Բաժիններ՝

Երաժշտության գաղտնիքները

Տեղեկությունների, ինֆորմացիայի կտրուկ աճի, գիտելիքների զարգացման հետևանքով այսօր մարդկանց մոտ նկատելի է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան գերծանրաբեռնվածություն: Հետևաբար այս պայմաններում կարևոր է օգտվել բոլոր այն միջոցներից, որոնք կարող են օգնել մարդկանց դուրս գալ այդ վիճակից: Այդպիսի միջոցներից մեկն էլ երաժշտությունն է: Այն ամենուր է, բոլորս էլ մեր կյանքի ընթացքում կամա թե ակամա, մեզ շրջապատող ամեն մի վայրում՝ տանը, փողոցում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, երթուղային տաքսիներում, աշխատավայրում, հավաքույթներին լսում ենք երաժշտություն:

Իսկ այն, որ երաժշտությունը ներգործում է մարդու վրա, կարող է և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ թողնել, անգամ՝ բուժել, ղեկավարել, դաստիարակել, փաստում են հետևյալ ուսումնասիրությունները:

Երաժշտության ազդեցությունը բացահայտելու համար կատարվել են բազմաթիվ գիտափորձեր: Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում ռազմագերիների վրա իրականացնում էին փորձարկումներ, որոնք հնարավորություն տվեցին բացահայտելու, որ երաժշտության որոշակի հաճախականության և բարձրության պայմաններում, պարզունակ, միօրինակ բաբախման ռիթմերը մարդկանց վրա թողնում են հիպնոսացնող ազդեցություն, որոշակի տիպի երաժշտություն կարող է մարդու մոտ առաջացնել խուճապ, վտանգի չհիմնավորված զգացողություն, մղել անտրամաբանական քայլերի, զանգվածների դեպքում կարող է առաջացնել մասսայական հիստերիա, մղել բռնությունների: ԱՄՆ-ի Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր Բրայան Պրիմակը մի հետազոտություն է անցկացրել, ըստ որի՝ ռոք, ռեփ և քանթրի երաժշտություն սիրողներն ավելի շատ են օգտագործում նիկոտին և ալկոհոլ: Ըստ վերջինիս տվյալների` 2005-ի ամենահայտնի 279 երգերից 93-ում (33.3%) խոսվում են այդ նյութերի օգտագործման մասին: Նրա կարծիքով ամենից շատ նիկոտինի, ալկոհոլի մասին հիշատակվում է հետևյալ ոճերում` ռեփ (77%), քանթրի (37%), R&B և հիփ-հոփ (20%), ռոք (14%) և փոփ (9%): Շվեյցարացի պրոֆեսոր Բ. Ռաուխը ապացուցում է, որ ռոք երաժշտությունը առաջացնում է այսպես կոչված սթրես-հորմոնների արտադրություն, որոնք ջնջում են ուղեղում պահպանվող տեղեկությունները: Իսկ պարային երաժշտության ազդեցության տակ մարդիկ կորցնում են կենտրոնանալու կարողությունը:

Երաժշտությունը օգնում է նաև բուժվել: Այն բուժիչ ազդեցություն ունի մարդկային օրգանիզմի և հոգեկան աշխարհի վրա: Այդ մասին մարդիկ գիտեին դեռևս անհիշելի ժամանակներից: Դրա բուժիչ ուժի մասին գրել են Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը և ուրիշներ: Ավիցեննան երաժշտության միջոցով բուժում էր հոգեկան հիվանդներին, Հիպոկրատը` անքնությամբ և էպիլեպսիայով տառապողներին, Էսկուլապը` հուզական խանգարումներ ունեցողներին, իսկ Հալենը խորհուրդ էր տալիս այն օգտագործել որպես օձի կծածի դեմ հակաթույն: Հին Չինաստանում էլ բժիշկները կարծում էին, որ երաժշտությամբ կարելի է բուժել ցանկացած հիվանդություն, նրանք անգամ երաժշտական դեղատոմսեր էին դուրս գրում այս կամ այն հիվանդ օրգանի համար: Դեռևս Ք. ա. 3-րդ դարում Պարթևական տերության մեջ գոյություն ուներ հատուկ երաժշտական-բժշկական կենտրոն: Այսօր երաժշտական թերապիան լայնորեն տարածված է ամբողջ Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում:

Երաժշտության միջոցով կարելի է ոչ միայն բուժել, այլ նաև սպանել մարդուն: Արևմուտքում գոյություն ուներ մահապատժի մի տեսակ, որն իրականացվում էր առանց ընդհատումների, բարձր, աններդաշնակ երաժշտության միջոցով: Այն ճնշում և քայքայում էր օրգանիզմը` ազդելով քնի վրա: Արդյունքում` մարդը հասնում էր խելագարության և մահանում: Սուրբ Գրքում ևս կարելի է գտնել երաժշտության` մարդու վրա ունեցած ազդեցության մասին օրինակներ: «Եվ երբ չար ոգին իջնում էր Սավուղի վրա, Դավիթը առնում էր քնարը և նվագում իր ձեռքով, հանգստացնում էր Սավուղին: Սավուղը հանգստանում էր, և չար ոգին նրանից հեռանում էր» (Ա Թագավ․ 16:23):

Հոգևոր երաժշտության ազդեցությունը

Երաժշտության տեսակների մեջ հոգևորը միանշանակ տարբերվում է: Այն յուրահատուկ ազդեցություն ունի մարդու վրա: Վերականգնում է հոգեկան հավասարակշռվածությունը, տալիս է հանգստության զգացողություն: «Աստված Ինքն է խոսել իմ ականջին»,- վկայել է գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը՝ նման այն մեծ արվեստագետների, որոնք ևս երաժշտության արարող ուժն անհամեմատ բարձր են դասել մարդուց:

Եթե ներկայացնելու լինենք երաժշտության պատմության մեջ մի շարք հայտնի անուններ, ապա նրանց թվում դժվար է անվանել մի կոմպոզիտորի, որի ստեղծագործության մեջ ներառված չլինեն հոգևոր երաժշտական կոմպոզիցիաներ, այսինքն՝ հիմնված չլինեին Սբ. Գրքի վրա. Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Շուբերտ, Բրամս, Վերդի, Գլինկա, Մուսորգսկի, Չայկովսկի, Ռիմսկի-Կորսակով, Ռախմանինով և ուրիշներ:

Միջնադարում մեր անվանի երգահանները համոզված էին, որ հոգևոր երաժշտությունը բուժում է մարդու հոգին, իսկ դրա շնորհիվ նաև՝ մարմինը, քանի որ վերջինիս ապաքինումն անմիջականորեն կախված է անձի հոգեվիճակից ու տրամադրությունից: Թերևս պատահական չէ, որ հայերենում «հոգի» բառը նշանակում է նաև «մարդ» (Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»):

Դասական և հատկապես եկեղեցական երաժշտությունը կարող է նպաստել ծանր հիվանդների բժշկմանը: Բացահայտվել է, որ այն ազդեցություն է ունենում նույնիսկ չարորակ ուռուցքներ առաջացրած բջիջների վրա: Փորձ է արվել այդպիսի մի հիվանդի վրա, և նա հերթականությամբ լսել է չորս տեսակի երաժշտություն` դասական, էստրադային-սիմֆոնիկ, ռոք և միջնադարյան հոգևոր երգեր: Ամենադրական և ուժեղ ազդեցությունը թողել է հոգևոր երաժշտությունը, իսկ ամենաբացասականը`ռոքը:

Մարդու վրա հատկապես հիանալի ազդեցություն են թողնում զանգի ղողանջները: Դեռևս Հին Հունաստանի և Հռոմի վարպետներին հաջողվում էր այնպիսի զանգեր ձուլել, որոնց ղողանջը ոչնչացնում էր ախտածին մանրէները: Իսկ միջին դարերում ձուլված զանգերը հակահամաճարակային ազդեցություն ունեին: Դրանք վերացնում էին ժանտախտի, անգամ ծաղիկ հիվանդության հարուցիչները: Ալեքսանդր Գերցենը պատմում է, թե ինչպես Շվեյցարիայի մի քաղաքում պատվանդանին է կանգնեցվել մի շատ հին զանգ, որն իր ղողանջով մահվանից փրկել է այդ քաղաքի և շրջակայքի բնակչությանը ժանտախտի համաճարակից:

Վաղուց, երաժշտության բարերար ազդեցությունն օգտագործվել է նույնիսկ երեխայի ներարգանդային զարգացման համար: Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ պտուղն ակտիվորեն արձագանքում է այն երաժշտությանը, որը մայրը լսում է հղիության ընթացքում: Օրինակ, եթե Մոցարտն ու Վիվալդին հանգստացնում են, ապա ռոքի դեպքում արագանում է երեխայի սրտխփոցը, և նա սկսում է անհանգիստ շարժումներ կատարել: Պ. Հեպպերը հետաքրքիր հետազոտություն է կատարել հղի կանանց խմբի հետ: Սկզբում նա պարզում է, թե նրանցից ովքեր են այդ ընթացքում հոգևոր երաժշտություն լսում և ըստ այդմ բաժանում է նրանց երկու խմբի` լսողների և չլսողների: Այնուհետև ծննդաբերությունից մի քանի ժամ հետո, երբ երեխաները լալիս են, միացնում է նույն հոգևոր երաժշտությունը: Լսելով այն` առաջին խմբի մայրերի երեխաները հանգստանում են ու լռում, իսկ երկրորդ խմբի մայրերի երեխաները ոչ մի կերպ չեն արձագանքում այդ երաժշտությանը:

Պյութագորասը նշում է, որ երգն ու երաժշտությունը ղեկավարում են մարդկանց: Այդ պատճառով էլ այսօր բազմաթիվ կրոնական կազմակերպություններ օգտագործում են այս մեթոդը՝ մարդկանց վրա ներազդելու համար: Արդյունքում՝ վնասում են մարդու թե՛ հոգևոր և թե՛ մարմնավոր առողջությունը: Իզուր չէ, որ Հովհան Գ Իմաստասեր Օձնեցի կաթողիկոսը իր ժամանակ օրեցօր առավել տարածվող աղանդավորական այլազան հոսանքներին դիմակայելու թելադրանքով է, որ առավել խստապահանջություն է ցուցաբերել հոգևոր երգերի տեքստերի և ելևէջների հանդեպ`զտելով դրանք Հայ եկեղեցու դավանաբանությանն անհարիր տարրերից: Քաջ գիտակցելով երաժշտական արվեստի ներգործության հսկայական ուժը ունկնդիրների վրա` Օձնեցին պաշտոնապես ընդգրկում է այն եկեղեցու արարողակարգ և հոգևոր երգերի միջոցով ժողովրդի լայն շերտերին հասու դարձնում Աստվածաշնչի Հին ու Նոր Կտակարանները:

Մեր օրերում երիտասարդության մեծամասնությունը նախընտրում է լսել անորակ և բացասական լիցքեր հաղորդող երաժշտություն: Այնուամենայնիվ կան երիտասարդներ, որոնց համար երաժշտության մեջ հոգևորն ու դասականն առաջնային են:

«Սաղմոսներն ու շարականները քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը, և երգերով միանան Աստծու հետ» (Հովհաննես Արճիշեցի):

Ուստի հնարավորինս ձերբազատվենք մեր ժամանակներում իշխող էժանագին երաժշտությունից և, ունենալով այնպիսի գանձարան, ինչպիսին հոգևոր երաժշտությունն է, անտարբեր չլինենք և ջանանք այն գտնել մեր կյանքում՝ հարստացնելով մեր ներաշխարհը այդ անսպառ գանձարանից:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Տեսանյութեր

Լրահոս