Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածներն են ճիշտ եղել, ժողովուրդը ծայրահեղ վիճակում է ապրում. Հարցում

Օրերս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքում հերթական տնտեսական «ավետիսն էր» բերել՝ տեղեկացնելով, որ համաձայն Արժույթի Միջազգային Հիմնադրամի` Հայաստանի տնտեսության իրական աճը 2022 թվականին աշխարհի մոտ 200 երկրների մեջ 4-րդն է:

Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում այս մասին տեղեկացրեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես արձանագրելով. «2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ:

Այս ցուցանիշով Հայաստանը, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում»:

Ի դեպ, ո՛չ Քերոբյանը, ո՛չ Փաշինյանը չնշեցին, որ միջազգային կառույցի արձանագրած ցուցանիշներում ամենամեծ գործոնը եղել է ռուս-ուկրաինական հակամարտության տնտեսական էֆեկտը, որը ժամանակավոր է:

Կարդացեք նաև

Այդուհանդերձ, 168.am-ը շրջել է Երևանի կենտրոնով՝ պարզելու՝ արդյո՞ք քաղաքացիներն առնչվել են Փաշինյանի ու Քերոբյանի բերած տնտեսական «հրաշք»-ին:

«Առնվազն աբսուրդ է,- արդյո՞ք այդ աճը զգացել եք Ձեզ վրա՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ նշեց քաղաքացիներից մեկը՝ մանրամասնելով,- Կատարյալ սուտ է. 5 տարի է՝ իրենք ստելով, թվեր նկարելով են զբաղված: Կամ՝ ո՞նց կարող են աշխարհի հետ ոտք մեկնել»:

Մեկ այլ քաղաքացի ասաց, որ աճը զգում է՝ նշելով, որ ժողովրդի ուրախությունն ու ժպիտը բավական է:

«Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածներն են ճիշտ եղել. հավատո՞ւմ եք այդ սրիկային: Վահան Քերոբյանը մեկ տարի առաջ ասեց՝ տնտեսությունը լավ է, քանի որ երկրում շատ եռուզեռ կա. եթե դա է իրենց չափանիշը, վայը եկել է այս երկրի գլխին»,- զայրույթով նկատեց հայրենադարձ մի քաղաքացի:

Կենտրոնաբնակ մի տիկին վստահեցրեց՝ աճը զգում է. «Տրանսպորտը լավ է աշխատում, խանութները՝ լիքը, ամեն ինչ կա:

Գնաճը խանգարում է բոլորին. ամեն ինչն է բարձրանում, բայց հանգիստ եմ, որովհետև ասում են՝ թոշակները պետք է բարձրացնեն, աշխատավարձերն են բարձրանում»:

«Տնտեսական իրավիճակը շատ վատ է, ժողովուրդը ծայրահեղ վիճակում է ապրում: Ով գալիս է, միայն խոստումներ է տալիս. խոստումներով կերակրվում ենք, գնալով ավելի վատանում է»,- ցավով արձանագրեց մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս