Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան

Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ

Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ, ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։

Հարցը Հայաստանի, մեր բոլորի հետագա կյանքն է, մեր քաղաքների ու գյուղերի, մեր ընտանիքների ապագան։ ՄԵԿ հոգին որոշել է, որ ինքը եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը։ Սա է հարցը։
Նոր իրավիճակում շատ շատերի ուշադրությունը կամ հույսը Բագրատ Սրբազանն է, և նա իհարկե, հոգևորականին վայել իր խաղաղությամբ ու կամքով վաստակել է այդ իրավունքը։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր կյանքերին պետք է որպես ֆիլմ նայենք՝ սպասելով, թե ինչ կանի գլխավոր հերոսը, ինչ կլինի հաջորդ սերիայում։ Եթե այդպես վերաբերվեցինք, միանգամից ասեմ. կլինի այն, ինչը եղավ Արցախում։ Հուսադրող պատասխան մի սպասեք։ Եթե որևէ քաղաքացի կամ միավոր ցանկանում է իրեն պահել, որպես դիտորդ-հեռուստադիտող, ապա այս ընթացքը թող իր մտքում ունենա։ Սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է։
Նոր ստեղծված իրականության մեջ Բագրատ Սրբազանի առաջնահերթ գործը պետք է լինի իր խաղաղ հանդիպումները տարբեր մարդկանց հետ։ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, նա կարող է գնալ բուհեր, ստեղծագործական միություններ, ԱԺ, կուսակցություններ, խմբակցություններ, հեռուստաընկերություններ, համերգասրահներ, սրճարաններ, քայլել մեր քաղաքների փողոցներով։ Այդ ամենը՝ խաղաղ ու հանդարտ՝ ճշմարտության և ներքին հաշտության՝ թափ առնող կարգախոսով։

Մեր անելիքը

Մեր անելիքը պետք է լինի այդ հանդիպումները կազմակերպելը, այդ դռները ներսից բացելը։ Կրկնում եմ՝ Սրբազանի առաջ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել։ Իսկ Եթե տեխնիկապես ինչ-որ մեկը կողպի ինչ-որ դուռ, ապա մենք բորենու նման ռադիոտան հայտնի դռան պես չպիտի այն ջարդենք, այլ հանգիստ, խաղաղ խոսքով բացենք դրանք, որովհետև նպատակները այլն էին՝ այն ժամանակ՝ իշխանություն, հիմա՝ փրկություն։ Բանական խոսքի համար ներքին բոլոր դռները պետք բաց լինեն, որովհետև ՄԵԿ հոգին մեր երկրի բոլոր դռները բացել է թշնամու առաջ։ Ամրոցի դարպասները բացել է։

Հասարակության հետ բաց խոսակցության թեման պետք է լինի վաղվա նկարագրությունը, թե ինչպե՞ս ենք պատկերացնում ամենամոտ վաղը։ Այդ թեմաներից են.

1. Մոտ ապագայում ձևավորել նոր՝ «բոլոր ունակների» իշխանություն։ Մարդիկ, ովքեր ունեն ունակություն, կամք՝ աշխատելու և վերցնելու պատասխանատվություն, պետք է ստանան այդ հնարավորությունը՝ անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից։

2. Երկրում գերիշխելու է ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։

3. Պետական կառավարման համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակելու են իրենց կայուն աշխատանքը։

4. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղ բանակցությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ՝ կայուն և իրական խաղաղություն հաստատելու համար։

5. Հայաստանը հայտարարում է դե-էսկալացիայի քաղաքականություն՝ երկրի սահմաններին և երկրի ներսում։ Հայաստանը մտնում է հետպատերազմյան զարգացման փուլ, որը ենթադրում է նոր արդար բարքեր, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս