Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանը խոսել է նաև պատերազմը կանգնեցնելու իր առաջարկների մասին. ո՞վ է իրականում մերժել Պուտինի առաջարկը, ի՞նչ հարցերի պիտի պատասխանի Փաշինյանը
2020 թվականի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԽ նիստերին և այդտեղ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկներին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:
Բայց քանի որ օրերս «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ընթացքում 44-օրյա պատերազմի օրերին ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարած Միքայել Համբարձումյանը դարձյալ խոսել է այդ թեմայի մասին, նաև հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, հարկ ենք համարում մի քանի հիշեցում անել՝ ուշադրություն հրավիրելով մի քանի փաստերի վրա:
Համբարձումյանը նշել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստում այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է պատերազմում տիրող իրավիճակը:
«Մարդ, ով ի պաշտոնե պատասխանատու է եղել պատերազմի ողջ ընթացքի համար, ներկայացրել է ԱԽ անդամներին, որ պատերազմում մենք պարտվում ենք, չկա շանս, որ հաղթելու ենք: Դա, իրոք, այդպես է եղել: Ընդ որում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Օնիկ Գասպարյանի զեկույցը լսեց, ուղիղ հարցադրում արեց ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանին, Դավիթ Տոնոյանը ևս հաստատեց այդ փաստը: Այնքան ուղիղ և անմիջական զեկույց էր, որ անգամ անհրաժեշտություն չեղավ իմ կարծիքը հարցնել, կամ իմ ունեցած տեղեկությունները ես զեկուցեի: Եվ դրանից հետո արձանագրվեց, որ պետք է միջոցներ գտնել և վարչապետի միջոցով կանգնեցնել պատերազմը: Այդ ժամանակ Շուշին և Հադրութը դեռևս մեր տրամադրության տակ էին գտնվում»,- մանրամասնել է ԱԱԾ նախկին պաշտոնյան և հիշեցրել, որ արդեն պատերազմից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի ելույթը, որտեղ նա ասել էր՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն է եղել, որի մասին տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանը, ով, Պուտինի համար անհասկանալի պատճառով, մերժել է պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը:
Միքայել Համբարձումյանի խոսքով, եթե Պուտինի առաջարկը եղել է ԱԽ նիստից հետո, որտեղ Օնիկ Գասպարյանն ասել էր, որ պատերազմը շարունակելու հնարավորություն չկա, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մերժել Պուտինի առաջարկը: Իսկ եթե Պուտին-Փաշինյան զրույցը եղել է ԱԽ նիստից առաջ, ապա ինչո՞ւ ԱԽ անդամներն ու նիստի մասնակիցները չեն իմացել ՌԴ ղեկավարի առաջարկի և պատերազմը կանգնեցնելու առաջարկի մասին: Այս հարցերին Նիկոլ Փաշինյանը դեռևս պետք է պատասխանի:
Հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստին պատերազմի օրերին ԱԱԾ տնօրենի պարտականությունը կատարած Միքայել Համբարձումյանն անդրադարձել է նաև ավելի վաղ տված հարցազրույցներում՝ 2021 թվականի հունվարի 11-ին՝ 5-րդ ալիքին, և 2021 թվականի հունիսի 2-ին՝ «Արմնյուզին»:
Այն, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանն ԱԽ նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը, ավելի ուշ «Սիվիլնեթին» տված հարցազրույցում հաստատել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Որտեղ նշվել է՝ 2-3 օր ունենք, նույնիսկ այդ խոսքերը, որ 2-3 օր ունենք, մենք այլևս չենք կարող, միայն 2-3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է: Դա եղել է հոկտեմբերի 19-ին, 4-րդ օրն ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու որևէ առաջարկ չի հնչել: Ավելին ասեմ՝ նույնիսկ էնպիսի միտք չի հնչել ամբողջ ԱԽ նիստի ընթացքում, որը կարող է երկիմաստություն ունենալ»,- նշել էր նա՝ շարունակելով, թե հոկտեմբերի 19-ին ամեն գնով պատերազմը դադարեցնելու առաջարկին ԱԽ բոլոր անդամները համաձայնություն են տվել:
Այսինքն, ԳՇ պետի հիմնավոր զեկույցից և ՌԴ նախագահի առաջարկից հետո Նիկոլ Փաշինյանն արկածախնդիր և, ըստ էության, միանձնյա որոշում է կայացրել՝ մերժել Պուտինի առաջարկը:
Ի՞նչ էր ասել Պուտինը. 2020 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա 24-»-ի ուղիղ եթերում նա, մասնավորապես, հայտնել էր.
«Հոկտեմբերի 19-20-ին ես մի շարք հեռախոսային բանակցություններ ունեցա՝ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ՝ վարչապետ Փաշինյանի հետ. այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղի հարավային հատվածի մի մասը: Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի: Բայց, ինձ համար անսպասելիորեն, մեր հայ գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ նրանց համար դա անընդունելի էր:
Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում տեսնում է սպառնալիք Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար: Հիմա ինձ այնքան էլ հասկանալի չէ՝ ո՞րն էր այդ սպառնալիքը: Նկատի ունեմ, որ ենթադրվում էր խաղաղ քաղաքացիների վերադարձ՝ պահպանելով հայկական կողմի վերահսկողությունը Ղարաբաղի այդ տարածքի, այդ թվում՝ Շուշիի նկատմամբ, և նկատի ունեմ մեր խաղաղապահների առկայությունը, որի մասին արդեն պայմանավորվել էինք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Եվ վարչապետն այդ ժամանակ ասաց՝ ո՛չ, մենք չենք կարող դրան գնալ, մենք կկռվենք»:
2020 թվականի նոյեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Պուտինի հարցազրույցին և այս գաղտնազերծմանը՝ հաստատելով ՌԴ ղեկավարի ասածը:
«Ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչո՞ւ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը: Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհն իրենց հսկողության տակ պիտի լինի»:
Հետաքրքիր է, որ Հադրութի և Շուշիի ճակատագրով մտահոգ Նիկոլ Փաշինյանը հետո, որպես գերագույն հրամանատար, բավարար ջանք չգործադրեց՝ պահելու Հադրութն ու Շուշին:
Եվ որքան էլ այսօր Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, բայց չենք կարող չընդունել, որ Շուշիի կորուստն առաջին հերթին քաղաքական, ռազմաքաղաքական և դիվանագիտական որոշում էր, ուստի բավարար օգնություն չի ցուցաբերվել ՀՀ-ից, ինչի մասին խոսել է թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ Շուշիում եղած Սեյրան Օհանյանը, որ սպառազինության խնդիր կար, և եկել էր Երևան, որ այդ հարցը լուծի:
Ի դեպ, 2021 թվականի հունիսին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը պատասխանելով Նիկոլ Փաշինյանի «նախընտրական մեղադրանքներին»՝ ասել էր.
«Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին՝ նախքան պատերազմը, պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում (այդ թվում՝ Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը)»:
Ի դեպ, պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը, ով սկսեց տարածել թեզը, թե պատերազմը Շուշիի համար էր, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանն առաջարկում էր կանգնեցնել պատերազմը, երբ Պուտինն առաջարկում էր դադարեցնել պատերազմական գործողությունները՝ համաձայնելով Շուշի քաղաք ադրբեջանցիների փախստականների վերադարձին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ մասնավորապես նշելով.
«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։
2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։
3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։
4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. Տեսականորեն, այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով։
5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։
6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»:
Այսինքն, խնդիրը ոչ թե զուտ Շուշին էր, այլ Արցախի կարգավիճակը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը, չհամաձայնելով պատերազմի կանգնեցմանը հոկտեմբերի 19-ին, դիտավորյալ վտանգի տակ դրեց Արցախի կարգավիճակի հարցը: Գուցե:
Ի դեպ, ԱԽ քարտուղարը վերը նշված հարցազրույցում ասել էր նաև, որ՝ «եթե ինչ-որ բանի համաձայնել ենք, հավելյալ պահանջներ են եղել: Այսինքն, ցանկացած բանի համաձայնելու դեպքում Ադրբեջանը միշտ հավելյալ պահանջներ է ներկայացրել»:
Ուշագրավ է նաև, որ ՌԴ ղեկավարն իր հայտնի հարցազրույցը տվել է 2020-ի նոյեմբերի 17-ին, որտեղ, ինչպես նշեցինք, պնդել էր, որ պատերազմը կանգնեցնելու առաջարկը մերժել է հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանը:
Նույն օրը ուղերձ էր հղել այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, որտեղ, մասնավորապես, նշել էր.
«Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ»:
Ինչո՞ւ է Օնիկ Գասպարյանը նման պնդում անում, գուցե իր ԱԽ նիստում զեկույցից հետո Նիկոլ Փաշինյա՞նն է նման տեղեկություն տվել ԳՇ պետին: Բայց արի ու տես, որ դրանից օրեր անց նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն է մերժել առաջարկը Պուտինի: Եվ սա առաջին դեպքը չէ:
Նոյեմբերի 17-ի իր ուղերձում, երբ Օնիկ Գասպարյանը խոսել էր պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու մասին, Նիկոլ Փաշինյանը սկզբում չէր հերքել։
«Ազատություն» ռադիոկայան.– Գլխավոր շտաբի պետն ասում է՝ 4-րդ օրն ասում է՝ պետք է կանգնեցնենք, Դուք ասում եք՝ մենք կռվել ենք մինչև վերջին հնարավոր կետը, այսինքն՝ 44 օր:
Նիկոլ Փաշինյան.- Տեսեք, կանգնեցնելու հնարավորությունները, կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ:
Դուք մոռանում եք, որ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություն: Եղել է հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը հրադադարի մասին: Դրանից հետո եղել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը հրադադարի մասին: Դրանից հետո եղել է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը հրադադարի մասին: Այդ ընթացքում դիվանագիտական միջոցներ են ձեռնարկվել:
Այդ ընթացքում ես խոսել եմ ցավոտ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին: Անվտանգության խորհրդի նիստ եմ հրավիրել և ասել եմ, որ պատրաստվում եմ այսպիսի առաջարկներ անել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Հրավիրել եմ քաղաքական արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Այսինքն՝ այդ բոլոր առաջարկներն արվել են, այդ բոլոր միջոցները ձեռնարկվել են, և այս քննարկումների համատեքստում նորից պարզվել է նույնը՝ որ այն, ինչ ընդունելի է դառնում Հայաստանի համար, այսինքն՝ Հայաստանը պատրաստ է ընդունել, Ադրբեջանը չի ընդունում, չի ընդունել:
Եվ տեսեք՝ այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո համարվում է դավաճանություն, այստեղ էլ հակասություն կա այդ մեղադրանքի մեջ: Որովհետև մի դեպքում ասվում է՝ Աղդամը, Քելբաջարը, Լաչինը հանձնելու թուղթ ստորագրելը դավաճանություն է, մյուս կողմից ասվում է՝ ինչո՞ւ ավելի շուտ դա չէր արվում: Եվ ընդհանրապես այդ մեղադրանքների ներքին հակասությունները շատ կարևոր է պարզաբանել: Այսինքն՝ պատերազմը կանգնեցնելու համար Լաչինը, Քելբաջարը, Աղդամը հանձնելը սխալ էր, բայց Ֆիզուլին, Ջաբրաիլը, Զանգելանը, Կուբաթլին հանձնելը ճիշտ կլիներ: Այդ բոլոր փորձերն արվել են: Այդ բոլոր փորձերն արվել են:
«Ազատություն» ռադիոկայան.- Բայց Դուք նաև պարզաբանել էիք, որ փորձերի մեծ մասը տապալվել են ի սկզբանե, քանի որ Շուշին էին պահանջում: Եվ ի սկզբանե խոսքը գնում էր այնտեղ բնակչության տեղափոխման մասին, ոչ թե քաղաքը ռազմական առումով հանձնելու: Եթե Դուք պատերազմի 4-րդ օրը գիտեիք, որ մենք պարտվում ենք, և Գլխավոր շտաբի պետը զեկուցում էր, տրամաբանակա՞ն չէր՝ գնալ այդ որոշմանը և, այո՛, թեկուզ բնակչությանը, համաձայնության գալ:
Նիկոլ Փաշինյան.– Դրանից հետո մենք որոշակի միջոցներ ենք ձեռնարկել: Միջոցներ ենք ձեռնարկել մեր սպառազինությունը համալրելու ուղղությամբ, զենք ձեռք բերելու ուղղությամբ, զենք ներկրելու ուղղությամբ: Մենք միջոցներ ենք ձեռնարկել կոնկրետ, որպեսզի սպառազինության, տեխնիկայի կորուստները համալրվեն: Եվ սպառազինության և տեխնիկայի կորուստները համալրվել են որոշակիորեն: Այսինքն՝ եղել է տրամաբանությունը հետևյալ կերպ. ինչ-որ մի տեղ կանգնեցնել պատերազմը, որը հնարավորություն կտա մեզ հնարավորինս բարենպաստ վիճակում լինել: Ես էլի եմ ասում՝ պատերազմը կանգնեցնելու ձևը և՛ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ, և՛ հետո, ըստ էության, հանձնվելն էր: Ես դրան չեմ համաձայնվել:
«Ազատություն» ռադիոկայան.- Բայց չէ՞ որ Դուք գիտեիք, որ մենք պարտվելու ենք այդ պատերազմը: Ձեզ զեկուցել էին այդ մասին:
Նիկոլ Փաշինյան.- Ես չգիտեի: Ոչ: Խոսքը դրա մասին չէ: Այդ զեկույցներից հետո արվել են կոնկրետ գործողություններ՝ սպառազինության, տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: Այդ զեկույցներից հետո արվել են կոնկրետ գործողություններ:
«Ազատություն» ռադիոկայան.- Դուք կարծում էիք՝ դա բավարա՞ր կլիներ իրավիճակ փոխելու համար:
Նիկոլ Փաշինյան.- Մենք ամեն ինչ արել ենք՝ իրավիճակը փոխելու համար: Մենք ամեն ինչ արել ենք՝ իրավիճակը փոխելու համար:
Բայց, երբ ամիսներ հետո ԱԽ քարտուղար-Օնիկ Գասպարյան հեռակա բանավեճ սկսվեց, Նիկոլ Փաշինյանը ևս սկսեց գեներալին մեղադրել ստախոսության մեջ, թե պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի եղել, ինչի իրական լինելը հաստատել էր անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Անվտանգության խորհուրդը 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ էր հրապարակել․ «- Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … », հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք…», եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. – «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Սրանով ԱԽ-ն փորձել էր ցույց տալ, որ իբր հաջողություններ գրանցած զինված ուժերի ղեկավարը չէր կարող առաջարկել պատերազմը կանգնեցնել:
Իհարկե, Օնիկ Գասպարյանը նման առաջարկ արել էր ոչ միայն ռազմական կարողություններն ու ռեսուրսները հաշվի առնելով, այլև քաղաքական, ռազմաքաղաքական, դիվանագիտական: Իսկ այն, որ իրավիճակն արդեն այդ ժամանակ բարդ էր, ավելի ուշ հաստատել էր նաև ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանը՝ հաշվի առնելով Օնիկ Գասպարյանի լրջությունը և այլ հանգամանքներ, քանի որ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին ինքը չի մասնակցել:
«Քյարամյանն այդ օրն է մեկնել Արցախ՝ Ստեփանակերտ: Այսինքն, խնդիրներ են բարձրացվել, խնդիրներ են եղել, որ Քյարամյանն էլ մեկնել է այնտեղ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, շտկելու՝ թեկուզ մեր մասով»,- շեշտել է նա՝ հավելելով, որ սեպտեմբերի 30-ից հետո իրավիճակը գնալով վատացել է, և դրա մասին զեկուցվել է երկրի ղեկավարին, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրավիճակը և տրամադրվածությունը մեր նկատմամբ:
«Եվ ղեկավարը պետք է լսեր ինձ, առաջին հերթին՝ ՊՆ-ին, ԳՇ պետին: Չէ՞ որ նրանք են այս գործի մասնագետները»,- 2021 թվականի հունիսի 2-ին «Արմնյուզին» ասել էր Համբարձումյանը:
Հավելենք, որ 2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում այդ ժամանակ դեռ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը նշել էր. «Ես որոշել և Արցախ եմ մեկնել պատերազմի 3-րդ օրը, շուրջ 8-9 օր եղել եմ Արցախում՝ որպես ԱԱԾ տնօրեն: Բավականին բարդ էր ԱԱԾ տնօրենի մնացած լիազորությունները Արցախից կատարելը, այնուամենայնիվ, ես նպատակահարմար գտա մնալ Արցախում»:
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ պատերազմը 4-րդ, 5-րդ օրը կանգնեցնելու մասին առաջին հրապարակային ակնարկը Փաշինյանն է արել: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում նա ասել էր հետևյալը.
«Հաջորդ հարցադրումը հետևյալն է, եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ օրը, 5-րդ օրը, 6-րդ օրը չեն փորձել կանխել դրա հետագա զարգացումը: Նախ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և երկրորդը՝ պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, ռազմաճակատից իրավիճակը չէր փոխվում: Այսինքն, եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա ամենևին չէր փոխվում: Այսինքն, պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու և կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ ունենալու: Ինչո՞ւ չեմ եկել և դա չեմ ասել: Որովհետև ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել, և դրա համար փորձում էի անել ինձանից կախված առավելագույնը»:
Իսկ օրերս «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ընթացքում 44-օրյա պատերազմի օրերին ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարած Միքայել Համբարձումյանը նաև հայտարարել էր, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն ունեցել ենք նաև 2020 թվականի նոյեմբերի 6-7-ին: Թե ինչո՞ւ է այն արվել միայն 3 օր անց, սրա պատասխանը ևս Նիկոլ Փաշինյանը պետք է տա: Մինչ այդ մի քանի փաստ հիշեցնենք այս օրերի հետ կապված:
Առաջին, Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, նոյեմբերի 7-ին իր մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, նա և Արգիշտի Քարամյանը մեկնել են Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու:
Երկրորդ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պնդմամբ, նոյեմբերի 7-ին ամբողջությամբ կորցրել էինք վերահսկողությունը Շուշիի նկատմամբ:
Երրորդ, նոյեմբերի 6-ին Աննա Հակոբյանը իր «Էռատո» ջոկատով նոր միայն պատրաստ է լինում մարտական առաջադրանք կատարելու:
Չորրորդ, և, ըստ էության, այս օրերին արդեն նախապատրաստվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և այլն: Այս օրերին կատարված իրադարձությունները և հայտարարությունները կարելի է շարունակել: Բայց, ինչպես 2020-ի նոյեմբերի 8-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանն էր նշել՝ Շուշիի համար ճակատամարտը պետք է ավարտվեր նոյեմբերի 9-ին:
Իսկ դրանից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, Միքայել Համբարձումյանի պաշտոնազրկումից հետո ԱԱԾ տնօրեն է նշանակվում Արմեն Աբազյանը, որը պաշտոնավարում է մինչ օրս:
2021 թվականի հունվարի 11-ին 5-րդ ալիքին տված հարցազրույցում Միքայել Համբարձումյանը խոսել էր իր ազատման պատճառների մասին՝ նշելով.
«Եվ հանրությանը, և անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում չի ներկայացվել պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը։ Նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ մասին, նոյեմբերի 8-ին հրաժարական եմ ներկայացրել։ Ինձ համար զարմանալի էր՝ ինչու չենք գնում այդ քայլին, ինչու ենք ուշացնում․ չէ՞ որ դա էր պատերազմը կանգնեցնելու, մարդկային, տարածքային քիչ կորուստներ տալու միակ ռեալ հնարավորությունը։ Պատասխանը չունեի, այդ անորոշությունն էր պատճառը, որի մեջ վտանգ էի տեսնում։ Պատերազմը պետք էր շատ ավելի վաղ կանգնեցնել»:
Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը վստահեցրել է՝ կգա ժամանակը, և մեր ժողովուրդը կիմանա` ում պատճառով պարտվեցինք:
Ի դեպ, մեր տեղեկություններով, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում խոսել է պատերազմի օրերին ԱԽ նիստերում իր զեկույցների և պատերազմը կանգնեցնելու առաջարկների մասին: Արդյոք առիթի դեպքում այդ մասին համարձակություն կունենա՞ն իշխանության ներկայացուցիչները խոսելու, ժամանակը ցույց կտա: Մյուս կողմից՝ պարզից էլ պարզ է՝ գործելու են ըստ իրենց քաղաքական լիդերի՝ քաղաքական շահերի համատեքստում:
Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ չլինելով ԱԽ խորհրդի անդամ:
Նա այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր:
Նշենք, որ ըստ ԱԽ աշխատակարգի, ՀՀ վարչապետի կողմից Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված անձանց մասնակցությունն ապահովում է Անվտանգության խորհրդի գրասենյակը` համագործակցելով ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի իրավասու պաշտոնատար անձանց հետ: Այսինքն, Պապիկյանն առնվազն այս հայտնի նիստին մասնակցության շրջանակում և 44-օրյայի համատեքստում ասելիք ունի: