Եթե այդքան բազմապատիկ թռիչք է ունեցել մեր տնտեսական սիստեմը, որտե՞ղ է մեր անվտանգությունը. Ատոմ Մարգարյան

«2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է»,- Ազգային ժողովում այս հայտարարությունը տարբեր առիթներով կրկնելու ռեկորդն այսօր սահմանեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ խորհրդարանում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներն էին:

Ի դեպ, կառավարությանը ոգևորել էին նաև 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, 2022 թվականի բյուջետային ցուցանիշների աճը, 55 հազար բնակարանների շինարարությունը, հիփոթեքային վարկի գծով շահառուների թվի աճը, և այլն: Որպես հարկահավաքության վառ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հիշել էր ԶՊՄԿ-ին:

«2022 թվականին վճարված հարկերը շուրջ 7 մլրդ դրամով ավելի են, քան 2012, 2013, 2014, 2015, 2016 և 2017 թվականներին ԶՊՄԿ-ի վճարած բոլոր հարկերը միասին վերցրած: Սա խոսուն ցուցանիշ է»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Իսկ մասնագետներն ահազանգում են արդյունաբերության ոլորտի մտահոգիչ վիճակի մասին: Ի դեպ, 2022 թվականին արդյունաբերության աճի տեմպն էականորեն զիջել է ընդհանուր տնտեսության աճի տեմպին, հենց հանքարդյունաբերության ոլորտում 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին շարունակվել են անկման միտումները:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ նկատեց. «Տնտեսական աճի մասին խոսել 30 տարվա ռեֆորմներից հետո, չխոսելով զարգացման մասին, նոնսենս է:

Իսկ եթե աճը դետալացնենք, ապա այդ աճի հիմքում ընկած է նախ՝ ռուս-ուկրաինական պատերազմը և կապիտալների ահռելի հոսքը, երկրորդ՝ խաղաբիզնեսի ոլորտի կապիտալների ներհոսքը, երրորդը՝ հանքարդյունաբերության ավանդական ոլորտը՝ անխնա քանդել երկրի ընդերքը, վաճառել և ստանալ շահույթ, ընդ որում, մեծ մասը դուրս է եկել ստվերից: Բայց իշխանությունները, եթե հիշում եք, խոստանում էին գոնե հետահայաց կտրվածքով բացահայտել ու հարկել չվճարած հարկերը, եթե պետք լինի, նաև՝ բռնագրավել ակտիվներ»:

Տնտեսագետն արձանագրեց՝ ՀՀ տնտեսությունը մնում է մոնոպոլիզացված, ռենտագոյացնող, խոցելի՝ կառուցվածքային առումով:

«Եթե նայենք աճի հիմնական շարժիչներին՝ դրայվերներին, այդտեղ հպարտանալու բան չկա: Եթե այդքան բազմապատիկ թռիչք է ունեցել մեր տնտեսական սիստեմը, որտե՞ղ է մեր անվտանգությունը. դաս պետք է, չէ՞, քաղեին՝ պաշտպանական համակարգն ուժեղացնելու, կորսված ռազմական պոտենցիալը վերականգնելու, ընդհանրապես երկիրն ապահով դարձնելու: Ի՞նչ տնտեսական ցուցանիշների մասին է խոսքը»,- հավելեց նա:

Անդրադառնալով արդյունաբերության ոլորտում առկա մտահոգիչ միտումներին՝ Ատոմ Մարգարյանը նկատեց, որ այս ուղղությամբ ևս իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում. այսօր առաջին հերթին բարգավաճում են բանկերը:

«55 հազար բնակարանների մասին. այդ ամբողջ աճը բնակարաշինության հիմնված է բյուջեի թալանի վրա. խոսքը վերաբերում է եկամտահարկի հետվերադարձի այդ տխրահռչակ մեխանիզմին:

Հարց է առաջանում, եթե նորմալ հարկատուն, որը չկա այդ ծրագրերում, չի էլ ցանկանում մասնակցել, հարկը վճարում է, և օրենսդիրն ու կառավարությունը որոշում են այդ հարկից հետ վերադարձնել նրանց եկամտահարկը, որոնք, օրինակ, 18-րդ բնակարանն են այդ ծրագրերի հաշվին ստանում, ի՞նչ աճի մասին է խոսքը, ի՞նչ վստահության մասին է խոսքը:

Այդ մարդիկ, որ նման հայտարարություններ են անում, հարցրե՞լ են այն հարկատուներին, որոնք այդ ձևով իրենց վճարած հարկերի հաշվին սուբսիդավորում են հերթական փոխնախարարի, պատգամավորի հերթական բնակարանը:

Մարդը, երբ հարկը վճարում է, ակնկալում է առաջին հերթին՝ հասարակական հանրային ծառայություն, իսկ առաջին տեղում անվտանգությունն է, բանակի զինվածությունն է, սահմանների անխոցելիությունն է, և դա չանելով՝ հպարտանալ, որ իրենք փոխհատուցում են եկամտային հարկը, մարդիկ հերթական բնակարանն են առնում, մեծ սխրագործություն չէ,- նշեց նա՝ հորդորելով դադարեցնել այդ ծրագիրը և վերադառնալ նախընտրական խոստումներին,- այդ թվում, առաջին հերթին՝ նոր արդյունաբերության մասին, բարձր տեխնոլոգիական հենքի վրա մեծ եկամտաբերությամբ, միջազգային չափանիշներով մրցունակ արտադրությունների ստեղծման, և ինչո՞ւ ոչ՝ նաև սուբսիդավորման ճանապարհով. արել ե՞ն, չե՛ն արել, մտադիր էլ չեն անելու»:

Ի դեպ, բնակարանաշինության մասին իր դիտարկումներում մասնագետը ուշադրություն հրավիրեց նաև հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքների վրա՝ դրանք որակելով «թալանչիական».

«14-16-17 տոկոս, հիպոթեքային վարկեր, դրանք բիզնես վարկերից էլ թանկ վարկեր են. ինչը խայտառակություն է: Երկարաժամկետ վարկերը, որոնք հիպոթեքային վարկեր են, մինչև 20-25 տարով, տոկոսադրույքները 5-6 տոկոսից չպետք է անցնեին: Այս թալանի հիմնական շահառուն բյուջեն է:

Ընդ որում, դա նաև իրական գնաճի հարուցիչներից է: Ու երբ այսօր խոսում են գնաճն իջեցնելու մասին՝ այդ գնաճը վերաբերում է սպառողական գներին, բայց մյուս գները՝ ապրանքները և ծառայությունները, աստղաբաշխական բարձրությունների են հասել: Դրանցից մեկը հիպոթեքային վարկավորումն է»:

Ատոմ Մարգարյանն արդյունաբերության ոլորտում վիճակը համարեց ողբերգական՝ մինչդեռ, ըստ նրա, այսօր ՀՀ իրավիճակը պարտադրում է հատկապես զարգացնել արդյունաբերության այն ճյուղերը, որոնք գիտատեխնոլոգիական հենքի վրա զինատեսակների և պաշտպանական միջոցների արտադրություն կարող էին դառնալ:

«Այդ մակրոտնտեսական թվերը ու դրանցով մանիպուլյացիաներ անելն այս օրերին, մանավանդ, ոչ ոքի չի հետաքրքրում. հասարակության ճնշող մեծամասնությանը հետաքրքրում է, թե այդ հարկերն ու միջոցները որքանով են օգտագործվում Արցախի հիմնախնդրում դիրքավորվելու և լուծումներ տալու, պաշտպանական համակարգ ունենալու և վաղվա, ես համոզված եմ, ծանրագույն մարտահրավերներին դիմակայելու համար: Հետևաբար՝ մնացած խոսակցություններն անլուրջ են. պետք չէ մարդկանց ականջներից լապշա կախել»,- շեշտեց նա:

Թե ներկայացվող աճը որքանով է ներառական՝ հարցին ի պատասխան էլ՝ տնտեսագետն արձանագրեց, որ այն ոչ միայն ներառական չէ, այլև այս աճի հետևանքով բարեկեցության բաշխումը դարձել է էլ ավելի անարդար:

Տեսանյութեր

Լրահոս