Պետդեպարտամենտը խնդիր է դրել արդյունք ապահովել և կազմակերպել հայ-ադրբեջանական հանդիպում, որը կլինի մեկ քայլ առաջ. եվրոպացի վերլուծաբան
Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքերը Երևան-Բաքու բանակցային գործընթացը վերականգնելու նպատակով:
Նախօրեից Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, զուգահեռաբար Բաքվում է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով իր երևանյան այցից հետո ուղևորվել է Բաքու:
ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծես մեծ թափով լծվել է կոնկրետ միջնորդական աշխատանքների:
Ապրիլի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել էր ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել էին հայ-ամերիկյան համատեղ ծրագրերը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները՝ կարևորելով հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն այսօր կայացած հանդիպման ժամանակ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, կարևորվել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը: Հատկանշական է, որ ապրիլի 12-ին ԱՄՆ-ում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել էր թե Լուիս Բոնոյին, թե Օլսոնին, քննարկելով ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։
Վաշինգտոնը բազմիցս է վերջին ամիսների ընթացքում հաստատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ քննարկումներին նպաստելու գործին։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի վերջին հեռախոսազրույց էր ունեցել թե Փաշինյանի, թե Ալիևի հետ։ Ալիևի հետ զրույցում պետքարտուղարն ընդգծել էր, որ չկա ռազմական լուծում, և կարևորել Լաչինի միջանցքի վերաբացումը: Շուրջ մեկ ամիս է, ինչ տեղեկատվություն է շրջանառվում, որ Վաշինգտոնն ունի նախաձեռնություն՝ հանդիպում կազմակերպել կողմերի միջև, սակայն ակնհայտ է նաև, որ փակ ռեժիմով ընթացող բանակցություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որ գործին լծվել է միանգամից մի քանի դիվանագետ և անձամբ Օլսոնը:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ ամերիկացի համանախագահ դիվանագետը ռեգիոն էր այցելել նաև մարտին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հանդիպման մասին խոսակցությունները սկսվել են դեռևս այդ ժամանակահատվածից: Սակայն, նրա որակմամբ, կողմերի միջև կարծես կան մի քանի առանցքային տարաձայնություններ, որոնք թույլ չեն տալիս գործընթացն առաջ մղել:
«Բացի այդ, տարաձայնությունները, փաստորեն նաև լուրջ միջադեպ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին, որից հետո ևս դժվար է կառավարել կողմերի լարվածությունը: Սակայն, ըստ իս, կա տարաձայնությունների մի քանի ուղղություն: Նախ, ինչպես երևում է, վաշինգտոնյան հարթակով և ընդհանրապես միջնորդավորված բանակցություններ վարելու հեռանկարով հետաքրքրված է Երևանը, Բաքուն այս հարցում ավելի անտարբեր է և փորձում է իր առանձին օրակարգով ընթանալ, թելադրող դիրք ունենալ, իսկ ԱՄՆ-ի նման միջնորդի ներկայությունը բանակցային սեղանին սահմանափակող է:
Սակայն որևէ միջնորդ պարտադրելու գործիք ևս չունի, և ինչպես տեսնում ենք, Վաշինգտոնի համար ևս բարդությամբ է տրվում հանդիպում կազմակերպելը, մշակելը մի օրակարգ, որն ընդունելի է կողմերի համար: Խոսվում է Բաքու-Ղարաբաղ բանակցային միջազգային ներկայությամբ մեխանիզմի մասին վաշինգտոնյան հարթակի շրջանակում, որին Ադրբեջանը դեմ է:
Սա կարծես Երևանի ակնկալիքն է, Բաքուն բոլորովին այլ պահանջներ է դնում, ավելի կտրուկ և արմատական: Դա կարծես անում է բանակցային բոլոր հարթակներում, ինչը հետպատերազմյան երևույթ է այս հակամարտության գոտում:
Ընդհանուր առմամբ, գաղտնիք չէ, որ այս և նմանատիպ հակամարտությունների բանակցությունները չափազանց բարդ են տրվում, սակայն ներկայումս շատ ավելի բարդ է, քանի որ պատերազմ է տեղի ունեցել, և կա շատ ավելի մեծ ու գլոբալ պատերազմ, անկայուն աշխարհաքաղաքական միջավայր: Եվ այս ամենի հանրագումարում և կողմերի համար փոխընդունելի բանակցային հարթակի բացակայության պայմաններում ստեղծվել է մեծ անկայունություն և անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ավելի բարձրաստիճան դիվանագետներ տեղում զբաղվեն խնդիրներով»,- ասաց վերլուծաբանը:
Նա այն կարծիքին է, որ Պետդեպարտամենտը ներկայումս զբաղվում է ոչ միայն պարզապես հանդիպման կազմակերպմամբ, այլև կոնկրետ օրակարգի, հարցերի համաձայնեցմամբ:
«Այլապես հանդիպում համաձայնեցնելը չափազանց հեշտ է, ակնհայտ է, որ ընթանում է կոնկրետ խոսակցություն, ու այն հեշտ չէ: Վաշինգտոնը խնդիր է դրել այնուամենայնիվ արդյունք ապահովել և կազմակերպել հանդիպում, որը կլինի մեկ քայլ առաջ»,- ասաց նա: