«Ո՞ւր եք տանում երկիրը, որտե՞ղ է 150 միլիոնը, խաղաղության ի՞նչ պայմանագիր եք ստորագրում». գերմանահայության սուր հարցերը Զարեհ Սինանյանին՝ մնացին անպատասխան
Մայիսի 9-ին Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ հարթ չի անցել։ Հանդիպման վերաբերյալ տեսանյութ տարածվեց, որտեղ համայնքի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանից պահանջում էին վերադարձնել հավաքված այն 150 միլիոնը, որ պատերազմի օրերին համայնքը փոխանցել էր Հայաստանին, բայց հայտնի չէ, թե ինչ նպատակի է ծառայել կամ չի ծառայել։ Համայնքի ներկայացուցիչներն ասում էին, որ Նիկոլ Փաշինյանին չեն ֆինանսավորում, ուստի պահանջում են բացատրել՝ ի՞նչ եղավ հավաքված գումարը։ Տեսանյութից պարզ է դառնում, որ Սինանյանի և ներկաների միջև վեճ է տեղի ունեցել, ինչից հետո ոմանք լքել են դահլիճը։
Զարեհ Սինյանի հետ հանդիպմանը ներկա էր նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։
168.am-ը կապ հաստատեց Ս. Լուլուկյանի հետ՝ հանդիպման մասին լրացուցիչ մանրամասներ պարզելու նպատակով, ի վերջո, ստացա՞ն իրենց հարցի պատասխանը Զարեհ Սինանյանից, թե որտե՞ղ է 150 միլիոնը։
Ըստ մեր զրուցակցի, տարածված տեսանյութում արձանագրված իրադարձությունները տեղի են ունեցել հանդիպման սկզբում, հենց այն ժամանակ, երբ Սինանյանը փորձել է սկսել ելույթը, իսկ համայնքի տարբեր անդամներ, որոնց մեր զրուցակիցն անձամբ չի ճանաչում, շատ վրդովված ասել են, թե իրենց հետաքրքրիր չէ Սինանյանի զեկույցը, իրենց հետաքրքրում է միայն Հայաստանի վիճակը։
«Ասացին, որ հայրենիքի տարածքները կտոր-կտոր բաժանվում և հանձնվում են թշնամուն, կարևոր խնդիրը սա է, այս ամենը նրանք բարձրացրեցին վրդովված ու ասացին, որ այս հարցերի պատասխաններն են ուզում ստանալ, ինչից հետո տեղի ունեցավ Սինանյանի և ներկաներից որոշների միջև բանավեճ։ Դժգոհություններ հնչեցին Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության վերաբերյալ։
Այսինքն՝ եղան սուր հարցադրումներ, արտահայտություններ, որոնք միշտ հնչում են այս իշխանության նկատմամբ։ Այո, գուցե այդ պոռթկումներն ընդունելի ձև չէին, բայց ես որևէ մեկին չեմ կարող դատապարտել, դա յուրաքանչյուրի իրավունքն է, և հասկանալի է, որ մարդիկ վրդովված են երկրի այս ծանր վիճակով պայմանավորված, ուստի իրենց ձայնն են բարձրացնում։ Աղմուկ բարձրացավ, հետո ես տեսա, որ իրավիճակը շատ է սրվում, անձամբ փորձեցի մեղմել իրավիճակը, լավ հասկանալով, որ եթե այդպես շարունակվի, ապա ոստիկանները կգան։ Բայց վիճակը շատ սրվեց, հետո ոստիկանները եկան, այդ մարդկանց դուրս հանեցին, դրանից հետո հանդիպումը շարունակվեց։
Ոստիկաններին ներս հրավիրեցին հանդիպման կազմակերպիչները, ես արդեն հասկանում էի, որ իրավիճակը դրան է տանելու, դրա համար ուզում էի հանդարտեցնել, քանի որ ցավալի երևույթ է, երբ գերամանացի ոստիկանը գալիս է ու բաժանում երկու հայի։ Մենք ունեցել են դեպքեր, երբ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառման ժամանակ ոստիկանները կանգնել են, որպեսզի թուրքերից պաշտպանեն մեզ, բայց այստեղ ոստիկանը կանգնած է երկու հայերի մեջտեղում, սա շատ ցավալի երևույթ է»,- նշեց Սամվել Լուլուկյանը։
Հայ համայնքի որոշ ներկայացուցիչների դուրս գալուց հետո է միայն Զարեհ Սինանյանը կարողացել ներկայացնել իր զեկույցը՝ սփյուռքի գործունեության ու ծրագրերի վերաբերյալ, հետո պատասխանել է ներկաների հարցերին։
«Զեկույցից հետո ես հարց ուղղեցի Սինանյանին՝ նախ ասելով, որ տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք եռամիասնություն՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, և այսօր ունենք Արցախի ծանրագույն վիճակը՝ շրջափակումը, ադրբեջանական անցակետի տեղադրումը, իսկ դրան զուգահեռ՝ հրաժարվում են Արցախի ինքնորոշման իրավունքից։ Նաև հավելեցի, որ այս ամենը մինչև պատերազմը տարվող քաղաքականության, պատերազմում պարտության և դրանից հետո արդեն տարվող քաղաքականության արդյունքն է և դրա համար թիվ մեկ մեղավորն իրենք են։ Եվ նշեցի, որ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև իրենց կառավարության ղեկավարի կարծիքն է։ Սինանյանն ինձ պատասխանեց, թե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես էլ հակադարձեցի, որ նման հայտարարություն բազմիցս արել է Նիկոլ Փաշինյանը։ Սինանյանին նաև ասացի, որ հիմա Հայաստան-Սփյուռք հարաբերությունները չեն ընթանում այն ձևով, ինչպես մենք ենք պատկերացրել, այս ամենի արդյունքը նաև 2019 թվականի որոշումն է, որով լուծարվեց Սփյուռքի նախարարությունը։ Հիշեցրեցի Փաշինյանի առաջին այցը Գերմանիա, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անձամբ եմ իմ մտահոգությունների մասին բարձրաձայնել նախարարությունը լուծարելու վերաբերյալ։ Նախկինում սփյուռքի նախարարությունը լա՞վ է աշխատել, թե՞ վատ, սա այլ հարց է, պետք է այդ նախարարությունն ավելի ուժեղացնեին, որովհետև սփյուռքը բազմաշերտ է, և պետք է սփյուռքին յուրովի մոտենային, ուստի նախարարությունը պետք է պահեին ու հզորացնեին, այլ ոչ թե իջեցնեին հանձնակատարի մակարդակի։
Սփյուռքը շատ երևույթների խորհրդանիշների ձևով է նայում, այսինքն՝ երբ նախարարությունը Հայաստանում լուծարում ու դարձնում են հանձնակատարի մակարդակով, սփյուռքը տեսնում է, որ իրեն լուրջ չեն ընդունում, սփյուռքը զգայուն է, պետք է շատ հարցերում զգուշավոր լինել»,- շեշտեց Սամվել Լուլուկյանը։
Նրա խոսքով՝ դեռևս այդ ժամանակ Սփյուռքի նախարարությունը փակելու հարցը Փաշինյանը փորձարկման ձևով էր ներկայացրել, թե իբր փորձում են, եթե չստացվի, կվերադառնան նախարարության կամ այլ ձևաչափ կստեղծեն։
«Այս համատեքստում նաև ես Սինանյանին պաշտպանեցի՝ ասելով, որ նա չունի այն ռեսուրսը, որպեսզի լայն ձևով համագործակցի սփյուռքի հետ, որովհետև նախարարություն չէ, ուստի հարցրեցի, թե կա՞ն ծրագրեր, որպեսզի վերականգնեն Սփյուռքի նախարարությունը։ Պատասխանելով այս հարցին, Սինանյանն ասաց, որ որպես հանձնակատար՝ կոռեկտ չի համարում խոսելու, բայց որպես համայնք՝ պետք է մենք ՀՀ կառավարության, Փաշինյանի վրա ճնշում գործադրենք՝ հայտարարելով մեր կարծիքը։ Ես նաև սա ասացի, որ նախկինում Հայաստանում ծրագրեր էին մշակում և սփյուռքին տեսնում էին՝ որպես ֆինանսավորող դոնոր, ինչը սխալ է, պետք է սփյուռքի կառույցներին ընդունեն՝ որպես գործընկերներ, այդ հարաբերությունները պետք է լինեն և լինեն փոխշահավետ։
Նաև ընդգծեցի, որ այս պահին ինքն է սփյուռքի հանձնակատարը և ինչպե՞ս է պատկերացնում սփյուռքում վստահություն ձեռք բերել, եթե վերջին շրջանում սփյուռքի կարևորագույն դեմքերին, որոնք կարևոր գործունեություն են ծավալում, արգելում են Հայաստան մուտքը։ Ես այս մարդկանց շարքում հիշատակեցի Մուրադ Փափազյանի անունը, ասելով, որ անտրամաբանական է նրա մուտքի արգելքը հայրենիք, ով տարիներ շարունակ պայքարել է Հայ Դատի համար, աբսուրդ է, նա անցանկալի անձ է և՛ Ադրբեջանում, և՛ արդեն Հայաստանում։
Թեմայի առնչությամբ Սինանյանն ասաց, որ չի ցանկանում Մուրադ Փափազյան անձի մասին խոսել, ասելով, որ անձամբ դեմ էր նման որոշմանը, պատճառի մասին էլ հետո է իմացել։ Ասաց, որ մամուլով և Կառավարության նիստի ժամանակ հարցը բարձրացրել է։ Ասացի՝ շատ լավ, բայց արդյունքը չկա, որովհետև ցանկանում է սփյուռքի հետ համագործակցել, բայց կարևորագույն դեմքերի հետ նման բան են անում»,- զրույցի որոշ մանրամասներ փոխանցեց Սամվել Լուլուկյանը։
Նա նաև ընդգծեց, որ շատ հարցեր են եղել, որոնք պետք է ուղղեին Զարեհ Սինանյանին, սակայն ժամանակի սղության պատճառով չեն հասցրել։
Ինչ վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարին, համայնքի ներկայացուցիչները լուրջ հարց են ուղղել Սինանյանին՝ բարձրաձայնելով, որ Արցախի համար գումար է փոխանցվել՝ հավաքվել է 150 միլիոն, որից 120 միլիոնը փոխանցվել է Կառավարության բյուջե, որի իրավունքը չունեին, ըստ հիմնադրամի կանոնադրության։
«Մենք չունենք տեղեկատվություն, թե այդ գումարը որտե՞ղ է ծախսվում ու ի՞նչ նպատակով։ Սինանյանի պատասխանը եղավ այն, որ հիմնադրամի գումարը, որը կուտակվել էր՝ հիմնադրամն իրավունք չուներ զենքի ու զինամթերքի վրա ծախսելու, այդ պատճառով էլ փոխանցել են Կառավարության բյուջե։
Սա բավարար պատասխան չենք համարում, քանի որ մեզ համար այս պահին կարևոր է թափանցիկությունը։ Այսինքն, եթե ինչ-որ գումար սփյուռքում կուտակում են Հայաստանի ու Արցախի համար և փոխանցում, բայց չկա դրա թափանցիկությունը, թե ի՞նչ արեցին, որտե՞ղ ծախսեցին, ապա սա դառնում է մեզ համար կարևոր ու հուզող հարց։ Այս հարցը համայնքում քննարկում ենք, ու կան մեծ դժգոհություններ, շատերն ասում են՝ մենք մեր գումարները հետ կպահանջենք, որովհետև չեն ուղարկել ՀՀ կառավարությանը, այլ ուղարկվել է Արցախի համար»,- հավելեց նա։
Հայ համայնքի ներկայացուցիչները սփյուռքի հանձնակատարին ուղղել են նաև «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հարցեր, ընդգծելով, որ այս հարցում ևս չկա թափանցիկություն, քանի որ չգիտեն՝ Հայաստանի ղեկավարն ինչ պայմանագիր է պատրաստվում ստորագրել, հարցերը խաղաղության դարաշրջանի մասին են եղել նաև, որը համայնքի ներկայացուցիչների կարծիքով՝ փաստորեն ձախողվել է։
«Համայնքի ներսում այս հարցի վերաբերյալ շատ մեծ դժգոհություններ կան, նաև մտահոգություններ, թե այդպիսով ո՞ւր են տանում երկիրը։ Սրա հետ կապված լայն սպեկտրով հարցեր բարձրացվեցին՝ մեծ քննադատական կոնտեքստով»,- եզրափակեց Սամվել Լուլուկյանը։