«Ակնկալում ենք հստակություն, եթե ուզում են Մյունխենյան խայտառակ դավադրությունը կրկնվի, թող դրա մասին ասեն». Դավիթ Բաբայան

Մայիսի 1-ից Վաշինգտոնում մեկնարկած Միրզոյան-Բայրամով բանակցությունները շարունակվում են։ Այս հանդիպմանը զուգահեռ, ինչպես նաև հանդիպումից առաջ, ՀՀ իշխանական պատգամավորները բազմիցս ասել են, որ քննարկվում են նաև «Արցախում բնակվող հայության իրավունքների և անվտանգության» վերաբերյալ հարցեր։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով Միրզոյան-Բայրամով հանդիպումից սպասելիքներից, ինչպես նաև «Արցախում բնակվող հայության իրավունքներ և անվտանգություն» եզրույթից, ասաց՝ ինչ ուզում են՝ թող քննարկեն, Արցախն ունի իր հստակ դիրքորոշումը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Սա շատ կարևոր է, որովհետև սա է առանցքայինը, իրավունքներ, ազատություններ Ադրբեջանի կազմում չեն կարող լինել, այսինքն՝ լինելու են, բայց այնպիսի իրավունքներ ու ազատություններ, ինչպիսին ունեին բանտարկյալները համակենտրոնացման ճամբարում։ Այդ մարդիկ իրավունք ունեին, օրինակ, օրը մեկ կամ կես ժամ քնելու և բոլորովին ազատ էին՝ ինչ ուզում էին՝ կարող էին երազում տեսնել։ Հետո՞, սա՞ է մեր ապագան, այս իրավիճակում Արցախն ուղղակի կենթարկվի հերթական ցեղասպանության։

Այդուհանդերձ՝ մենք ակնկալում ենք հստակություն, վերջապես ժամանակն է, թող բոլորը հստակ ասեն՝ ինչ են ուզում, ժամանակ չունենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Կարդացեք նաև

Այս համատեքստում Արցախի նախկին արտգործնախարարն ընդգծեց՝ այս հարցում Արցախի տեսակետն առհասարակ չի փոխվել, ասել է, թե ինչ է ուզում, սակայն խնդիրն այն չէ, որ Արցախը պիտի մտածի, թե իրեն որևէ մեկն ուշադրություն չի դարձնելու, այդպես չէ։ Ըստ նրա, այժմ ամենամեծ վտանգը փոքրոգությունն է։

«Հստակ պետք է ասենք՝ սա մեզ համար անընդունելի է։ Ունենք չորս ճանապարհ՝ կամ ստատուս-քվոն պահպանվում է, կամ այն կողմերը, որոնք պարտավոր են այդ ամենն ապահովել և լինել կողմ, առաջին հերթին՝ Ռուսաստանն իր պարտականություններն իրականացնի, Ռուսաստանից էլ ենք ակնկալում հստակ պատասխաններ։ Երկրորդ՝ Ադրբեջանի կազմում վերածվենք համակենտրոնացման ճամբարի, ինչը լինելու է Արցախի և հայոց պետականության անարժանապատիվ կործանում։ Երրորդ՝ պիտի կանգնենք ու բիբլիական ձևով դուրս գանք և չընդունենք այդ անարժանապատիվ վիճակը, և չորրորդը՝ պայքար։ Դրա համար մենք պիտի իմանանք՝ ով ինչ է  մտածում, ով հստակ դիրքորոշում ունի, թող կանգնի ու ասի՝ այո, մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմի մեջ՝ ուզում է Երևանը լինի, Վաշինգտոնը, թե Մոսկվան։ Եթե ուզում են Մյունխենյան խայտառակ դավադրությունը կրկնվի, թող դրա մասին ասեն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Դիտարկմանը, որ պաշտոնական Երևանը խոսում է «Արցախում ապրող հայության իրավունքների ու անվտանգության մասին», իսկ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն առաջ մղելու մասին, Դավիթ Բաբայանը նկատեց՝ Արցախն առաջ է մղում ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, քանի որ Արցախը մի քանի անգամ ինքնորոշվել է։

«Հիմա Ադրբեջանն ինչ ասում է, պիտի անե՞նք, Ադրբեջանին ամբողջ աշխարհն է ճնշել, որ ճանաչի Արցախը, ճանաչե՞լ է, հիմա ինչ վայրագություն ասես անում է, ո՞ւր է այդ աշխարհը, պիտի հասկանալ, որ արժանապատվությունն ըստ ամենայնի ընդունվում է։ Այո, Ադրբեջանը մեր թշնամին է, մենք արժանապատիվ ձևով կանգնած՝ մեր շահերը պաշտպանում ենք, բա ի՞նչ անենք, գնանք սպանդանո՞ց, ոչխա՞ր ենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր,  որ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում կանցկացնեն բանակցությունների եզրափակիչ փուլը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Իսկ Ադրբեջանի նախագահն էլ երեկ հայտարարել էր, որ մայիսին սպասվում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, որին մասնակցելու է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այսինքն՝ բանակցային փուլերը շարունակվում են, իսկ այդ ընթացքում Արցախը շարունակում է  շրջափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Շրջափակում, որը  սկսվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից։

Տեսանյութեր

Լրահոս