Պաշտպանության նախարարության խուսափողական պահվածքը. ինչպես պատասխանել հարցմանը և չտալ ոչ մի հարցի պատասխան
Ապրիլի 12-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել 44-օրյա պատերազմի, 2022 թվականի սեպտեմբերի 13-14–ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով հայկական զոհերի թվերը:
Մենք խնդրել էինք նաև մեզ տրամադրել վերջին 2-3 տարիներին, ընդհանուր առմամբ, ադրբեջանական սադրանքների հետևանքով կամ հակառակորդի կրակոցից զոհվածների թիվը, նաև՝ 2018-2023 թվականներին բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թվային պատկերը:
Ապրիլի 19-ին Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունից ստանում ենք մեր հարցման գրավոր պատասխանը, որտեղ ընդամենը նշված է.
«ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր՝ 12.04.2023 թ. տեղեկատվություն ստանալու հարցման առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը հրապարակել է զոհված զինծառայողների և քաղաքական անձանց թվաքանակը: Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կարող եք մուտք գործել investigative.am կայք էջ:
Իսկ ինչ վերաբերում է բանակում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թվաքանակի վերաբերյալ հարցադրմանը՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, տեղեկատվության համար կարող եք դիմել վարույթ իրականացնող մարմին»:
Պաշտպանական գերատեսչության այս, մեղմ ասած, խուսափողական արձագանքն ինչ է՝ անգործությո՞ւն, անփութությո՞ւն, անհարգալից վերաբերմո՞ւնք, թե՞ վիճակագրությունը թաքցնելու անհաջող փորձ:
Եթե պաշտպանական գերատեսչությունում կարծում են, որ լրատվամիջոցը չգիտի ՀՀ քննչական կոմիտեի կամ նրանց կայքի տեղը, ծանոթ չէ նրանց հրապարակած թվերին, խիստ սխալվում են:
Այսինքն, եթե հարցումն ուղարկվել է Պաշտպանության նախարարություն, ուրեմն հենց նրանցից է լրատվամիջոցն ակնկալում կոնկրետ պատասխան, և եթե այստեղ համաձայն են ՔԿ-ի հրապարակած թվերի հետ, ապա կարող էին արտատպել և պատշաճ գրություն ուղարկել:
Հավելենք, որ 2022 թվականի մարտին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։
2022 թվականի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այդ օրվա դրությամբ 3825 է:
2023 թվականի ապրիլի 1-ին Աննա Հակոբյանն էլ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը Աճարկուտում ասել էր. «Մենք կորցրել ենք Դավիթին և 4000 դավիթներ»:
Ինչ վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհերի թվին, ապա Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է. «2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող»:
Այսինքն, մեզ համար բարդ չէ բաց աղբյուրներից տվյալներ հավաքագրելը, ինչը չի կարելի ասել պաշտպանական գերատեսչության մասին: Մինչդեռ սրանք տվյալներ են, որ պետք է ՊՆ-ն ունենա իր ձեռքի տակ, և, առհասարակ, ոչ մարտական և մարտական կորուստների վիճակագրությունը:
Նախկին իշխանությունների օրոք առնվազն տարեկան կտրվածքով ներկայացվում էին բանակի մարտական և ոչ մարտական կորուստները, դրանց հանգամանքները, այն ժամանակ քրեական գործեր չէին հարուցվո՞ւմ: Բանակին առնչվող վիճակագրությանը պաշտպանական գերատեսչությունը տիրապետում է, այլ հարց է, որ ինչ-ինչ հանգամանքներով այն տեղ չի գտնում լրատվամիջոցների հարցումների պատասխաններում:
Լրատվամիջոցների հարցումներին պատասխանելու հարցում պատշաճ աշխատանքի և վերաբերմունքի անհրաժեշտություն կա, իսկ մինչ այդ ունենք այն, ինչ ունենք, և սա առնվազն մտահոգիչ է: