Երջանիկ ամուսնություն
Մի անգամ հայր Պորֆիրիոսին հարցրի․ «Հա՛յր սուրբ, հոգեկան-մարմնավոր ձգտումը, որ առաջանում է կնոջ ու տղամարդու միջև, դիվակա՞ն ծագում ունի»։ Նա խուսափողաբար պատասխանեց․
– Երբեմն՝ այո, երբեմն՝ ոչ։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից․․․
Մեր հաջորդ հանդիպմանը վերադարձա իմ հարցին, և հայր Պորֆիրիոսը պատասխանեց արդեն ավելի որոշակիորեն․
– Գիտե՞ս,- ասաց նա,- որ երջանիկ ամուսնություն կոչվածն իսկապես գոյություն ունի։ Բայց որպեսզի ամուսնությունը երջանիկ լինի, ամուսիններից պահանջվում է հետևել մեկ պայմանի․ նրանք պետք է հոգևոր հարստություն ձեռք բերեն՝ սիրելով Քրիստոսին ու պահպանելով Նրա պատվիրանները։ Գաղտնիքն այն է, որ այդ երջանկությունը հնարավոր է միայն Քրիստոսով։ Միայն այդ ժամանակ նրանք ճշմարտապես կսիրեն իրար, և միայն այդ ժամանակ նրանք երջանիկ կլինեն։ Հակառակ դեպքում հոգևորապես աղքատ կլինեն (ասես մարտկոցներով, մինչև որ լիցքը վերջանա), չեն կարողանա որևէ մեկի սեր նվիրել, դիվական անառակությունները կքրքրեն նրանց ու կդժբախտացնեն։
Մեկ այլ անգամ սուրբ հայրը բացատրեց դա ակնառու կերպով։
– Հա՛յր, լսել եմ,- ասացի նրան,- որ երկու սեռերի միջև զգայական ու հուզական անբավարարվածության խնդիրը մնում է չլուծված, և միայն գերեզմանն է լուծում այն։
Հայր Պորֆիրիոսն անմիջապես առարկեց․
– Ոչ, ոչ, դա մի՛ կոչիր խնդիր։ Այդպես չէ․․․
Նա ձեռքով դեպի վեր թռչող ինքնաթիռի նշան արեց։ Նրա ձեռքն անշտապ շարժվում էր ծածկոցի վրայով, հետո սկսեց աստիճանաբար պոկվել դրանից ու վերջապես դեպի երկինք ձգվեց։
Ծերի առաջարկած այդ պատկերը ճիշտ հակապատկերն է կրքոտ սիրո ռոմանտիկ նկարագրությունների, որը սկսվում է ամպերից վեր բարձունքներից, իսկ հետո կամաց-կամաց կորցնում է բարձրությունը և ավարտվում հարկադրված վայրէջքով։ Հայր սուրբի առաջարկած պատկերը ուղղակիորեն կապված է հոգևոր հարստության հետ, որի առկայությունը կամ բացակայությունը համապատասխանաբար տանում է վեր կամ վար։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը