Աննա Հակոբյանը «մեռելային անտարբերությամբ» հայ մայրերին մեղադրում է պատերազմը չկանխելու մեջ

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հիշել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը և խոսել դրա ձախողման մասին:

Աննա Հակոբյանը հայ մայրերին մեղադրում է պատերազմը չկանխելու մեջ

Ինչպես հայտնի է՝ 2020թ․ Աննա Հակոբյանը խաղաղության իր կոչը հասցեագրել էր ոչ միայն հայ կանանց, մայրերին, այլ ադրբեջանցի։ Ավելին, նաև այլ պետություններ, միջազգային կազմակերպություններ ներկայացնող հեղինակավոր կանանց։

«Ադրբեջանցի մայրերը, ի վերջո, պետք է մի հարցի պատասխան փնտրեն` իրենց որդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության:

Ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը, և խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը:

Որովհետև` բռնությունն իր հետևից նոր բռնություններ է բերում:

Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի:

Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը և ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ բաժնում»: Ձեր աջակցությունը շատ կարևոր է: Եվ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը ստիպված կլինի հաշվի նստել ձեր պահանջի հետ»,- 2020-ի հուլիսի 25-ին ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր Աննա Հակոբյանը, որը նույնաբովանդակ միակ գրառումը չէր՝ ուղղված ադրբեջանցի կանանց և մայրերին։

Ի դեպ, օրեր անց Աննա Հակոբյանի խոսնակը վստահեցրել էր, թե «Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա Աննա Հակոբյանի խաղաղության կոչի նկատմամբ»:

Աննա Հակոբյանն էլ իր հերթին հայտարարել էր՝ «ադրբեջանական մամուլում չեմ տեսել, որ սա մեկնաբանվի՝ որպես թուլության նշան, ուղիղ հակառակը»:

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերին Աննա Հակոբյանը նաև Մեհրիբան Ալիևային Արցախում թեյ խմելու և մուղամ լսելու էր հրավիրել, որը մերժվեց այն տարբերակով, որն առաջարկվել էր:

Իսկ դրանից առաջ ռուս հայտնի կանայք այցելել էին Արցախ, որոնց թվում էին գրող, թարգմանիչ և սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, ՌԴ 3-րդ դասի խորհրդական, «Ժենսկիյ դիալոգ» կուսակցության առաջնորդ Ելենա Սեմերիկովան, «Կամավորներն ի օգնություն որբ երեխաների» հիմնադրամի նախագահ Ելենա Ալշանսկայան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերը, լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Կիրա Ալտմանը, լրագրող, կինովավերագրող Եկատերինա Գորդեևան, պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Երազանքի դահուկներ» հիմնադրամի ղեկավար Աննա Շիլովան:

Խաղաղության իր կոչը ռուս հայտնի կանանց Աննա Հակոբյանը հասցրել էր նաև Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ելույթի միջոցով։ 

Այսինքն, Աննա Հակոբյանի խաղաղության արշավը տապալվել է ադրբեջանցի մայրերի, Մեհրիբան Ալիևայի, տարբեր պետերությունների հեղինակավոր կանանց կողմից բավարար աջակցություն չստանալու պատճառով, բայց չգիտես ինչու, Աննա Հակոբյանը մեղադրում է միայն հայ կանանց՝ ուղղակի կամ անուղղակի 2020  թվականի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման և հազարավոր զինվորների արյան համար մեղադրելով հենց նրանց՝ մոռանալով ամուսնու ինքնախոստավանությունը ԱԺ-ում՝ «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:

Աննա Հակոբյանը նախ իրեն և ամուսնուն պիտի հարց տա՝ ինչո՞ւ չկանխվեց պատերազմը, որը 2019-ի դեկտեմբերի 4-ին ասուլիսի ժամանակ չէր բացառել։ 

«Քանի որ նաև վտանգը կա, որ միշտ կարող է հակառակորդ կողմերից մեկը սկսել պատերազմ և մտածել, որ լայնածավալ պատերազմական գործողությունների միջոցով կարող է ավելի արագ լուծման հասնել Ղարաբաղյան խնդրի հարցում, որոշեցի մի բան անել, որ իմ մասով հանգիստ լինեմ, որ ես որևէ բան արեցի՝ դա կանխելու համար»։

Ի դեպ, մի ուշագրավ դրվագ կա այստեղ. Աննա Հակոբյանն ի լուր աշխարհի ասում է, որ Հայաստանը, Արցախը կարող են նախարձակ լինել և պատերազմ սկսել, մի բան, որ չի եղել: Նման մեղադրանք հայկական կողմի հասցեին միայն թշնամական ճամբարից են հնչեցրել:

Վերադառնալով Աննա Հակոբյանի խաղաղության արշավին, նշենք, որ 2019-ի փետրվարի 19-ին նա դադարեցրեց այս արշավը և մտավ միլիտարիզացիոն դերի մեջ, որի հետ կապված վերապահումներ կային, այն միանշանակ չընդունվեց՝ Աննա Հակոբյանը ո՞ր մի գաղափարախոսության կողմնակիցն է՝ խաղաղարա՞ր, թե՞ միլիտարիզացված հասարակության:

Պատերազմից մոտ մեկ ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում Աննա Հակոբյանին օգտատերերից մեկը հարցրել էր՝ նրա զինվորական կերպարն ինչքանո՞վ է ընկալվել հասարակության շրջանում, և արդյոք առաջիկայում պատրաստվո՞ւմ է կրկին հանդես գալ զինվորականի կերպարով, ինչին նա պատասխանել էր

«Առաջիկայում պատրաստվում եմ կրկին հանդես գալ զինվորական կերպարով: Քննարկման առարկա շատ է դառնում, շահարկումներ կրկին շատ են լինում, բայց ուզում եմ հիշեցնել, որ ես միակ կինը չեմ կամ քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրել: Նախկինում, նախկին իշխանության օրոք եղել են պատգամավորներ, նույնիսկ լրագրողներ, ովքեր գտնվելով դիրքերում կամ որևէ միջոցառման՝ կապված Զինված ուժերի հետ, այդ ընթացքում կրել են զինվորական համազգեստ: Շատ սովորական երևույթ է, երբ մեր երգչուհիները գնում են մեր զինվորների համար ելույթ ունենալու, կրում են զինվորական համազգեստ, այնպես որ, դա այնքան էլ անսովոր երևույթ չէ, երբ քաղաքացիական անձ հանդիսացող կինը նաև կրում է համապատասխան վայրում զինվորական համազգեստ»:

Սրանից հետո մենք ականատեսը եղանք «ռազմական ֆոտոսեսիաների», այսինքն՝ զինվորական համազգեստը Աննա Հակոբյանի համար ընդամենը կերպարային ատրիբուտ էր, որից չէր հրաժարվում, երբ գյուղացու տուն էր մտնում:

Հետո արդեն 2020-ի օգոստոսի 25-31-ը խաղաղություն քարոզող Աննա Հակոբյանը կանանց համար մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթաց էր կազմակերպել:

Հասկացել էր, որ խաղաղության համար պիտի պատերազմի՞ պատրաստվել, իսկ ինչո՞ւ գլխավոր հրամանատար ամուսինը չէր պատրաստել երկիրը դրան: Երբևէ նրան տվե՞լ է այս հարցը:

 Հայ կանայք էին մեղավոր, որ «Էրատո» ջոկատը մեծաթիվ չէր

Աննա Հակոբյանն այսօրվա իր գրառման մեջ ասում է, թե Հայաստանում ապրում է 18 տարին լրացած 1 միլիոն 231 հազար 584 կին, մի քանի միլիոն էլ Սփյուռքում է բնակվում, բայց երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թվում՝ կանանց և աղջիկներին՝ ջոկատներ կազմել, կազմվեց 1 ջոկատ՝ «Էրատո»-ն (12 հոգի), և 1 վաշտ՝ «Սոսե»-ն (100 հոգի)։

Օրեր առաջ գրել էինք, թե երբ է ստեղծվել «Էրատո» ջոկատը, երբ մեկնել «մարտական առաջադրանքի»:

Այն է՝ 2020-ի հոկտեմբերի 26-ին դեռ նոր Աննա Հակոբյանն իր շրջապատի կանանց հետ զինվորական պարապմունքների է որոշել մասնակցել: Իսկ նոյեմբերի 6-ին էլ նոր միայն պատրաստ եղել «մարտական առաջադրանքի»:

Իսկ նոյեմբերի 7-ին «Էրատո» ջոկատի փոքր կազմից նեղված Հակոբյանը գրառում է կատարում՝ դիմելով այն հայ կանանց, որոնք ոգևորված չեն պատերազմի դաշտում իր «ներկայությունից»:

«Եվ ի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։ Սիրելի տիկնայք, կողմնորոշվե՛ք, խնդրում եմ։

Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։

Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա՛ է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլևս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր Աննա Հակոբյանը:

Այսինքն՝ Աննա Հակոբյանը նախ պետք է խնդիրն իր մեջ փնտրի՝ ինչո՞ւ էր իր ջոկատը 12-13 հոգանոց և բաղկացած միայն իր շրջապատի կանանցից:

Երկրորդ՝ Աննա Հակոբյանը նախ պետք է ասի՝ ինչո՞ւ է «մարտական առաջադրանքի» պատրաստ լինում այն ժամանակ, երբ արդեն կորցրել էինք Մատաղիսը, Թալիշը, Ջրականը, Հադրութը, Կովսականը՝ Զանգելան, Վարանդան՝ Ֆիզուլի, Սանասարը՝ Կուբաթլու:

Երրորդ՝ «Էրատո» ջոկատը պատրաստ էր մարտական առաջադրանք կատարելուն՝ նոյեմբերի 6-ին, այդ ժամանակ կանգնած էինք Շուշին կորցնելու վտանգի առաջ, արդյոք «Էրատո» ջոկատը մասնակցե՞լ է Շուշիի մարտերին և փորձե՞լ է փրկել բերդաքաղաքը:

Նման տեղեկություններ չկան, ավելին՝ մինչ այժմ պարզ չէ՝ «Էրատո» ջոկատը որտե՞ղ է մասնակցել թեժ մարտերի:

Չորրորդ՝ Աննա Հակոբյանը չգիտի՞, որ նախքան իր «Էրատո» ջոկատի կազմավորումը, պատերազմի սկզբից շատ կանայք, այդ թվում՝ զինծառայողներ, արդեն մարտի դաշտում էին, իրենց ծառայության մեջ՝ կյանքը վտանգելով:

Ի դեպ, արդյոք գիտի՞ Իրինային, որ պատերազմի առաջին օրն առավոտյան իրենց գումարտակի հետ Թալիշ է մեկնել՝ 165–րդ մարտական դիրք, և մինչ օրս նրա ճակատագիրն անհայտ է:

Հինգերորդ՝ Ինչի Աննա Հակոբյանն այսօր ջոկատ չի կազմում և մեկնում ՀՀ դիրքերը, սահմանները, սուվերեն տարածքը պաշտպանելու, որտեղ կանայք են զոհվում:

Աննա Հակոբյանի սուտը. նա պատերազմ չի լուսաբանել

«Հայկական ժամանակի» խմբագիրն իր այսօրվա գրառման մեջ ասում է, թե իբր լուսաբանել է 2016-ի Ապրիլյան պատերազմը և այդ ժամանակ ադրբեջանցի զինվորների աչքերում վախ տեսել: Զարմանալի չէ՝ Նիկոլ Փաշինյանը մայիսին է մեկնել Ապրիլյան պատերազմին:

Պարզապես 2019-ին նույն Աննա Հակոբյանը հայտարարում էր, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում պատերազմական գործողություններին հետևել է երկու կողմերից եկող լրատվության միջոցով:

Իսկ սա արդեն լուսաբանում չէ, «Հայկական ժամանակի» խմբագիրը պիտի թերևս իմանա, որ լուսաբանում են դեպքի վայրից:

Ինքը եղե՞լ է Ապրիլյան պատերազմի գործողությունների վայրում, եթե՝ այո, որի մասին չգիտենք, ապա որտե՞ղ է տեսել ադրբեջանցի զինվորների աչքերը՝ Ադրբեջանի տարա՞ծք է անցել, թե՞…

Ի դեպ, վերջին անգամ Աննա Հակոբյանը ե՞րբ է նայել հայ զինվորների և, իր շրջապատից դուրս, զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ:

Հակոբյանը նեղվում է որդեկորույս մայրերի սգացող կերպարից․ Աննա Հակոբյանին հիշեցնենք, որ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը ժամանակին զգուշացրել է՝ «մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք: Մեզ ապտակողին, եթե մենք նստենք լացենք, ոչ թե պատասխան ապտակ տանք կամ պահանջենք ապտակի պատասխանը, մենք միշտ ապտակված կմնանք»:

Եթե Աննա Հակոբյանը հոգնել է սգացող մայրական կերպարներից, գուցե իր ամուսնու հետ պատասխանե՞ն մեզ ապտակողին, պատասխան ապտակ տան թշնամուն…

Թե՞ իրենցը դավաճանների փնտրտուքն է այնտեղ, որտեղ չկա… Նրանք դրանով են զբաղված եղել պատերազմից առաջ, ընթացքում և այսօր, ինչը, ի դեպ, անգամ իրենց իշխանության դատախազությունը չի հաստատել:

Տեսանյութեր

Լրահոս