ԼՂ ադրբեջանցիները ևս պետք է որոշեն, որովհետև նրանք էլ են ինքնորոշման սուբյեկտ. Փաշինյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2022 թվականի Կառավարության կատարողականը, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը վերաբերում էր Կառավարության ծրագրում տեղ գտած Արցախի հիմնահարցին։

«Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում առկա է առանձին բաժին՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, որտեղ նշված է, թե Կառավարությունն ինչպես է տեսնում հակամարտության կարգավորումը։ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմամբ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»»,- կառավարության ծրագրից մեջբերում արեց պատգամավորը և հավելեց, որ Կառավարության ծրագրի կատարման և արդյունքների մասին զեկույցում Ղարաբաղյան հակամարտություն բաժին առանձին առհասարակ գոյություն չունի, շատ թեթև ակնարկ կա Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների համատեքստում։

«Խոսվում է միայն արցախահայության իրավունքների և անվտանգության մասին, Արցախի ինքնորոշման մասին որևէ հղում չկա։ Առանց երկիմաստությունների և որոգայթների, ներկայացնել, թե որն է Ղարաբաղի ապագա կարգավիճակը, դուք որտե՞ղ եք գտնում՝ 2018 թվականից ասում էիք, որ Արցախի հարցի լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- հարց ուղղեց Արթուր Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ելույթում թեմային անդրադարձել է, սակայն այդ անդրադարձի մեջ կար հետևյալ նյուանսը, որ պիտի փորձի տալ այնպիսի ձևակերպումներ, որոնք կօգնեն կենտրոնանալ ոչ թե քաղաքական բանավեճի վրա, այլ հարցի էության։

«Հարցին մասամբ պատասխանել եմ, բայց հիմա նորից կպատասխանեմ, սակայն պիտի խնդրեմ, որ կենտրոնանանք հարցի բովանդակության վրա։ 2018 թվականին առկա բանակցային ժառանգության մեջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի և կա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն հասկացություն։ Այս բառերը շատ կարևոր են, այո, Հելսինկյան եզրափակիչ ակտով և մնացած բոլոր ակտերով ժողովուրդը սահմանադիր սուբյեկտ է, իսկ բնակչությունը սահմանադիր սուբյեկտ չէ։ Ցավում եմ, որ այս ամենի մասին ստիպված եմ խոսել հրապարակային, բայց ուրիշ տարբերակ չկա, ի վերջո, պետք է այդ հարցը պարզաբանվի։

Եթե ասում ենք՝ ինքնորոշում, որտեղի՞ց ենք ինքնորոշվում, օրինակ, ինչո՞ւ չենք ասում՝ Հայաստանն ինքնորոշվի, որովհետև Հայաստանն ինքնորոշվել է 1991 թվականին նույն Ալմա Աթայի հռչակագրով, եղել է Խորհրդային Միության մաս։ Ես նախորդ անգամ ասեցի, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի, Ադրբեջանի և մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային Միությունից։ Նաև ասում էին, որ ինքնորոշման սուբյեկտ միայն Լեռնային Ղարաբաղի հայերը չեն, այլև ԼՂ ադրբեջանցիները, և իրենք էլ պիտի որոշեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և կրկնեց նախորդ ասածը, որ Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ Արցախի կարգավիճակը պետք է ճշգրտվի Ադրբեջանի հետ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս