Բաժիններ՝

13 երկրներից 24 կոմպոզիտորներ Երևանում կհնչեցնեն հայկական երաժշտությունն ու հայ պոեզիան միահյուսված

Հայաստանում այս տարի առաջին անգամ անցկացվելու է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող կոմպոզիտորները՝ միահյուսելով երաժշտությունը և պոեզիան։

168.amը Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի մասին զրուցել է մրցույթ-նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանի հետ։

– Արդեն ավարտվել է մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Քանի՞ կոմպոզիտոր է ընդհանուր առմամբ մասնակցում մրցույթին, և նրանց թվում քանի՞սն են Հայաստանից, քանի՞սը՝ արտերկրից։

Կարդացեք նաև

– Հայտերի ընդունման վերջնաժամկետը եղել է ապրիլի 1-ը, բնականաբար, արդեն ավարտվել է։ Ունենք 24 մասնակից՝ 13 երկրներից, հստակ չեմ կարող ասել, թե քանիսն են Հայաստանից, որովհետև այդ հասանելիությունն ինձ համար չկա այս պահին, և հրապարակման իրավունք էլ չունեմ, եթե նույնիսկ ինձ հայտնի լիներ։ Ամբողջը փակ է, թվագրված տարբերակով ինձ հասանելի են միայն ստեղծագործությունները։

Բայց կարող եմ ասել, որ 13 երկրներից են մասնակիցները, և ուրախալին այն է, որ պատերազմական իրողության մեջ գտնվող երկրները մշակույթից զերծ չեն մնում։ Օրինակ, Ուկրաինայից ունենք դիմորդներ, որոնք անդրադարձել են հայ պոեզիային։ Անկախ տարբեր իրավիճակներից, ինչ-որ կերպ փորձում են փրկել մշակույթը, մարդկանց դուրս բերել այդ իրավիճակից։

Արտերկրի մասնակիցները ազգությամբ հայեր կամ հայկական արմատներ ունեցող ստեղծագործողնե՞ր են, թե՞ կան նաև օտարերկրացիներ։

– Կան և՛ օտարերկրացիներ, և՛ ծագումով հայեր, ովքեր ծնվել ու ստեղծագործում են դրսում։ Բայց հաճելին այն է, որ, ունենալով այդքան բարդ խնդիր, քանի որ մրցույթի պայմանն է՝ հայկական պոեզիայի հիման վրա ստեղծել նոր կամերային ստեղծագործություն՝ ձայնի մեկ-երկու գործիքի համար ներառյալ, հաճելի է, որ անդրադարձն այսքան մեծ է եղել։

– Ի՞նչ կարգով է անցկացվելու մրցույթը և ինչպե՞ս են ընտրվելու հաղթողները։ Մրցույթի հայտագրում նշված է, որ այն ունենալու է երկու փուլ։ Ե՞րբ են հրապարակվելու առաջին փուլի հաղթողների անունները։

– Մայիսի 1-ին հրապարակվելու է այն 6 ստեղծագործությունների հեղինակների անունները, որոնք անցնում են երկրորդ փուլ։ Իսկ մրցույթի գալա համերգի ժամանակ՝ մայիսի 27-ին, կհրապարակվեն և արդեն հայտնի կդառնան հաղթողների անունները՝ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակակիրները։

Մրցույթի մասին հայտարարության մեջ մասնակիցների համար տարիքային սահմանափակումներ չկան։ Արդյոք դա չի՞ բարդացնում ընտրության գործընթացը՝ այն իմաստով, որ փաստորեն կայացած, փորձառու կոմպոզիտորների և երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները դիտարկվելու են նույն հարթության մեջ։ Դուք ունե՞ք չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս լուծելու այդ խնդիրը։

– Տարիքային սահմանափակումներ չկան, բայց հիմքում պոեզիան է, իսկ պոեզիան ինտելեկտուալ ժանր է։ Այստեղից հետևություն, որ կա ինչ-որ տարիքային շերտ, որը չի կարող զուտ ուսումնասիրությունների, եզրակացությունների գալ։ Այդ պատճառով ինքնաբերաբար ինչ-որ տարիքային ցենզ է մրցույթն ինքն իր ներսում սահմանել։ Այս առումով արդեն բավականին հեշտացվում է գործընթացը։

Իսկ ժյուրիի հետ կապված նշեմ, որ ընտրված է այնպիսի անձնակազմ, որը տարիքային ցանկացած սեգմենտի համար կկարողանա ճիշտ որոշում կայացնել՝ առանց մտքի ստեղծագործական ազատության սահմանափակման։ Տարբեր սերունդների ներկայացուցիչներ են և տարբեր երաժշտական ուղղվածությունների տեր մարդիկ։

– Նշեցիք, որ մրցույթի գալա համերգը նախատեսված է մայիսի 27–ին։ Ո՞ւմ ստեղծագործություններն են հնչելու այդ համերգի ընթացքում և ե՞րբ է հրապարակվելու մրցույթի գլխավոր հաղթողի անունը՝ համերգի ավարտի՞ն։

– Հենց այդ օրն է հաղթողի անունը հրապարկվելու, այդ օրն է որոշումը կայացվելու։ Համերգի ժամանակ հնչելու են այն 6 ստեղծագործությունները, որոնք անցել են երկրորդ փուլ։

Տեղում ժյուրին, արդեն ելնելով հնչողությունից, որովհետև եթե մինչև այդ միայն պարտիտուրներն էին իրենց հասանելի, ապա այդ պահին իրենք արդեն կենդանի կատարումներն են լսելու և այդպես են փորձելու գնահատականներ տալ, որպես արդեն պատրաստի պրոդուկտ։ Տեղում որոշումը կկայացվի և կհրապարակվի։

– Ծրագրո՞ւմ եք արդյոք հաջորդ տարիներին շարունակել այս մրցույթը՝ այն ավանդական դարձնելու նպատակով, թե՞ սա ավելի շատ խորհրդանշական միջոցառում էր և կայանալու է միայն այս տարի։ 

– Մրցույթը լինելու է ամենամյա։ Հուսամ, կկարողանանք այս մոտեցումը՝ խոսքի և մեղեդու համագործակցությունը, պահպանել, որովհետև պարոն Մանսուրյանի ձեռագրին բնորոշ ու կարևոր կետ, սյուն է, որը նրա ստեղծագործական գործունեությունը ճիշտ բնորոշում է։

Բացի այդ, նաև կոմիտասյան դպրոցի շարունակությունն է՝ հայ խոսքի և մեղեդու համագործակցությունը։

Գուցե ժանրային առումով փոփոխություններ լինեն, եթե այստեղ կամերային ժանրի ստեղծագործություններ էին, հետո մեծանա՝ ավելի սիմֆոնիկ, սա արդեն՝ պարոն Մանսուրյանի հետ համաձայնեցնելով կամ հետևելով բաց անկյուններին։ Կոմպոզիտորական դպրոցը և կոմպոզիտորական խումբը երաժիշտների մեջ ամենախոցելին է, իրենք կարող են ստեղծագործել և մնալ անտեսված, իրենց անդրադարձ չլինի։ Որպեսզի իրենց համար հարմարավետ հարթակ լինի, կարծում եմ՝ այս առումով կհամագործակցենք կոմպոզիտորների հետ։

Տեսանյութեր

Լրահոս