«Այդ օրակարգից խուսափելու համար, Ադրբեջանը չգնաց արևմտյան հարթակներ, իսկ հայկական կողմն էլ մերժում է ռուսական հարթակներում հնարավոր խոսակցությունը և արդյունքում՝ շրջանառության մեջ մտավ Ղազախստանի կողմից երկխոսության համար հարթակ տրամադրելու խոսակցությունը։ Եթե հիշում եք՝ Ղազախստանի նախագահ Տոկաևը սկզբում եղավ Ադրբեջանում, բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, հետո հանդիպումներ եղան Երևանում և կայացվեց այդ որոշումը»,- ընդգծեց փորձագետը։
«Պետք չէ այդ բանակցություններից որևէ բան ակնկալել, որովհետև Ալիևը սպառնում է պատերազմով, իսկ Փաշինյանն արդեն ընդունել է պատերազմի օրակարգը։ Դրա ապացույցն է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. նկատեք, որ դա ասում է 3 տարի խաղաղության օրակարգի մասին խոսելուց հետո»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունը տապալել է իր հռչակած «Խաղաղության օրակարգին» միտված քաղաքականությունը, ուստի Փաշինյանը հիմա իր թիմին պատրաստում է այլ բանի։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը հասարակությանը պատշաճ չի իրազեկում, թե իրականության մեջ ԵՄ դիտորդները՝ ողջ ծավալով, և ռուս զինծառայողները՝ տարբեր ուղղություններով, ինչ ֆունկցիա ունեն։ Այդ պատճառով էլ, նրա խոսքով՝ հասարակության համար հայտնի չի դառնում, թե իրականության մեջ այս կամ այն միջադեպի դեպքում ովքեր ունեն պատասխանատվություն։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների, թեմաների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել:
Երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Առլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:
Մայիսի 1-ից Վաշինգտոնում մեկնարկած Միրզոյան-Բայրամով բանակցությունները շարունակվում են։ Այս հանդիպմանը զուգահեռ, ինչպես նաև հանդիպումից առաջ, ՀՀ իշխանական պատգամավորները բազմիցս ասել են, որ քննարկվում են նաև «Արցախում բնակվող հայության իրավունքների և անվտանգության» վերաբերյալ հարցեր։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողներին հորդորում է սպասել Միրզոյան-Բայրամով հանդիպման ավարտին և դրանից հետո միայն խոսել արդյունքների մասին։