ՀՀ Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև ստորագրվեց 2023-2027 թվականների համագործակցության պայմանագիր
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ընդունեց ՖրանսիայիՀանրապետության Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության 2023-2027 թվականների պայմանագրի կետերը՝ վերահաստատելով, որ ցանկանում են նախորդ տարիների համագործակցության արդյունքների, երկխոսության և փորձի փոխանակման հիման վրա շարունակել հետագա համագործակցությունը՝ Գեղարքունիքի մարզի սոցիալական, տնտեսական և մշակութային կայուն զարգացմանը նպաստելու համար: Սույն պայմանագրում ամրագրված համագործակցության առանցքները վերաբերում են Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ինստիտուցիոնալ փորձի փոխանակմանը, Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտի որակական բարելավմանը և բուժօգնության հասանելիությանը, Գեղարքունիքի մարզում տուրիզմի կայուն զարգացման գործոնի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆրանսերենի ուսուցմանը, ինչպես նաև մարզի համայնքներում մշակութային միջոցառումների իրականացմանը։
Կողմերը հավաստեցին, որ ցանկացած այլ բնագավառ, որը կարող է հետագայում համագործակցության ծրագրում ներառվելու հավանականություն ունենալ, առանձին կքննարկվի պայմանագիրը ստորագրողների կողմից։ Համագործակցությունը կիրականացվի երկրներից յուրաքանչյուրում գործող օրենքներին համապատասխան:
Քննարկումից հետ ստորագրվեց 2023-2027թվականների համագործակցության նոր պայմանագիրը՝ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի միջև: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն փոխանակվեցին հուշամեդալներով և հուշանվերներով։
Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման և երկու երկրների կողմից վերջինիս վավերացման պահից և կգործի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
Խոսրով Խլղաթյան