Բերձորում «էկոակտիվիստներին» փոխարինել են ադրբեջանական ոստիկանությունն ու ուժային կառույցների ներկայացուցիչները. Մեծ Շենի գյուղապետ

Ապրիլի 23-ից ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և այնտեղ տեղադրել մաքսակետեր՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։

Ապրիլի 28-ին էլ ադրբեջանական «էկոակտիվիստները» հայտարարեցին, որ ժամանակավոր բացում է Բերձորի միջանցքը, որն ապօրինաբար փակել էին դեկտեմբերի 12-ից։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «էկոակտիվիստներ»-ը Շուշիի շրջանում հանդիպել էին Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վերջիններս ասել էին, որ «ապրիլի 23-ից պետական սահմանային ծառայության ստորաբաժանումներն անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին, ուստի մասնակիցներին ևս մեկ անգամ առաջարկվել է դադարեցնել ակցիան»։

Ապրիլի 23-ից Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերը և Եղցահող համայնքն իր գյուղերով գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես  Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ գյուղի 6 բնակիչները, որոնք ապրիլի 23-ից գնացել էին Գորիս առևտուր անելու, սակայն վերադարձին ճանապարհի փակ լինելու պատճառով մնացել էին Տեղ համայնքում՝ մեկ օր հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են գյուղ։

«Եթե ադրբեջանական «էկոակտիվիստները» գնացել են, դա չի նշանակում, որ միջանցքը բացվեց, «էկոակտիվիստներին» փոխարինել են ադրբեջանական ոստիկանությունն ու ուժային կառույցների ներկայացուցիչները։ Հիմա էլ Լաչինի միջանցքը նրանք են փակ պահում»,- նշեց Դավիթ Դավթյանը։

Ըստ նրա, գյուղում վիճակը նորմալ է, մարդիկ խուճապի չեն մատնվում, սակայն, եթե իրականում խորությամբ հասկանանք իրավիճակը, ապա այն շատ վատ է։

«Ինչպես պիտի լինի մի գյուղի ու բնակչի վիճակը, որը երկկողմանի շրջափակման մեջ է, ո՛չ Ստեփանակերտի հետ կապ ունենք, ո՛չ, լեզուս էլ չի պտտվում ասեմ՝ մեզ չուզող Հայաստանի հետ։ ՀՀ իշխանությունն ասում է, Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, չեն ուզում Արցախը, լքել են մեզ։ Արցախն էլ, Հայաստանն էլ մեր հայրենիքն են, բայց մեր հայրենիքում այնպիսի մարդիկ են ստեղծվել, որոնց համար հայրենիքը, ազգը ոչ մի արժեք չունեն։

Ճիշտ է, ասում ենք՝ լավ ենք, ուժեղ ենք, դիմանում ենք, բայց երբ խորը մտածում ենք՝ մեր վեց գյուղերի վիճակը շատ անտանելի է, շատ վատ վիճակ է»,- եզրափակեց Դավիթ Դավթյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։

Տեսանյութեր

Լրահոս