Վաշինգտոնում այսօր սպասվում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունների եզրափակիչ ռաունդը

Այսօր երեկոյան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում կանցկացնեն բանակցությունների եզրափակիչ փուլը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղար Բլինքենը Վաշինգտոնի ժամանակով 13:45-ին (մեր ժամանակով՝ 21:45-ին.- Ա.Մ.) Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում կմասնակցի Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ երկկողմ խաղաղ բանակցությունների եզրափակիչ նիստին»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ Միրզոյան-Բայրամով բանակցային գործընթացը Վաշինգտոնում մեկնարկել է մայիսի 1-ից և շարունակվել 3 օր:

Նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել էին նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: «Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում, և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը»,- Թվիթերում գրել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո: «Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու համար», – վստահություն էր հայտնել Սալիվանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս