«Սա ընտրանքային մարդահամար է, որի տվյալները դժվար է հավաստի համարել». Գևորգ Պողոսյան

2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 է, նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638.917: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն՝ հրապարակելովմարդահամարի նախնական արդյունքները։ Մարդահամարը, ի դեպ, առաջին անգամ անցկացվել է համակցված տարբերակով։

Մարդահամարի նախորդ ցուցանիշների համեմատ՝ բնակչության նվազումն ակնհայտ է. 2001 թվականին Հայաստանում մշտական բնակչությունը 3 մլն 213 հազար 11 է եղել, իսկ 2011-ին՝ 3 մլն 18.854։

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ էլեկտրոնային տարբերակով մարդահամարի պարագայում հավաստիությունը կասկածելի է:

«Տեղեկացա, որ բացի համակցված մեթոդից՝ իրենք նաև ընտրովի հարցումներ, այցելություններ են արել։ Այսինքն՝ ոչ նախորդ տարիների նման, երբ ընդգրկվում էր ամբողջ բնակչությունը: Սա, փաստորեն, ընտրանքային մարդահամար է, որի տվյալները դժվար է հավաստի համարել: Մինչդեռ մարդահամարի ամբողջ արժեքը՝ բնակչության, պետության և մասնագետների համար, հենց այն է, որ դա չի արվում ընտրանքային հարցմամբ, այլ վիճակագրական՝ ընդգրկելով ողջ բնակչությունը»,- պարզաբանեց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով բնակչության նվազման միտմանը՝ սոցիոլոգն առանձնացրեց 2 հիմնական պատճառ՝ ծնելիության անկումը և արտագաղթը:

«Ծնելիության միջին մակարդակը 1.7 է, բայց պետք է լիներ 2.2, որ մենք պարզապես բնակչության վերարտադրություն կարողանայինք ապահովել: Մեկ այլ պատճառ է արտագաղթը, որը շարունակվում է: Դեպոպուլյացիայի վրա իրենց ազդեցությունն ունեցան նաև պատերազմն ու համավարակը»,- հավելեց նա:

Հիշեցնենք` մարդահամարը ՀՀ-ում անցկացվել է 2022 թ. հոկտեմբերի 13-22-ը։

Տեսանյութեր

Լրահոս