Ովքե՞ր են դառնում խաղամոլ, ո՞ր կանայք են հանդուրժում բռնությունը և ինչո՞ւ. Հոգեբանի պարզաբանումը
Ինքնագնահատականը սեփական անձը գնահատելու միջոց է: Երբեմն՝ մեզ թերագնահատում, երբեմն էլ՝ գերագնահատում ենք: Ո՞րն է սահմանը: Հարցի պատասխանը փորձեցինք գտնել հոգեբան Գրիգոր Բադալյանի հետ զրույցում:
-Պարո՛ն Բադալյան, մարդու ինքնագնահատականը ձևավորվում է փոքրուց, և այստեղ մեծ դեր ունեն ծնողները: Ինչպե՞ս վարվել, որպեսզի երեխայի մոտ ձևավորվի ադեկվատ գնահատական, ոչ թե բարձր կամ ցածր:
-Լավ նկատեցիք, իրականում մեզ անհրաժեշտ չէ բարձր ինքնագնահատական, որովհետև շատ ժամանակ սխալմամբ ասում են, որ բարձր ինքնագնահատական է պետք, բայց համաձայնեք, որ բարձր ինքնագնահատականով անձը երբեմն բախվում է իրականությանն ու տեսնում է, որ սեփական անձի մասին պատկերացումը չի համապատասխանում իրականությանը:
Բնականաբար, դա ցավոտ է լինում: Հետևաբար, անհրաժեշտ է ոչ թե բարձր կամ ցածր, այլ կայուն, ադեկվատ ինքնագնահատական:
Ինքնագնահատական՝ նշանակում է ինքդ քեզ, քո ռեսուրսներին տրված գնահատական: Ինքնագնահատականը հիմնականում ձևավորվում է ծնողների, հասարակության հաղորդագրությունից:
Երեխայի անձնային աճի ժամանակ մեծ դեր ունեն ծնողները, ովքեր նրան աջակցում են, սովորեցնում: Ընդհանրապես զարգացման համար ծնողներն են պատասխանատու: Երբ երեխան ծնվում է, նա չունի ինքնագնահատական, ինքն իրեն չի ճանաչում: Վերաբերմունքը ձևավորվում է ո՞ւմ՝ ծնողների վերաբերմունքի միջոցով: Այսինքն, ինչպես ծնողները քեզ վերաբերվեցին, մեծ հաշվով, դու նույն կերպ ես սկսում քեզ վերաբերվել: Եթե ծնողները շատ հաճախ երեխայի հետ խաղում են, գրկում, սիրում, ոգևորում են, հավատում, ապա երեխան ձեռք է բերում վստահություն, ռեալ հայացք, ինչն էլ ձևավորում է կայուն ինքնագնահատական:
Կայուն ինքնագնահատականով անձը գիտի, որ ինքն իդեալական չէ, ու դա նորմալ է: Գիտի, որ ունի որոշակի թերություններ, անլիարժեքություններ, ինչը նորմալ է: Սա չի նշանակում, որ չի փորձում զարգանալ, պարզապես չունի հոգեբանական վերքեր:
Իսկ անկայուն կամ ցածր ինքնագնահատականի տակ ընկած են վերքեր: Ընկած է ծնողի տված գնահատականը՝ քննադատություն, արժեզրկում, ծաղրանք, համեմատություն:
Օրինակ, եթե ծնողն ասում է՝ տե՛ս, հարևանի երեխան ավելի շուտ կերավ, քան դու: Համեմատում է, ու շատերին թվում է, որ երեխան ավելի լավ է դա անելու: Պարզ կանոն կա.եթե լավ ես վերաբերվում, ապա լավ հետևանք է լինում, վատ ես վերաբերվում, ապա վատ է լինում: Իսկ համեմատության ժամանակ երեխան մտածում է, որ ծնողը մյուս երեխային ավելի կարևորեց, ու ինձ կարող է փոխարինել նրանով, որովհետև նա ավելի լավն է: Ի՞նչ պետք է անել՝ լինել նրա նման, բայց ոչ ինձ պես:
Ծնողները նաև ասում են՝ 5 ստացար, ես քեզ կսիրեմ, այսպես արեցիր՝ կսիրեմ: Երեխան հասկանում է, որ լավն է այն դեպքում, երբ ինչ-որ արարք է անում: Ու ի՞նչ եք կարծում, տվյալ համոզմունքներով երեխան երբ մեծանում է, ու իրենից ինչ-որ բան են խնդրում, կարո՞ղ է դիմացինին մերժել՝ ոչ, որովհետև մերժելու, չծառայելու դեպքում իրեն չեն գովի, կասեն՝ լավը չէ: Հետևաբար՝ հակված է շահել այլոց շահերը:
-Նշեցիք դպրոցում գնահատական ստանալու հանգամանքը: Ինչպե՞ս ծնողը նպաստի, որ երեխան գնա դեպի ուսումը, հոգեբանորեն ինչպե՞ս մոտենա:
-Շատ ծնողներ կարծում են, որ լավ սովորելը ներկայիս սանդղակով 10 միավոր ստանալն է: Բայց, միևնույն ժամանակ, կոտրվում է երեխայի ինքնագնահատականը, կարող է դառնալ անինքնավստահ: 10 գնահատականն ո՞ւմ համար է, երեխայի՞: Իրականում ծնողի համար է: Ծնողին է պետք երեխայի գնահատականի միջոցով բարձրացնել սեփական ցածր ինքնագնահատականը:
Իսկ ինչպե՞ս անել, որ երեխայի համար կրթությունը լինի արժեք.առաջինը սեփական օրինակն է:
-Նկատած կլինեք, որ շատ են այն ծնողները, ովքեր երեխայի ձեռքը հեռախոս են տալիս կամ պարտադրում են դաս սովորել, իսկ իրենք սերիալ են նայում կամ հեռախոսով զբաղվում: Օրինակ են ծառայում, բայց երեխային են վիրավորում՝ ասելով՝ դեբիլ, անկիրթ:
-Հրաշալի օրինակ բերեցիք: Հեռախոսն առաջին խնդիրներից է:
Երեխան ոչինչ չի սովորում, նայում է ինչ-որ տեսանյութեր, որն անվերահսկելի է: Երեխան ծնողի հետ շփվելու, լսված լինելու, հույս ստանալու անհրաժեշտություն ունի: Ծնողներից շատերը տալիս են հեռախոսը.իհարկե, դա շատ հեշտ է.երեխան այնտեղ է զբաղվում, դու՝ այստեղ: Բայց երեխան սովորում է, որ տվյալ հույզերը կարելի է ստանալ անշունչ առարկաների միջոցով: Հետևաբար, ինչքան է հավանականությունը, որ մեծ տարիքում կախվածություն կունենա ցանկացած անշունչ առարկայից.էական չէ՝ ծխախոտ է, թե ալկոհոլ:
-Կարծիք կա, որ ցածր ինքնագնահատականով մարդիկ սեր ունեն ալկոհոլի, թմրանյութի հանդեպ:
-Սկզբունքը հետևյալն է.կախվածությունը՝ կապ չունի՝ ազարտային խաղերից, ալկոհոլից, էքստրեմալ սպորտաձևից, փախուստ է այնպիսի աշխարհ, որտեղ կարող ես ստանալ պահանջմունքների բավարարում, որը քո իրական աշխարհում չես ստացել: Դրանցից կարողանում ես ստանալ դրական հույզ: Սա հատուկ է այն մարդկանց, ովքեր ունեն հոգեբանական չլուծված մի շարք խնդիրներ:
Մեծ հավանականությամբ, առողջ, երջանիկ անձն անհրաժեշտություն չունի փոխել իրականությունը՝ ալկոհոլային կախվածությամբ և այլն:
Դա չի նշանակում, որ ինքն ընդհանրապես ալկոհոլ չի ընդունում, բայց դա նշանակում է, որ չի փախչում այս իրականությունից, իր եսից:
Նրանք, ովքեր գոհ չենսեփական անձից, տարբեր դերերի մեջ են մտնում: Ցավոք, մեր հասարակությունում ընդունված և տարածված է այն, որ հայրերը երեխաների հետ չեն կարողանում խաղալ, ուրախանալ, մանկանալ, ընկերություն անել: Դիստանցիա են պահում, շփվում են կոպտությամբ, կարծես տղամարդ են ուզում դաստիարակել: Պարզապես փախչելով սեփական դերից՝ մտնում են այլ դերի մեջ, որտեղ իրենց թերությունները չեն երևում: Շատ բան գալիս է սեփական անձի հասունությունից, հուզական ինտելեկտից. երբ ես հասկանում եմ սեփական հույզերը,կարողանում եմ հասկանալ նաև դիմացինին, ապրումակցել, չեմ վախենում կոնֆլիկտից:
