Բաժիններ՝

Ի՞նչ արժե Հայաստանի հանգստյան գոտիներում ամանորյա հանգիստը

Ամանորին ընդամենը մեկ օր է մնացել: Իսկ այս օրերին արդեն մեր երկրի հանգստավայրերի հյուրանոցների մեծամասնությունում տեղերը զբաղված են: Ընդ որում, պարզեցինք, որ դրանք զբաղեցվել են տոներից բավականին առաջ՝ դեռևս դեկտեմբերի կեսերից:

Իսկ ի՞նչ արժեն ամանորյա հանգիստն ու տոնական տրամադրությունը՝ մեր երկրում: Պարզվում է, որ այն ոչ բոլորի գրպանին է հարմար:

Ամանորյա հրաշքների շրջանում ինչ-որ հրաշքով բարձրացել են նաև նույն ծառայությունների համար սահմանված գները: Տարբերությունը միայն այն է, որ ամանորյա գիշերը հյուրերը կարող են մասնակցել հատուկ շոու ծրագրի: Ի դեպ, որոշ տեղերում, սակայն, դրա համար նաև հատուկ վճար են պահանջում:

168.am-ը կապ է հաստատել է Հայաստանի մի շարք հանգստյան գոտիների հյուրանոցների հետ՝ պարզելու համար, թե որքան արժե ամանորյա փաթեթը 2 անձի և Հայաստանի համար միջին վիճակագրական 5 հոգուց կազմված ընտանիքի համար:

Կարդացեք նաև

Օրինակ՝ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում երկու հոգու հանգիստն արժե առնվազն 380.000 դրամ: Իսկ «լյուքս դասի» սենյակ ամրագրելու դեպքում ընդամենը 3 գիշերվա համար պետք է վճարել 440.000 դրամ:

Իսկ եթե ցանկանաք ընտանիքով հանգիստ անցկացնել ու մասնակցել ամանորյա շոու ծրագրին, ապա վճարը կլինի մոտավորապես 700.000-800.000 դրամ:

Իսկ Ծաղկաձորի «Թեղենիս» հյուրանոցում ամանորյա երեք գիշերվա արժեքը և շոու ծրագիրը միասին երկու հոգու համար արժե 330.000 դրամ: Դրա մեջ մտնում է 1-անգամյա սնունդ՝ նախաճաշ, ու հիմնական ծառայությունները՝ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիքներ ու սեղանի թենիս:

Իսկ 5 հոգու համար նախատեսված տեղերն ամբողջությամբ զբաղված են: Հյուրանոցն այս դեպքում առաջարկում է օգտվել քոթեջներից:

«Քոթեջներն արդեն նախատեսված են 6 անձի համար, ունեն երկու ննջասենյակ: Այստեղ 3 գիշերակացի արժեքը 837.000 դրամ է ստացվում: Այն ներառում է բոլոր ծառայություները, բացի սննդից»,- հայտնեցին հյուրանոցից:

Իսկ Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում միայն 6-օրյա փաթեթներ են տրամադրվել: Երկու անձի համար փաթեթի արժեքը 1 մլն դրամ է: Իսկ եթե ցանկանում եք ընտանեկան հանգիստ, օրինակ՝ 5 հոգով, պետք է պատրաստ լինեք վճարել 1.85 մլն դրամ:

«Փաթեթի մեջ մտնում է երեքանգամյա սնունդ, տոնական գալա ընթրիք, շոու ծրագրեր ու մանկական ծրագրեր»,- հայտնեցին հյուրանոցից:

Դիլիջանի «Best Western Plus Paradise» հյուրանոցից մեզ տեղեկացրին, որ հիմնական տեղերը զբաղեցված են: Մնացել են միայն Superior (վերադաս) կատեգորիայի նոր սենյակները: Դրանց արժեքն էլ անձի համար սկսում է 600.000 դրամից՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ի համար:

«Եթե հյուրանոց այցելի 5 հոգուց կազմված ընտանիք, ապա տրվում են առանձին սենյակներ: Փաթեթի արժեքին կավելանա 160.000 դրամ: Փաթեթի մեջ ներառված է դեկտեմբերի 31-ի գալա ընթրիքը, շոու ծրագրեր, երգիչներ, խմիչքներ, սնունդ: Հունվարի 1-ին և 2-ին նախաճաշ և ճաշ է լինելու, 3-ին՝ նախաճաշ»,- հայտնեցին հյուրանոցից:

«Դիլիջան Պարկ Ռեզորթում» ամանորյա փաթեթները վաղուց վերջացել են: Հյուրանոցն առաջարկում է միայն հունվարի 3-ից սկսած փաթեթները:

«Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը 4 հոգանոց քոթեջը՝ 3-անգամյա սնունդով ու երեկոյան ընթրիքով, արժե 700.000 դրամ»։

«Պոպոք Դիլիջանում» փաթեթներն առաջարկվում են եռօրյա և 6-օրյա տարբերակներով: Եռօրյա փաթեթի դեպքում, այսինքն՝ մինչև հունվարի 3-ը, մեկ անձի համար 1 օրն արժե 115.000 դրամ: Իսկ մինչև ամսի 6-ը 1 անձը պետք է վճարի 165.000 դրամ:

«Գումարն իր մեջ ներառում է գալա համերգ, կենդանի հնչողությամբ երաժշտություն, այդ օրերի ընթացքում նախաճաշ և ճաշ: Ամսի 2-ին մատուցվում է խաշ, ամսի 5-ին՝ Սուրբ Զատիկի տոնական ընթրիք և Ձմեռ պապի այցելություն»,- տեղեկացրին հյուրանոցից՝ հավելելով, որ մինչև 6 տարեկան երեխաների համար ծառայությունները մատուցվում են անվճար, այդ տարիքից բարձրի դեպքում հաշվվում է լիարժեք փաթեթի գինը:

Իսկ «Ռեզորտ Ջերմուկում» ամանորյա փաթեթները վերջացել են դեռևս օրեր առաջ: Այդուհանդերձ, տեղեկացանք, որ ամանորյա փաթեթները 2 անձի համար արժեն 495.000 դրամ:

«Փաթեթի մեջ մտնում է 3-անգամյա սնունդը, ամանորյա շոուն ու բուժական ծառայությունները»,- տեղեկացրին հյուրանոցից:

«Պարկ ռեզորտ Աղվերանում» էլ 2 անձի համար առաջարկվող կոմֆորտ տարբերակն արժե 280.000 դրամ:

«Նշված արժեքի մեջ ներառվում է երկուանգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք, ամանորյա գալա ընթրիք և հյուրասիրություն՝ խարույկի շուրջ, խաշի օր, մանկական անիմացիոն ծրագրեր, փարթի՝ DJ-ի մասնակցությամբ: Իսկ 5 անձի դեպքում 2 և 3 տեղանոց սենյակներ են տրամադրվում: Արժեքը կկազմի 360.000 դրամ՝ նույն պայմաններով»,- ասացին հյուրանոցից:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս