Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները համահիմնադիր ռուսական կողմը ոչ լեգիտիմ է ճանաչել. հանձնաժողով կժամանի Հայաստան

Երեկ Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ) նոր ռեկտոր ընտրեց՝ պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին:

Համալսարանի ռեկտորի պաշտոնը, հիշեցնենք, թափուր էր նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի պաշտոնավարման ավարտից հետո:

«ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում: Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել»,- ասվում է ՀՌՀ տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք նաև, որ Հայ-ռուսական համալսարանի հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել էր ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք էին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Երեկ, սակայն, 168.am-ը տեղեկացրել էր , թե ի՞նչն էր ՀՌՀ-ում ռեկտորի ընտրություններ անցկացնելու շտապողականության պատճառը:

Գրել էինք, որ խնդիր էր դրված Էդվարդ Սանդոյանին դարձնել ՀՌՀ ռեկտոր, քանի որ վերջինս հայտնի է ոչ միայն Արմեն Դարբինյանի հետ մտերմագույն գործընկերային և ընկերական հարաբերություններով, այլև Փաշինյանի կառավարության և, առհասարակ, գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը գովերգող իր հայտարարություններով ու որոշ ՔՊ-ականների հետ մտերիմ հարաբերություններով:

Բացի այդ, Արմեն Դարբինյանը խնդիր էր դրել իր փոխարեն անցկացնել իր ցանկալի մարդուն, որպեսզի հետագայում խուսափի համալսարանում իր կառավարման տարիների ֆինանսական և այլ տեսակի ստուգումներից, անցանկալի բացահայտումներից:

Եվ թեպետ ՀՌՀ-ն իր տարածած հաղորդագրության մեջ չէր նշել՝ որն էր մյուս թեկնածուի՝ գործող պրոռեկտոր Պարգև Ավետիսյանի ինքնաբացարկի պատճառը, սակայն մենք նշել էինք, որ վերջինս հրաժարվել է մասնակցել ընտրություններին՝ քանի դեռ ռուսական կողմի հետ հստակեցված չէ բուհի նոր կանոնադրությունը ու ռեկտորի նշանակման/ընտրության կարգը:

Խնդիրն այն է, որ համալսարանի համահիմնադիրը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, դեմ է արտահայտվել ընտրությունների անցկացմանը՝ պատճառաբանելով դա նախևառաջ համալսարանում կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Այդ մասին վերջերս ուղիղ տեքստով արտահայտվել էր նաև ՌԴ կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին:

Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի` ռուսական կողմն առաջարկում էր նշանակել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչ բուհի կառավարման կարգը սահմանելը:

Եվ ահա ռուսական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ չի ճանաչում ռեկտորի ընտրությունների արդյունքները, և թեպետ 168.am-ի տեղեկություններով՝ կասկածելի պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ ձայների 216 կողմ և 147 դեմ հարաբերակցությամբ ռեկտոր ընտրվեց Էդվարդ Սանդոյանը, Մոսկվան կտրուկ հայտարարել է, որ դրանք ոչ լեգիտիմ ընտրություններ էին, և արդեն իսկ երկուշաբթի օրը ՌԴ ԿԳ փոխնախարարի գլխավորությամբ հանձնաժողով կուղարկվի Հայաստան:

Ռուսական կողմն, ըստ ամենայնի, չի ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ փաստացի մեկ թեկնածու է մասնակցել ռեկտորի ընտրություններին, իսկ մյուս թեկնածուն՝ Պարգև Ավետիսյանը, արդեն իսկ անօրինական է ճանաչել այս ընտրություններին մասնակցությունը, որովհետև ընտրությունները համահիմնադիրների կողմից համաձայնեցված չէին:

Կառավարությանը մոտ կանգնած մեր նույն աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչներ և արդեն նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանը տևական ժամանակ է՝ համառ ջանքեր են գործադրում իրենց վերջնական նպատակին հասնելու համար, այն է՝ համալսարանի համահիմնադիր ռուսական կողմին հանել ՀՌՀ-ից:

Տեսանյութեր

Լրահոս