Ով է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանը, և ինչպես կազդի նրա նշանակումը հայ-թուրքական, այսպես կոչված, բանակցությունների վրա

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից կառավարության նոր կազմը հայտարարելուց հետո Անկարայում տեղի է ունեցել պաշտոնների ստանձնման արարողությունը։ Թուրքիայի նախագահի պաշտոնում իր երրորդ ժամկետը ստանձնելուց հետո նախագահ Էրդողանը փոխեց փոխնախագահին և իր կաբինետի 17 նախարարներից 15-ին, այսինքն՝ Կառավարության գրեթե ողջ կազմը։ «Առաջիկա 5 տարիների ընթացքում մենք խոստանում ենք ամբողջ ուժով աշխատել՝ պաշտպանելու Թուրքիայի Հանրապետության փառքն ու պատիվը, բարձրացնելու նրա հեղինակությունը և փառաբանելու Թուրքիան ամբողջ աշխարհում»,- նշել էր Էրդողանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նշանակվել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Ազգային պաշտպանության նախարար է նշանակել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին։ Ֆինանսների նախարար է նշանակվել Մեհմեթ Շիմշեկը, որն ավելի վաղ եղել է այդ պաշտոնին:

Այս անգամ Էրդողանի ամենավառ և քննարկվող նշանակումներից մեկն ԱԳ նախարարի փոփոխությունն էր։ 9 տարի Թուրքիայի արտգործնախարարի աթոռը զբաղեցրած Մևլութ Չավուշօղլուն ողջունեց նոր նախարարին՝ Հաքան Ֆիդանին, որը մինչ այժմ զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզության պետի պաշտոնը: Չավուշօղլուն հայտարարեց. «Հպարտ եմ, որ աշխատել եմ Թուրքիայի նախագահի գլխավորությամբ. հիմա մենք նոր խնդիր ունենք՝ կառուցել Թուրքիայի դարաշրջանը»:
Նոր արտգործնախարարը հավաստիացրել է, որ անելու է ամեն ինչ պետության ու ազգի միասնությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

1968 թվականին Անկարայում ծնված Հաքան Ֆիդանը հետաքրքիր և հարուստ կարիերա է ունեցել։ Իր կյանքի տարբեր փուլերում նա եղել է զինվորական, պաշտոնյա, գիտնական, քաղաքական գործիչ, իսկ վերջին 13 տարիներին՝ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար, ով բավականին լայն գործառույթներ է իրականացրել, այդ թվում՝ ներգրավված լինելով արտաքին քաղաքական կարևոր ուղղություններով բանակցություններում։ Ուսում և վերապատրաստումներ Ֆիդանն անցել է Արևմուտքում՝ ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում։ 2010 թվականի ապրիլին Ֆիդանը նշանակվել է Ազգային հետախուզական կազմակերպության (Millî İstihbarat Teşkilatı, MIT) փոխնախարար, իսկ 2010 թվականի մայիսին՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար։ 42 տարեկանում նա MIT-ի ղեկավարն էր։ Նա շարունակեց ղեկավարել MIT-ը մինչև 2023 թվականի հունիսի 3-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը: Նա ակտիվ մասնակցել է Անկարայի ու Դամասկոսի միջև բանակցություններին, որոնք անցկացվել էին Մոսկվայում: Թուրքական Cumhuriyet թերթն օրերս հիշեցրել էր, որ Էրդողանը նոր արտգործնախարարին անվանել է իր «գաղտնիքների պահապան»։

«Անկասկած, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նոր կաբինետի ամենավառ նշանակումներից մեկը Հաքան Ֆիդանի նշանակումն է, որը 13 տարի աշխատել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնում։ Համարվում է, որ Էրդողանը Ֆիդանին, որին նա անվանում էր «իմ գաղտնիքների պահապան», նշանակել է թուրքական դիվանագիտության ղեկավար՝ որպես պարգև MIT–ի՝ տարածաշրջանային բոլոր գործընթացներում՝ Լիբիայից մինչև Սիրիա, Ուկրաինայից մինչև Կովկաս ակտիվ դերակատարություն ունենալու համար»,- գրել էր պարբերականը։ Արևմտյան աղբյուրներում հրապարակումներ կան այն մասին, որ Հաքան Ֆիդանը, լինելով Էրդողանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը, ազգությամբ քուրդ է, ժամանակին ընկալվել է՝ որպես Թուրքիայում Իրանի ազդեցության գործակալ, որը ծառայություններ է մատուցել Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Որոշ տեղեկությունների ու կանխատեսումների համաձայն էլ, Չավուշօղլուն լիովին բավարարել է Էրդողանին՝ որպես ԱԳ նախարար, սակայն Էրդողանը Ֆիդանի տեսքով իրեն ժառանգորդ է նախապատրաստում, այդ հարցը դիտարկվում է՝ որպես Էրդողանի «աքիլեսյան գարշապար»։

Ստանձնելով պաշտոնը՝ Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի հավատարիմ մնալ արտաքին քաղաքականության այն հայեցակարգին, որն ունի նախագահ Էրդողանը և որը հիմնված է ազգային շահերի վրա և զերծ է արտաքին ազդեցությունից։ «Ես կներդնեմ բոլոր ջանքերը՝ պաշտպանելու և առաջ մղելու Թուրքիայի շահերը, նպաստելու երկրի ամբողջականությանը, անվտանգությանն ու բարօրությանը»,- վստահեցրել էր նախարարը։

Հաքան Ֆիդանի նշանակումը ոչ պակաս կարևոր է հարավկովկասյան աշխարհաքաղաքական զարգացումների, ռեգիոնում Թուրքիայի աճող դերակատարության և հայ-թուրքական խնդրահարույց բանակցությունների ֆոնին։

Թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխություններով Էրդողանը փորձում է երկրաշարժի ու տնտեսական խնդիրների, սոցիալական մեծ դժգոհության ֆոնին տպավորություն ստեղծել, թե համակարգային կերպով փոխվելու է Կառավարությունը, հետևաբար՝ նաև Կառավարության ապահոված արդյունքները։ Սակայն, ըստ նրա, ինչպես կարելի է նկատել, բոլոր առանցքային պաշտոններում նշանակված են հենց Էրդողանի համար վստահելի մարդիկ, որոնք ամենևին էլ նոր չեն կամ անճանաչելի չեն հանրության համար։

«Կարծում եմ՝ այս դեպքում անձերի վրա կենտրոնանալ պետք չէ, քանի որ դոմինանտն Էրդողանի քաղաքականությունն է։ Ինչպես Քալընը, այնպես էլ Ֆիդանն իրականացնելու են Էրդողանի քաղաքականությունը, այս դեպքում առանձնապես էական չէ՝ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում է Չավուշօղլո՞ւն, թե՞ Ֆիդանը։ Չավուշօղլուն լավագույնս ծառայել է Էրդողանին, նույնն անելու է Ֆիդանը, նա ավելի արմատական դիրքորոշումների տեր գործիչ է, ով ոչ միանշանակ է ընկալվում Արևմուտքի կողմից։ Սակայն այս դեպքում էականն այն է, որ Էրդողանի կողմից վստահելի է և որևէ ուղղությամբ անհամաձայնեցված քայլ չի անելու։ Բացի այդ, ուժայինի նշանակումը դիվանագիտական պաշտոնի որոշակի ուղերձ է նաև այն մասին, որ այստեղ խոսքը ոչ թե դիվանագիտության, այլ ուժի մասին է լինելու»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական օրակարգին, ապա Աքթարը վստահեցնում է՝ այս առումով որևէ փոփոխություն չի լինելու, որևէ նրբերանգ չի փոխվելու Թուրքիայի կողմից։

«Չի բացառվում, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի հավակնոտ դառնա, չէ՞ որ ՌԴ-Արևմուտք բարդագույն հարաբերությունների ֆոնին նրա ընկալումն այն է, որ ինչ-որ հարցերում հաջողել է և այժմ շատ ավելիի ժամանակն է։ Թուրքիայի այս ղեկավարությունն առանձնապես մեծ ջանքեր չի ներդնում հայ-թուրքական բանակցությունների համար, դրանք ուղղորդվում են Ադրբեջանի կողմից, կա Հայաստանի կողմից շահագրգռություն, և այդ ամենը ձևավորել է հայ-թուրքական բանակցային գործընթացը, որը, տեսնում ենք, որ մեծ հաջողություններ չունի։ Այնուամենայնիվ, իմ տպավորությունն այն է, որ արտաքին քաղաքականությունն ավելի կոշտ է լինելու, և դա իր անդրադարձն ունենալու է բոլոր ուղղությունների վրա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս