Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան թեզերը՝ ուկրաինական հասարակական-քաղաքական խոսույթում

Ուկրաինացի պրոպագանդիստ, լրագրող, Կիևի քաղաքային խորհրդի նախկին պատգամավոր Դմիտրի Գորդոնն իր հեղինակային «В гостях у Гордона» յութուբյան հաղորդաշարի ընթացքում մեդիամենեջեր, լրագրող և դերասան Վասիլի Գոլովանովի հետ զրույցում անդրադարձել է նաև Արցախյան հակամարտության խնդրին՝ ճշգրիտ նիկոլփաշինյանական մեկնաբանությամբ:

Զրույցը ծավալվել է Ղրիմի պատկանելության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին քննարկման ժամանակ:

«Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ոչնչություններ են: Մենք ունենք մեր երկիրը՝ միջազգայնորեն ձևակերպված սահմաններով, և բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում մեր երկրի սահմանները, հիմարներ են: Թքած ունեմ ես նրանց վրա, ովքեր էլ որ նրանք լինեն՝ Չինաստանի դեսպաններ, թե այլ երկրների պետական գործիչներ: Ես ունեմ հասկացողություն, որ իմ երկիրն ունի սահմաններ՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ, երբ Ուկրաինական ԽՍՀ էր»,- ասաց Դմիտրի Գորդոնը՝ թերևս այդ կերպ հիմնավորելու համար Ղրիմի՝ ըստ իրենց՝ ուկրաինական պատկանելության խնդիրը:

Վերջինս այդ համատեքստում բերեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի օրինակը:

Կարդացեք նաև

«Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը երբ սկիզբ առավ ու ծավալվեց, ես դեռ բանակում էի, 1988թ. էր: Այդ հակամարտությունը թեժացնում էր խորհրդային КГБ-ն ու քաղաքական վերնախավը՝ կիսելով իշխանությունը»,- այսպես սկսեց իր ընկալումները կոնֆլիկտի վերաբերյալ ներկայացնել ուկրաինացի պրոպագանդիստը, որը հայտնի է իր սուր ընդգծված հակառուսականությամբ:

Ըստ նրա՝ կոնֆլիկտի էությունը հետևյալն էր. ԼՂԻՄ-ն՝ իր մայրաքաղաք Ստեփանակերտով, մտած էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ, բայց մարզի գերակշռող բնակչությունը հայերն էին:

«Հայերն ասում էին՝ տվեք մեզ այդ տարածքը, որովհետև այնտեղ հայեր էին ապրում, և դա բնիկ հայկական տարածք է: Ադրբեջանցիներն էլ նրանց պատասխանում էին՝ միգուցե և դա բնիկ հայկական տարածք է, և, իհարկե, այնտեղ հայեր են ապրում, բայց այն գտնվում է Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Ահա և հակամարտության ողջ էությունը, որն արհեստականորեն թեժացնում էին ռուսական ուժերը: Այս կոնֆլիկտի ժամանակ երկու կողմից զոհվել են տասնյակ-հազարավոր մարդիկ: Հարյուր հազարավոր հայեր և ադրբեջանցիներ զրկվել են իրենց տներից: Եղել է և հայերի սումգայիթյան կոտորածը, և ադրբեջանցիների մասսայական ելքը մի շարք բնակավայրերից: Սա երկու ժողովուրդների ցավն է»,- ասել է Դմիտրի Գորդոնը: Ավարտելով պատմական էքսկուրսը՝ ուկրաինացի հանրահայտ լրագրողը խոսել է Նիկոլ Փաշինյանի՝ խնդրի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին:

«Հայաստանի առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, այժմ Ադրբեջանին պաշտոնական փաստաթուղթ է ուղարկել Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի էությունը հետևյալն է՝ «մենք Լեռնային Ղարաբաղը ճանաչում ենք որպես Ադրբեջանի մաս, դուք էլ փոխարենը ճանաչում եք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, երաշխավորում եք նրանց անվտանգությունը: Եվ դրանից հետո մենք ստորագրում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղ համաձայնագիր» դարերի համար»: Սա շատ կարևոր պատմություն է, որն, ինչպես հասկանում եմ, աննկատ է մնացել: Պաշտոնական Բաքվից դեռ պատասխան չկա, բայց սա շատ նման պատմություն է Ուկրաինայի հետ»,- նշել է Դմիտրի Գորդոնը:

Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան թեզերը, փաստորեն, բավականին պոպոլյուր են Ուկրաինայում, և ուկրաինական հասարակական-քաղաքական գործիչները դրանք օգտագործում են ընդդեմ Արցախի և Հայաստանի, իրենց հարմար համատեքստում, հատկապես, երբ խոսում են Ղրիմի պատկանելության մասին:

«Գործնականորեն յուրաքանչյուր երկրում կան վիճելի տարածքներ: Դրա համար էլ ամենախելամիտ լուծումը միջազգայնորեն ընդունված սահմանները հաշվի առնելն է: ԽՍՀՄ փլուզման պահին ֆիքսվել է, որ պետությունների սահմանները մնում են այնպիսին, ինչպիսին եղել են ԽՍՀՄ կազմում եղած ժամանակ: Այդ ժամանակ Ղրիմը պատկանե՞լ է Ուկրաինային, այո՛, պատկանել է: Ուրեմն բարի եղեք վերադարձրեք այն: Ղրիմն ուկրաինական տարածք է: Ճիշտ այդպես էլ մտածում է և Ադրբեջանը, և Հայաստանը՝ ի դեմս իր առաջնորդի, հիմա առաջին անգամ համաձայն է դրա հետ: Բայց, իհարկե, պետք է երաշխիքներ տալ ազգաբնակչությանը, քանի որ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են, որ Ղարաղան ադրբեջանական է, ուրեմն Ադրբեջանը պետք է երաշխավորի այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: Եվ դա տրամաբանական է՝ վերադառնալ 1991թ. սահմաններին: Սա վերաբերում է և Ռուսաստանին ու Ուկրաինային, և Հայաստանին ու Ադրբեջանին»,- եզրափակել է Դմիտրի Գորդոնը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս