Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում այս տարի շուրջ 930 շահառու ստացել է աջակցություն
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2023 թվականի ապրիլի 17-ի դրությամբ աջակցություն է ստացել շուրջ 930 շահառու․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 645 մլն դրամ։
Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հիշեցնելով, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։
Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։
Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։
Ծրագրերի պայմաններին, գործընկեր բանկերի ցանկին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3zt3B0D