Ոչինչ չի նշանակում՝ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը. արցախցին չի պատրաստվում ճնշման տակ զիջել իր հայրենիքը. Հակոբ Հակոբյան

Մայիսի 14-ին ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ։  Ըստ Միշելի՝ Փաշինյանն ու Ալիևը կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին, կիսելով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ «Ես բարձր եմ գնահատում նրանց համապատասխան ջանքերը։

Ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի՝ 86,600 քառակուսի կիլոմետր համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը խոսելով բրյուսելյան հանդիպմանը հաջորդած Շառլ Միշելի հայտարարությունից, նախ ասաց, որ ի սկզբանե իրենք ասել են, որ այդ հանդիպումից որևէ դրական ակնկալիք չեն ունեցել։

«Մենք սպասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է այդ հանդիպմանն իրեն դրսևորել այն տրամաբանությամբ, ինչպես եղել է մինչև այս եղած հանդիպումներին։ Բազմիցս ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ոչ թե բանակցությունների կողմ է, այլ բանակցություների առարկա, հետևաբար՝ նա չի կարող բանակցություններում որևէ բան փոխել, հատկապես որ, այս գործընթացները չենք կարող անվանել բանակցություններ»,- նշեց Հակոբ Հակոբյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այս ամենը Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ Արևմուտքը պահանջում է  իջեցնել նշաձողը տրամաբանության մեջ է, որին իր համաձայնությունն է տվել շատ ավելի վաղ։

«Իրականում սա որևէ կերպ չի կարող ազդել Արցախում ապրող 120 հազար հայի կամքի և ցանկության վրա, քանի որ Արցախը հայկական է այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ ապրում են հայեր, և նրանք համոզված են, որ սա իրենց հայրենիքն է, և ոչ ոք չի կարող իրենց փոխարեն դա որոշել կամ փոխել»,- հավելեց Հ. Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի կարող լուծել Արցախի հարցը, քանի որ դրա լուծման հասցեատերն արցախահայությունն է, մեր զրուցակիցը հակադարձեց՝ Փաշինյանը բազմիցս փորձել է այն, ինչի համար իրեն բերել են իշխանության, փաթեթավորել այլ ձևով և ներկայացնել, թե իբր ինքը որևէ առնչություն չունի Արցախի հետ, Արցախի հետ կապված գործունեություն չի ծավալում։

«Արցախահայությունը, նաև ողջ հայ ժողովուրդն իր որոշումը կայացրել է դեռևս 90-ականներին, որի արդյունքում ծնվել է Արցախի Հանրապետությունը որպես այդպիսին՝ դե ֆակտո գոյություն ունեցող պետություն։ Անկախ այն հանգամանքից՝ Նիկոլ Փաշինյանը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, թե՞ ոչ, դա ոչինչ չի նշանակում, քանի որ Ադրբեջանի փաստացի տարածքը 30 տարի շարունակ եղել է 75 հազար քկմ, որի կողքին եղել է նաև Արցախի Հանրապետությունը՝ 12 հազար քկմ տարածքով։ Այնպես որ, Արցախի Հանրապետությունը կա ու մնալու է հայկական»,- ընդգծեց նա։

Հնարավո՞ր է՝ այս ամենից հետո Ադրբեջանն էլ ավելի մեծացնի ճնշումներն Արցախի վրա, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ Արցախի վրա ադրբեջանական ճնշումները սկսվել են դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ինչն արտահայտվել է պատերազմական, ահաբեկչական գործողություններով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերից՝ արդեն Արցախի տոտալ շրջափակման ձևով։

«Արցախահայությունը վերջին ամիսներին գտնվելով տոտալ շրջափակման մեջ, ցույց տվեց, որ պատրաստ է իր կոմֆորտ վիճակը զոհաբերել հանուն հայրենիքի։ Արցախցին պատրաստ է ապրել առանց գազի, լույսի, սակայն արցախցին պատրաստ չէ ապրել ոչ հայկական Արցախում և իր հայրենիքը զիջել ճնշման տակ»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս