է համարվել միջազգային հանրության կողմից, որն առավելապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով շուրջ երեք տասնամյակ բանակցություններ է անցկացրել՝ մազաչափ անգամ կասկածի տակ չդնելով Արցախի շահը ներառող հայկական շահերի ներքին տրամաբանությունը։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, 44-օրյա պատերազմից հետո, տապալելով անգամ հետպատերազմյան շրջանում առկա դիվանագիտական հնարավորությունները, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համարժեք աշխատանքը, ամեն ինչ հասցրեց հանգրվանի, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց տարանջատում են Արցախից այնպես, ինչպես ցանկացած նորմալ մարդ է փորձում իրեն տարանջատել փաշինյանական իշխանությունից։
Բայց Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատեհապաշտության չեմպիոն ու կոնյունկտուրայի ասպետ, ի սկզբանե մտածված Արցախից տարանջատման քաղաքականությունը բացահայտեց միայն 2021թ․ ընտրություններից հետո՝ դրա նախընտրական շրջանում քվե մուրալով Արցախի հարցը «անջատում հանուն փրկության» սկզբունքով լուծելու սուտ խոստումներով։
«Պողպատյա մանդատ» ստանալուց հետո, սակայն, նա իրագործում է այդ՝ անջատման սկզբունքը՝ այն ողբերգական տարբերությամբ, որ իր վարած քաղաքականության արդյունքում Արցախն անջատվում է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից։ Եվ անջատվում է հանուն ոչ թե փրկության, այլ հանուն թրքության, հանուն Արցախն առանց հայերի տեսնելու ադրբեջանական ու թուրքական երազանքի իրականացման։
Հարություն Ավետիսյան