Կառավարության հերթական «ծածուկ» որոշումները տեղիք են տալիս նոր սպառնալիքների ու աղետների կանխազգացման
ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է երկու կասկածելի նախագիծ, որոնք ենթադրում են խոշոր չափի գումարների ծախս և որոնցից յուրաքանչյուրի նպատակը լավագույն դեպքում ներկայացված է ընդամենը մեկ՝ որևէ հստակ բացատրություն չտվող նախադասությամբ։ Միաժամանակ պետք է նշել, որ նախագծերից յուրաքանչյուրը ներառում է հույժ գաղտնի կետեր։ ՀՀ ֆինանսների նախարարությունն էլ՝ ունենալով դիտարկումներ տվյալ գումարների վերաբաշխման վերաբերյալ, վերջիններս ներկայացրել է գաղտնի ընթացակարգով։
Խոսքը վերաբերում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից կառավարության վերջին նիստի օրակարգում ներկայացված 24-րդ և 26-րդ հարցերին։
Սկսենք, թերևս, ամենախոշորից՝ 26-րդ հարցից։ 895 մլն 514 հազար դրամ կառավարության որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից փոխանցվեց «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրին՝ ռազմավարական հետազոտությունների իրականացման և առաջարկությունների ներկայացման նպատակով։ Բացի այն, որ հարցը չզեկուցվող էր, վերջինիս 4 կետերից 3-ը հույժ գաղտնի էին։ Նախագծի ողջ փաթեթում չկար նշված գեթ մեկ բառ, թե ի՞նչ նպատակ են հետապնդելու այդ ռազմավարական հետազոտությունները, ի՞նչ ոլորտի են վերաբերելու կամ ո՞ւմ կողմից են իրականացվելու։ Միայն նախագծին կից հավելվածից հնարավոր եղավ բացահայտել, որ գումարը բաշխվելու է որպես ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին։
Հաջորդ որոշմամբ, որը վերաբերում էր 24-րդ հարցին, ՀՀ կառավարությունը 33 մլն 315 հազար դրամ փոխանցեց ինչ-որ անհայտ կազմակերպությանը հասարակության սոցիալական խոցելի խմբերի խնդիրների վերհանման և նրանց հասարակությանն ինտեգրելու նպատակով։Այստեղ, իհարկե, պետք է «շնորհակալություն» հայտնել նախագիծը ներկայացնող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ով գոնե մեկ նախադասությամբ փորձել էր ձևակերպել գումարի տրամադրման նպատակը՝ այն է, որ տվյալ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարբեր սոցիալական շերտերի խնդիրները վերհանելու, դրանց հասցեագրման ուղիների ձևավորման ճանապարհային քարտեզ մշակելու, ներառականություն և ներգրավվածություն ապահովելու համալիր մոտեցում ունենալու անհրաժեշտությամբ: Այս նախագիծը բաղկացած էր 2 կետից, որից 1-ը՝ հույժ գաղտնի։ Ուսումնասիրելով նախագծին կցված փաստաթղթերը՝ հնարավոր եղավ պարզել միայն այն, որ նշված աշխատանքներն իրականացվելու են մեկ կազմակերպության կողմից, իսկ թե կոնկրետ ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը, կառավարությունն այս մասին նախընտրել է լռել։
Երբ այս կամ այն որոշման նախագծի մեջ տեղեկատվության պակաս կա, այն մշտապես կասկածների տեղիք է տալիս, սակայն երբ նմանօրինակ ծածուկ, այսպես ասած «քչախոս» որոշումները տեղի են ունենում ներկայիս իշխանությունների օրոք և համադրվում են վերջիններիս գործեալոճի, վարած քաղաքականության և երկրում տեղի ունեցող միջադեպերի հետ, ստեղծվում է ոչ թե կասկածի ֆոն, այլ վերահաս նոր սպառնալիքների կամ աղետների կանխազգացում։ Այդ զգացումն ուժեղացնում է նաև այն, որ գաղտնի կետերով «խեղդված» նմանօրինակ որոշումները կայացվում են Հայաստանի սահմանին տեղի ունեցած հերթական էսկալացիայից օրեր անց։ Ձեռքի տակ առկա բոլոր փաստերի համակցումը տպավորություն է ստեղծում, որ տվյալ միջոցները միտված են հասկանալու հայ քաղաքացու և, հատկապես, սահմանամերձ բնակիչներների տրամադրությունները և մշակելու քարոզչական մի արշավ, որով փորձ կկատարվի հասարակության վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանային դեմարկացիայի արդյունքում թշնամուն հայկական հերթական բնակավայրերի հանձնումը ներկայացնել ընկալելի լույսի ներքո, ինչու չէ նաև որպես շահավետ գործարք։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ հերթական բնակավայրի հանձնման արդյունքում պետությունն առերեսվելու է առանց տուն ու օթևան մնացած, աշխատանք, հողատարածք, սեփական բիզնես կորցրած մարդկանց հետ, կարիք կլինի տվյալ տարածքները շրջանցող նոր ճանապարհներ կառուցել և այլն, իսկ դրա համար պետք է հասկանալ, թե բողոքի ու դժգոհության ինչ աստիճանի մեծ ալիք է բարձրանալու և, ըստ այդմ, սեփական ժողովորդի հանդեպ նախահարձակ լինելու նպատակով, մշակել ու գործի դնել ստերով, մանիպուլյացիաներով լի հերթական արշավը, որպեսզի ժողովուրդը վերջում նույնիսկ շնորհակալություն հայտնի Փաշինյանին այն բանի համար, որ թշնամին իրենց դուրս վռնդեց իրենց իսկ սեփական տնից ու հողից։