Ձայնագրությունը չէր կարող է արվել «հեղափոխական» նիստում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 177. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հերթական անգամ հանդես եկավ հայտարարություններով, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
Մասնավորապես, խոսքը 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված մի ձայնագրության մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ղարաբաղի հարցից եւ ասում, թե՝ «ինձ գժի տեղ կդնեմ»: Եվ, ահա, երեկ խորհրդարանում Փաշինյանը հանկարծ հիշեց մոտ 2 տարի առաջ հրապարակված ձայնագրությունը՝ հարցադրումով հայտարարելով. «Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Եկել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել տվել է Սերժ Սարգսյանին»։
Սա լկտի սուտ է մի քանի պատճառով. նախ՝ ձայնագրության հրապարակումից հետո ՀՀԿ-ական շատ գործիչներ, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը, հրապարակել էին տեղեկություններ այն մասին, որ այդ ձայնագրությունը արվել է Արցախի ժողովրդի կողմից 2019թ.-ին՝ նեղ շրջանակով հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել պատվիրակություն Արցախից՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ստել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ ձայնագրությունը բավականին մոտիկից է արված, իսկ «հեղափոխական նիստերի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը միշտ խոսել է ամբիոնի մոտից կամ դիմացի սեղանի մոտից (ինչպես վերջերս ադրբեջանի դրոշի գույներով ժամացույցի դիմաց էր նստած), եւ նույնիսկ տեսականորեն անհնար էր, որ որեւէ պատգամավոր կարողանար ձայնագրել Փաշինյանին այդքան մոտիկից եւ պարզ լսողությամբ:
Ստել է Փաշինյանը, քանի որ ձայնագրության հրապարակման ժամանակ հենց իրենք ՔՊ ներսում քննարկել են բոլոր վարկածներն ու բացառել պատգամավորներից որեւէ մեկի դերակատարության տարբերակը՝ գալով եզրակացության, որ իրեն գժի տեղ դնելու մասին Փաշինյանը խոսել է Կառավարությունում՝ նեղ կազմում:
Եւ ուրեմն ինչո՞ւ էր նա երեկ զգույշ, հարցական ձեւակերպումներով, առանց անուն տալու թիրախավորում ընդդիմադիր պատգամավորներից մեկին. նշանակում է, որ կա քաղաքական որոշում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ նոր արշավի: Իր ագրեսիայով նա տվեց մեկնարկը: Մենք կհետեւենք զարգացումներին»: