Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է Լեռնային Ղարաբաղը. Հայաստանը ճանաչում է դա. Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանի ասուլիսին լրագրողը կառավարության դիմաց նստացույց իրականացնող ծնողների հարցերը հնչեցրեց: Ծնողները քննարկել և որոշել են Փաշինյանին երկու հարց ուղղել. «Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար և դավաճանական քաղաքականության արդյունքում, և որը, ի տարբերություն ձեր որդի՝ Աշոտիկի, այսօր հանգիստ քաղաքակում շրջելու փոխարեն՝ ննջում է Եռաբլուրում: Երկրորդ՝ ժամանակին հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է, և վերջ. ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ և տարավ ձեր ասած Արցախ-Հայաստան աշխարհը պաշտպանելու: 44-օրյա պատերազմի օրերին մեր տղաները զոհվեցին այդ նույն Արցախ-Հայաստանը պաշտպանելիս: Այժմ դուք դեմքի նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին մեզ խաբել և չէին ասում այդ մասին: Եթե Արցախը Ադրբեջան էր, ինչո՞ւ մեր որդիներին տարաք և սպանեցիք Ադրբեջանում, Դուք տարաք և ոչ թե նախկինները»:

Նիկոլ Փաշինյանը հարցադրման վերջին հատվածին պատասխանեց. «ՀՀ ԶՈւ և ԼՂ հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշումները կայացված են եղել շատ ավելի վաղուց: Իմ որդին՝ որպես կամավոր, ծառայել է նաև ԼՂ-ում: Մնացած մասերով՝ արդեն լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել եմ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածքով, Փաշինյանը հետևյալն ասաց. «86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»:

Հարցին՝ Հայաստանի այսօրվա կառավարությունն ասո՞ւմ է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, նա պատասխանեց. «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել և մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ապա ՀՀ-ն այո, ճանաչում է Ադրբեջանի 86.600 տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը: ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատում, և մենք կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխքիների ստեղծումը: Նկատի ունենք, օրինակ, որ կարող է ԼՂ իրավունքների և անվտանգության հարցը ուղղակի մոռացության մատնվել և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը: Մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխքիներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս