Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են հավատարմությունն Ամլաթիի հռչակագրին և դրան համապատասխան՝ միմյանց տարածքային ամբողջականությանը․ Շառլ Միշել

Այսօր ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ։ Ըստ Միշելի՝ Փաշինյանն ու Ալիևը կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին, կիսելով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ «Ես բարձր եմ գնահատում նրանց համատասխան ջանքերը։ Միասին մենք վերանայել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը»,- նշեց Միշելը։ ԵԽ նախագահի խոսքով, խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս կայացած դրական բանակցություններից հետո պետք է պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու թափը։ «Սահմանային հարցերում մենք վերանայել ենք առաջընթացը և սահմանի սահմանազատման հետ կապված հաջորդ քայլերը։ Այս համատեքստում ղեկավարները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման շուրջ։

Ղեկավարները վերահատատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի՝ 86,600 քառակուսի կիլոմետր համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Ի դեպ, ուշագրավ է, որ հայտարարության տեսանյութում Միշելը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ նշում է 89,600 քառակուսի կիլոմետր թիվը, իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ 86,600, ինչն առանցքային հանգամանք է նման կարևորագույն բանակցությունների արդյունքները ներկայացնելիս։

Նա նաև նշել է, որ կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում, այս թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումներն արդեն միմյանց մոտ են, մասնավորապես Նախիջևանի հետ և այդ հատվածով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ «Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է վերջնական տեսքի բերել համաձայնագիր երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների և համատեղ շինարարական աշխատանքների մասին՝ կոնկրետ գրաֆիկով։ Նրանք նաև պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից այս աշխատանքի համար»,- ասաց Միշելը: Անդրադառնալով հումանիտար հարցերին՝ Միշելը նաև նշեց, որ եղել է փոխըմբռնում՝ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։ «Ես նաև ընդգծել եմ փոխհասկացվածության պահպանման անհրաժեշտությունն առ այն, որ զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել և հակառակ կողմ են անցել, արագացված կարգով կշարունակեն ազատ արձակվել։ Մենք նաև քննարկել ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու և ականազերծման աշխատանքներն ակտիվացնելու կարևորությունը»,- ասաց Միշելը։

Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտարարեց, որ շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի վերաբերյալ։ «Ես Ադրբեջանին կոչ եմ արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել դրական օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց ԵԽ նախագահը։

Շառլ Միշելը հավելեց, որ կարևոր է թշնամական հռետորաբանությունից զերծ մնալը, բարեխիղճ գործելը, ինչպես նաև առաջնորդություն դրսևորելը փոխընդունելի լուծումների հասնելու համար։ «Մենք թաքնված պլաններ չունենք։ Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ նրանց համատեղ ջանքերում։ Մենք պայմանավորվել ենք Բրյուսելում հանդիպումներ անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։

Ղեկավարները կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին։ Ինչպես արդեն հրապարակային հայտարարվել է, ամենամոտ ժամկետներում մենք կրկին կհանդիպենք նախագահ Էմանուել Մակրոնի և կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության երկրորդ գագաթնաժողովի հարթակում։ Ես մտադիր եմ նաև ղեկավարներին հրավիրել մասնակցել նմանատիպ ևս մեկ հանդիպման Եվրոպական քաղաքական հանրության երրորդ գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին Գրանադայում»,- եզրափակեց Միշելը։

Տեսանյութեր

Լրահոս