-Իսկ խաղամոլ, թմրամոլ դառնալու այդ սխալ ճանապարհից մարդն ինքն իրեն կարո՞ղ է հետ բերել:
-Հիմնականում շատ դժվար է: Աստեղ միայն կախվածությունը չէ.վարքը,սեփական ինքնագնահատականն է: Եթե հարցնես՝ կասի՝ ես ճիշտ եմ, բայց ունի մի շարք խնդիրներ, որոնք և՛ ինքնագնահատականի, և՛ ինքնավստահության վրա են ազդում: Երբ դու խաղում ես, հասկանում ես, որ պարտվեցիր, ու մեծ հավանականությամբ, հաջորդ անգամ էլ ես պարտվելու, այստեղ չկա տրամաբանություն: Սա անգիտակցական քայլ է, և պետք է նախ առողջանալ, ապա կարողանալ կախվածությունից հրաժարվել:
Հիմնականում մասնագետի օգնությունն է անհրաժեշտ, որը մեծացնում է առողջանալու հավանականությունը:
-Հաճախ ենք լսում դեպքեր, որ կանայք բռնության են ենթարկվում ամուսնու կողմից, բայց իրենք ասումեն՝ կդիմանանք, որ երեխան հետագայում ցածր ինքնագնահատական չունենա: Արդյո՞ք առանց հայր մեծացած երեխան ունենում է ցածր ինքնագնահատական:
-Պարտադիր չէ: Երեխայի անառողջ ձևավորման համար անհրաժեշտ է անառողջ միջավայր: Եթե երեխան տեսնում է, որ ծնողները մշտապես կոնֆլիկտ են ունենում, դա իր համար հոգեբանորեն թունավոր և անառողջ միջավայր է: Հետևաբար՝ ես ինձ զոհեմ հանուն երեխայի, դա ինձ ոչ մի տեղ չի տանում, արդյունք չի տալիս: Երեխան տեսնումէ մոր զոհ և հոր ագրեսոր կերպարները, նրանցից մեկի հետ նույնականացվում է: Տեսնում է, որ մարդկային հարաբերություններն այսպիսին են: Ինքն իրեն զգում է անինքնավստահ, ոչ պաշտպանված, տագնապային, որն ազդում է ինքնագնահատականի վրա: Իսկ երբասում են՝ երեխայի համար է, չեմ կարծում, որ հասուն, կայուն ինքնագնահատականով կինը կհանդուրժի իր հանդեպ բացասական վերաբերմունք: Ոչ մի բանի հաշվին չի հանդուրժի՝ ոչ երեխայի, ոչ գումարի, ոչ էլ կմտածի, թե իր մասին ինչ կխոսեն: Այն մարդիկ, ովքեր հակված են հանդուրժել, դա բխում է իրենց ինքնագնահատականից:
Շատ կանայք նման դեպքում ունեն նևրոտիկ հակվածություն, բացասական հույզեր զգալու կարիք: Նույնիսկ կարող են հրահրել, որպեսզի ամուսինն իր հետ կոնֆլիկտ ունենա:
Վախի առաջին ցուցիչն այն է, որ կինը վախենում է հարաբերություն կորցնել, որովհետև ինքնուրույն՝ նա չկա, գոյություն չունի: Իսկ ինչո՞ւ է այդպես, որովհետև իրեն մեծացրել են այդպես՝ ասելով, որ՝ թող, ես կանեմ, դու չես կարող, զգույշ՝ կընկնես, ամեն ինչ փչացնում ես, և անձը սկսում է հասկանալ, որ մենակ խնդիր չի կարող լուծել, իրեն պետք է աջակցեն: Օրինակ բերեցի կանանց վերաբերյալ, բայց ամուսինը, ով հակված է բռնարար վարքի, բնականաբար, առաջին նևրոտիկը հենց նա է: Նևրոտիկ,այսինքն՝ ոչ հասուն, օժտված հոգեբանական մի շարք խնդիրներով, որոնք էլ պայմանավորում են իր գործունեությունը:
Մանրամասները՝ տեսանյութում