Սամվել Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարության հետքերով
2021թ․ դեկտեմբերի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:
«Ես շատ բան գիտեմ, որ Ղարաբաղի շտաբի պետով-բանով դրել՝ հրամաններ են գրել: Չեն հասկանում, որ զռռում է, որ սարքած է։ Այստեղ՝ Հայաստանում էլ են զբաղվում, որովհետեւ որևիցե հրաման չի եղել հետքաշման կամ առաջ գնալու, հիմա պետք է ստուգել, դրանց բոլորին պատասխանատվության կանչել։ Փորձում են վերացնել հետքերը»,- նշել էր նա:
Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ վստահեցնելով, որ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ:
168.am-ը Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք Սամվել Բաբայանի հայտարարությունները ուղարկվեցի՞ն հետաքննության մարմնին:
«Ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն՝ պատերազմին վերաբերող մեծ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու։ Հիմա քննություն է իրականացվում։ Այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: