
Ըստ պաշտոնական վարկածի՝ Արման Երիցյանը և Կարեն Հակոբյանը բերման են ենթարկվել վիճաբանության մասին ահազանգից հետո

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մի քանի ժամ առաջ ահազանգել էր, որ 3 ժամից ավելի Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։
«Ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները, ասում են՝ հեռախոսները փողոցում են գտել։
Թե ինչ է կատարվում ներսում, կարելի է առաջնորդվել երևակայությամբ՝ ինչպես միշտ։ Խմելու ջուր չեն տվել և այլն: Եթե կան փաստաբաններ, որ կարող են այս պահին գնալ Կենտրոնի բաժին, շնորհակալ կլինենք։ Ի դեպ, ոստիկաններին ահազանգել է Կարեն Հակոբյանը, և հիմա ինքն է ձերբակալված»,- տեղեկացրել էր իրավապաշտպանը:
168.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից մասնավորապես տեղեկացրին. «Իր նշած անձինք խուլիգանություն կատարելու հիմքով բերվել են ոստիկանության կենտրոնական բաժին, կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»:
Կապ հաստատեցինք նաև նախաքննական մարմնի՝ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, որը մասնավորապես հայտնեց. «Ակումբի մոտ վիճաբանության, ծեծկռտուքի հետ կապված ահազանգ է եղել ոստիկանություն, երեք անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: 297 – րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ: Այս պահ դրությամբ այդ անձինք դեռևս ձերբակալված են»: