«Կարծեք թե երկրորդ, երրորդ սորտի մարդիկ ենք ու նորից պիտի գնանք կենդանի վահան կազմենք թուրքի դեմ». Մեծ Շենի գյուղապետ

Արցախի Հանրապետությունը Արդբեջանի կողմից ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվելուց հետո, սեպտեմբերի 19-ին ստիպված էր դիմակայել ադրբեջանական լայնածավալ ռազմական գործողություններին. թիրախում ոչ միայն ՊԲ դիրքերն էին, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչները։ Շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակիչների շրջանում եղան հարյուրավոր զոհեր, վիրավորներ, գերեվարվածներ, անհետ կորածներ։ Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են նաև երեխաների։

Ամիսներ շարունակ Արցախի Մեծ Շեն, Լիասագոր, Եղծահող և Հին Շեն գյուղերի կապը Ստեփանակերտի հետ գրեթե կտրված էր, շաբաթը միայն երկու անգամ մեկ ավտոբուս էր գնում Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ։ Իսկ սեպտեմբերի 19-ին այդ գյուղերի խաղաղ բնակիչները հայտնվել էին ամբողջական շրջափակման մեջ, և միայն ռազմական գործողություններից  օրեր անց հաջողվեց նրանց դուրս բերել իրենց բնակավայրերից։

168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը պատմեց, որ շատ մեծ դժվարություններով են կարողացել դուրս գալ։

«Մենք մեր հայրենիքից բռնի ենք տեղահանվել ու եկել ենք Հայաստան։ Հիմա բոլորին կրկին տանում են սահմանամերձ տարածք, կարծեք թե երկրորդ, երրորդ սորտի մարդիկ ենք ու նորից պիտի գնանք կենդանի վահան կազմենք թուրքի դեմ։ Սա մի քիչ լավ չի, բայց ինչ-որ տեղ սա սպասելի էր»,- նշեց Դավիթ Դավթյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, գյուղից մի կերպ դուրս գալուց հետո, երկու օր ապրել են Կոռնիձորում, հետո՝ մեկ օր Երևանում, այնուհետև Աբովյան քաղաքում՝ ծանոթների տանը։ Մշտական կեցության վայր դեռևս չեն գտել, փնտրում են այնպիսի տեղ, որտեղ հնարավոր կլինի աշխատել ու հոգալ հացի խնդիրը։

«Երևանում չեմ ուզում ապրել, քանի որ դժվարությամբ կկարողանամ աշխատանք գտնել, ինձ համար կարևորն աշխատանքն է, որպեսզի կարողանամ աշխատանքով իմ ընտանիքն ապահովեմ: Քաղաքում թե գյուղում՝ ինձ համար տարբերություն չկա, բոլոր դեպքերում կենդանի վահան էլ չեմ ուզում լինել։ Այս ամենը տեսնելուց հետո գնալ ու նույն բանի առաջ կանգնել՝ ճիշտ չեմ համարում։ Մարդկանց դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան վերականգնվել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ գյուղապետի, Մեծ Շենի բոլոր բնակիչների հետ կապը պահում է, նրանք այս պահին ՀՀ տարբեր մարզերում են՝ սկսած Կոռնիձորից՝ մինչև Արարատի ու Կոտայքի մարզեր։

Գյուղապետը նաև ընդգծեց՝ Արցախի բնակիչներից արդեն ահազանգեր են ստանում, որ մեքենաների «ԱՊՊԱ»-ի  համար ավտոտեսուչներն իրենց  տուգանում են։

«Մարդիկ նույնիսկ կան, որ քաղաքը լավ չեն ճանաչում, քաղաքի գծերը, և սխալվելու դեպքում տուգանում են՝ հաշվի չառնելով, որ մարդիկ տարհանված են ու հոգեբանական ծանր վիճակում են»,- եզրափակեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս