«ՀՀ-ն պարտավորություններ ունի՝ 1994 թվականի միջազգայնորեն ճանաչված որոշման ներքո Հայաստանը ճանաչված է հակամարտության և բանակցությունների կողմ». Դավիթ Բաբայան
Այսօր Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ 86.600 քկմ տարածքով, հնչեցված հստակ հարցին պատասխանեց. «86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով»:
Հարցին՝ Հայաստանի այսօրվա կառավարությունն ասո՞ւմ է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, նա պատասխանեց. «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել, և մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ապա ՀՀ-ն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը: ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատում, և մենք կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: Նկատի ունենք, օրինակ, որ կարող է ԼՂ իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը: Մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարաությանը՝ նախ ասաց, որ ստորակետներից մեկը դրվեց, սակայն մեկ-երկու ստորակետ դեռ դրված չեն։
«Հայտարարություններով չէ, որ պետք է սահմանափակվենք, պետք է պաշտոնական այդ ամենի փաստաթղթային փաթեթավորումը։ Այսինքն՝ ինքը պետք է՝ չգիտեմ ինչ ձևով, ծրագրի ձևով, ստորագրության կամ պայմանագրի կնքելու ձևով հստակ նշի, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։
Երկրորդ՝ այդ հարցը պետք է դրվի ԱԺ-ում վավերացման՝ բաց քվեարկությամբ։ Պատմության համար մեր «հերոսներին» պետք է ճանաչենք, բոլորը պետք է բաց քվեարկեն, իմանանք՝ ով է ձայն տվել, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ճշտող հարցին՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որևէ պատգամավոր նման նախագծին դեմ կքվեարկի՞, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Թող կողմ քվեարկեն, բայց ամեն ինչ պետք է պաշտոնական լինի, հայտարարություններով սահմանափակվելը հնարավորություն է տալիս հետո շահարկումներ անել՝ բա մենք սա կանենք, եթե իրենք ճանաչեն, և այլն, չէ, պաշտոնապես ճանաչեք, կանգեք ասեք, որ այսպես է։
Դրանից հետո մենք պետք է իմանանք հայ ժողովրդի, ՀՀ հասարակության կարծիքը, թե ինչ են մտածում այդ ժողովուրդը, ժողովուրդ կա՞, չկա՞, ի՞նչ են ուզում։ Միայն դրանից հետո մենք կունենանք հստակ պատկեր։
Ասաց՝ ուզում է, ցանկանում է և պլանավորում է, բայց պետք է հստակեցնի»։
Միաժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, թե այնպես չէ, որ Հայաստանն ասում է՝ մենք ճանաչում ենք Արցախն Ադրբեջանի մաս, հետո Արցախն ու Ադրբեջանը թող իրենց հարցերը կարգավորեն։
«ՀՀ-ն պարտավորություններ ունի՝ 1994 թվականի միջազգայնորեն ճանաչված որոշման ներքո՝ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված, Հայաստանը նույնպես ճանաչված է հակամարտության և բանակցությունների կողմ։ Հետևաբար՝ այնպես չէ, որ Արցախին հասցնեն մի կետի ու ասեն՝ թող ինքը որոշի։ Սա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ՀՀ իշխանությունները՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, լինի վարչապետ թե նախագահ, պաշտոնապես ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում։
Կրկնում եմ՝ ստորակետներից մեկը դրվեց, մնաց պաշտոնական փաթեթավորված, իրավական ձևակերպումները և ժողովրդի կարծիքը։ Բոլորը թող իրենց կարծիքն արտահայտեն, նաև ԱԺ-ն, երկու կոպեկի համար կռիվ կտան, իսկ Արցախի համար՝ ո՞չ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։