Դարբինյան և Սանդոյան-ՀՀ կառավարություն խաղը` միջկառավարական կոնֆլիկտի պատճառ

Վաղը Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում անցկացվելու են ռեկտորի ընտրություններ: Ընտրությունների անցկացման մասին որոշումը կայացվել է երեկ ուշ երեկոյան՝ համալսարանի հերթական գիտխորհրդի նիստի ժամանակ: Ի՞նչն է նման շտապողականության պատճառը:

Օրեր առաջ, երկարատև գործընթացներից հետո, ի վերջո, Սլավոնական համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարեց, որ այլևս չի առաջադրվի ռեկտորի պաշտոնում: Երեկ գիտխորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել ռեկտորի պաշտոնում առաջադրել համալսարանի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանին: Վերջինս հայտնի է ոչ միայն Արմեն Դարբինյանի հետ մտերմագույն գործընկերային և ընկերական հարաբերություններով, այլև Փաշինյանի կառավարության և, առհասարակ, գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը գովերգող իր հայտարարություններով ու որոշ ՔՊ-ականների հետ մտերիմ հարաբերություններով:

Համալսարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ թեկնածուների ցանկում է նաև գործող պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, սակայն մեզ հայտնի դարձավ որ վերջինս հրաժարվել է մասնակցել ընտրություններին՝ քանի դեռ ռուսական կողմի հետ հստակեցված չէ բուհի նոր կանոնադրությունը ու ռեկտորի նշանակման/ընտրության կարգը:

Խնդիրն այն է, որ համալսարանի համահիմնադիրը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը դեմ է արտահայտվել ընտրությունների անցկացմանը՝ պատճառաբանելով դա նախևառաջ համալսարանում կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Այդ մասին վերջերս ուղիղ տեքստով արտահայտվել էր նաև ՌԴ կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին:

Կարդացեք նաև

Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի` ռուսական կողմը առաջարկում էր նշանակել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչ բուհի կառավարման կարգը սահմանելը:

Բացի այդ, հայկական կողմը, պարզվում է, հրաժարվել է հաստատել նաև Ռուսաստանի կողմից առաջարկված նոր միջկառավարական պայմանագիրը, որով սահմանվելու էր բուհի կառավարման մոդելը, ֆինանսավորման կարգը, ինչը, իր հերթին, հանգեցնելու էր համալսարանի կարգավիճակի բարձրացմանը:

Ստացվում է, որ, մերժելով համալսարանի համահիմնադիր ռուսական կողմի առաջարկությունները, ՀՀ կառավարությունը էլ ավելի է խորացնում 2019 թվականից ի վեր Սլավոնական համալսարանում առկա ճգնաժամը: Ի դեպ, Արմեն Դարբինյանը ևս հակված է արագացնել գործընթացը, անտեսել ռուսական կողմի ներկայացրած առաջարկները` ռեկտորի պաշտոնում անցկացնելով Էդվարդ Սանդոյանին` իր ընկերոջը, որը կարող է նաև հետագայում կոծկել համալսարանում առկա ճգնաժամի պատճառները, հետևանքներն ու այլ խնդիրները:

Այսպիսով, Սլավոնական համալսարանի խնդիրը մտնում է միջկառավարական կոնֆլիկտի դաշտ, որն էլ, իր հերթին, էլ ավելի է խորացնելու հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը:

Տեսանյութեր

Լրահոս