Բարձրագոչ «բարեփոխումներ», որոնք ներսից քանդում են բանակը
«44-օրյա պատերազմում կրած պարտությունն ահռելի բացասական ազդեցություն է ունեցել բանակի մարտունակության, բարոյահոգեբանական վիճակի, նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի վրա, բայց նշված խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը հանգեցնում է եզրակացության, որ այդ ամենը ոչ թե հետևանք է, այլ պատճառ»: Այս պարբերությունը, որը վերցված է ՀՀ կառավարության 2022թ.-ի կատարողական հաշվետվությունից, թերևս, լավագույն կերպով մատնացույց է անում, թե Հայաստանի ներկայիս իշխանություններն ինչ աստիճանի պոպուլիստական մոտեցում ունեն բանակի հանդեպ։ Կառավարությունն արձանագրում է, որ եղել է լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է կործանարար հետևանքների, բայց այդ ամենի պատասխանատվությունը փաստացի դնում է նախապատերազմական իրողությունների և, այսպես կոչված, «նախկինների» բանակում իբրև թե գոյություն ունեցող խնդիրների վրա։
Ներկայիս իշխանությունները, երբ դեռ տարիներ առաջ հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից, մշտապես թիրախավորում էին նախկինների ստեղծած բանակը և ՀՀ Զինված ուժերի արձանագրած հաջողությունները։ Չունենալով որևէ հիմնային և ոլորտային գիտելիք՝ նրանք խոսում էին զինվորների ծառայության վատ պայմանների մասին, արժեզրկում սահմանային լարվածությունների ժամանակ հայ զինվորի հաղթանակը, թիրախավորում ապագա զինվորների ծնողներին՝ փորձ կատարելով ներշնչել, թե հայ զինվորը չպետք է ծառայի Արցախում, և այս շարքը հնարավոր է անվերջ շարունակել։
Թվում էր, թե բանակի հանդեպ առնվազն հանրայնորեն ցուցադրվող այս «սրտացավությունը» պետք է մեկ օր իր դրական պտուղները տար, որը կդրսևորվեր արդեն իսկ ձևավորված բանակային համակարգում նոր ու արդյունավետ բարեփոխումներ կատարելու տեսքով։ Բանակաշինության հարցում նախկիններին ստվերելու մոլուցքը և ինքնավստահությունը սեփական գիտելիքների ու պրոֆեսիոնալիզմի վրա, սակայն, այնքան ուժեղ էր, որ ներկայիս իշխանությունները հայկական բանակը դարձրին պոպուլիզմի իրենց վարպետությունն ի ցույց դնելու հերթական դաշտը։
Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը նախ հատեցին ՀՀ Զինված ուժերում տեղեկատվական արտահոսքի բոլոր կարմիր գծերը՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով իրենց հարմար պահին բացեիբաց խոսելով ու շահարկելով բանակում տեղի ունեցող չարաշահումների և, առհասարակ, համակարգային այլ խնդիրների մասին։ «ՔՊ»-ականները «ռազմական գաղտնիք» եզրույթի գոյության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ կա որևէ հարցից խուսանավելու, սեփական անգործությունը կամ հանցավոր գործունեությունը քողարկելու խնդիր։
Ելակային բարեփոխումները մի քանի տարի շարունակ դրոշակ դարձրած՝ ներկայիս իշխանությունները որքան էլ փորձեն ցույց տալ, թե լուրջ ու արմատական բարեփոխումներ են իրականացնում բանակում, փաստացի այդ ամենը միայն գեղեցիկ ձևակերպումներ են, որոնք տեղ են գտնում իրենց հաշվետվություններում կամ դառնում իրենց ասուլիսների ու ֆեյսբուքյան ստատուսների առանցքային թեման։ Իրականում, սակայն, այդ «բարեփոխումների» մեջ չկա բովանդակություն, իսկ շատ հաճախ, որքան էլ որ ցավալի է արձանագրել, դրանց մի մասը հանգեցնում են անդառնալի հետևանքների։
Կառավարությունը հպարտորեն գրում է, թե 2022թ.-ին «ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական սահմանի տեղամասի պահպանության պատշաճ կազմակերպման համար ձեռք են բերվել անհրաժեշտ համակարգեր»։ Սակայն գոնե մեկ անգամ դիրքեր այցելած մարդը կարող է արձանագրել, որ մեկը մյուսին հաջորդող սահմանային էսկալացիաների, արդեն իսկ առկա դիրքերի կորուստներից հետո մինչ օրս ներկայիս իշխանությունները չեն կարողացել պատշաճ կահավորել նոր դիրքերը, իսկ զինվորները ստիպված են ծառայությունն իրականացնել անմխիթար պայմաններում, օրինակ՝ ձյանն ու անձրևին ցելոֆանե վրանի տակ։ Եթե իրապես իրականացվում են բարեփոխումներ, ապա ինչպե՞ս Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ հրդեհի պատճառով տեղի ունեցավ անմխիթար պայմաններում գործող «զորանոցում» 15 զինծառայողի կյանք խլած ողբերգությունը։ Էլ չենք խոսում զինվորական ծառայության ժամանակ տասնյակ զինծառայողների մահերը զորամասային մեքենաներով տեղի ունեցող ավտովթարների պատճառով։
Ներկայիս իշխանությունների ինքնավստահությունը բանակային համակարգում լուրջ փոփոխություններ ու նոր գործելաոճ ներդնելու հարցում դրսևորվեց 2022թ. ընթացքում, երբ իրականացվեց պետական սահմանի պահպանության գործառույթը փուլ առ փուլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին փոխանցելու գործընթացը։ Ի՞նչ արդյունք ենք արձանագրում այդ փոփոխությունից հետո։ Փոխանցման արդյունքում եղան տարածքային հերթական կորուստները, օրինակ՝ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի գործարկումից անմիջապես հետո Տեղ գյուղի շրջանում մի քանի հարյուր մետրով ադրբեջանցիների առաջխաղացումը։
Իշխանություններն իրենց տարեկան հաշվետվությունում խոսում են այն մասին, որ «Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացների իրագործման համար ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր»։ Նախորդ տարիներին կատարված ռազմական տեխնիկայի գնումների արդյունավետության և նպատակահարմարության մասին շատ է խոսվել՝ հրթիռներ չունեցող ՍՈՒ ինքնաթիռներ, զենքերի գնման նախկինների պլանի փոփոխություն, որով պլանավորվում էր ՀՕՊ համակարգերի ձեռքբերում, սակայն Փաշինյանի կառավարությունը չեղարկեց այդ ամենը։
Իսկ ինչ վերաբերում է 2022թ.-ի համար ներկայացված այս արձանագրմանը, ապա չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն նոր տեսակի կամ էական խմբաքանակի ձեռքբերման մասին։ Միաժամանակ չպետք է մոռանալ նաև, որ պաշտոնապես ներկայիս իշխանությունները տարատեսակ հարթակներից հայտարարում էին, որ սպառազինության ձեռքբերման հարցում առկա են խոչընդոտներ, խոսում էին նույնիսկ գումարը վճարելու և նախատեսվող սպառազինությունը չստանալու դրվագների մասին։
Կառավարությունը խոսում է այն մասին, որ «Ընթացել են ՀՀ զինված ուժերի, զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների կազմկառուցվածքային փոփոխությունները», սակայն լռում է, որ մի շարք բարձրաստիճան զինվորականների, գեներալների նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել՝ այդպիսով համակարգից հեռացնելով իրենց գործի նվիրյալ մասնագետներին։ Չի խոսում նաև այն մասին, որ փոփոխությունների արդյունքում քաղաքականացվել է Գլխավոր շտաբի պետի հաստիքը, ավելի է խորացել ԶՈՒ-ի նկատմամբ գործող իշխանության քաղաքական գերակայությունը։
Պոպուլիստական մոտեցումները խանգարում են ներկայիս իշխանություններին նույնիսկ խոստովանել, որ իրենց իսկ կողմից ներկայացված նոր կարգերն իրականում նախկինների ծրագրերն են՝ պարզապես այլ անվանում ստացած։ Կառավարությունը հաշվետվության մեջ գրում է, որ «Սահմանվել է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի իրականացման միջոցով», որն իրականում պարզապես կոսմետիկ շտկումների և վերանայման ենթարկված նախկինում առկա «Ես եմ» ծրագիրն է։ Ծրագրի այս «ռեբրենդինգը» ներկայիս իշխանությունները ստիպված էին անել այն բանից հետո, երբ ի վիճակի չեղան ապահովել ծրագրի բնականոն ընթացքը. ըստ կառավարության ներկայացրած տվյալների՝ 2022թ.-ի դրությամբ ծրագրի շրջանակներում ծառայությունը շարունակում էր ընդամենը 2 զինվորական։ Ընդ որում, նախկինների կողմից հաջողությամբ ներդրված ու գործարկված ծրագրի տապալումը և այնուհետև նոր անվան ներքո դրա մեկնարկը բնավ չի նշանակում, որ վերջինս նմանատիպ ճակատագրի չի արժանանա։
Բանակի բարեփոխումները միայն պոպուլիստական ելույթներում են, միայն իշխանամետ լրատվականների գեղեցիկ ու ժողովրդին ականջահաճո վերնագրերում, իսկ իրողությունն այն է, որ «բարեփոխումների» անվան ներքո իրականացվում է բանակի քայքայման գործընթաց, որի սկիզբը դրվել էր դեռ պատերազմից առաջ ծավալված «կադրային ջարդով», որը տարբեր դրսևորումներով շարունակվում է մինչ օրս, բանակի վարկաբեկմամբ, պատերազմի ժամանակ դասալքության աննորմալ քանակի դեպքերի մասին ստահոդ լուրերի տարածմամբ, բանակի գործունեության համակարգային փոփոխություններով, որոնցից ոչ մեկը դեռևս դրական արդյունք չի տվել, և այդպես շարունակ: