«Երբեք որևէ սկզբունքով հայկական կողմն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում. նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ». Դավիթ Բաբայան
Ապրիլի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը վերաբերում էր Արցախին։ Իշխանական պատգամավորը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի այն, որ, երբ «Հայաստանն ասում է, թե Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որոշ շրջանակներ դա հասկանում են՝ որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»։
Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առհասարակ կարծում է, որ ֆունդամենտալ պետք է անդրադառնալ այն կոնցեպտին, որով հետապնդվել է Լեռնային Ղարաբաղի հարցը մեր անկախության տարիների ընթացքում։
«Իմ կարծիքով՝ մենք այդտեղ ունենք երկու մաս, մինչև Մադրիդյան սկզբունքները և Մադրիդյան սկզբունքներից հետո։ Մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։
Այստեղ հարց է ծագում, եթե Լեռնային Ղարաբաղը մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պիտի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ է, որ ինքնորոշում նշանակում է ինքնորոշվել, լինել մի որևէ տեղ և ինքնորոշման իրավունքի իրականացմամբ այդ տեղից տեղափոխվել այլ տեղ։
Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը Խորհրդային Միությունն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո Ադրբեջանն է, հետևաբար՝ այս տրամաբանությունը, որ իրենք դրել են, գրագետ թարգմանության դեպքում նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը՝ է՛, կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվելու։ Սա մեր մեծագույն բացթողումն է, որ 2018 թվականից մենք սրանով հանդես չենք եկել ու մեր ժողովրդին չենք բացատրել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նախ ասաց, որ այն, ինչ ասելու է, չի ցանկանում, որպեսզի այն ստանա ներքաղաքական երանգ։
«Մադրիդյան և այլ սկզբունքների վերաբերյալ ասեմ, ուրեմն՝ երբևիցե հայկական կողմից որևէ մեկը, նկատի ունեմ Հայաստանի կողմից՝ չի ճանաչել ու չի համաձայնել, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի մաս։ Եթե այդպես էր, ապա այդ դեպքում ինչո՞ւ մենք սկսեցինք Արցախյան շարժումը։ Տարբեր սկզբունքներով, լինի Մադրիդյան թե այլ, քննարկվում էին տարբեր տարբերակներ, Ադրբեջանը շեշտում էր, որ, օրինակ, ինքնորոշման համար ամբողջ Ադրբեջանում ռեֆերենդում պետք է լինի, և իրենք դրանից երբեք չէին հրաժարվում։ Սակայն հայկական կողմից երբեք որևէ մեկը, որևէ վարչակազմ, քանի վարչակազմ է փոխվել, ոչ մեկն Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչել։ Մենք Ադրբեջանի կազմից ինքնորոշվել ենք 1988 թվականից։
Վերջապես նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով ՝ անհասկանալի է, թե խնդիրն ինչի մեջ է այժմ, ավելին՝ Մադրիդյան սկզբունքների ժամանակ Հայաստանի նախագահը, արտգործնախարարը նույնպես պետք է խոսեն։
«Կրկնում եմ՝ Արցախը մշտապես հայտարարել է, որ չի ցանկանում որևէ կերպ միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, սակայն այս ամենն արդեն արտաքին՝ ղարաբաղյան հիմնախնդրին է վերաբերում։ Երբեք որևէ մեկն Արցախը չի կարող ընդունել Ադրբեջանի մաս, այդ դեպքում ինչո՞ւ պետք է այս ամենը սկսվեր։ Այս ամենը կարող էր ասել ադրբեջանական կողմը, կհասկանայինք, քանի որ իրենք միշտ էլ այսպես են ասում, պետք է նույն Ադրբեջանից շատ բան սովորենք։
Ալիևը ժամանակին հայտարարում էր, որ միջազգային հանրությունն իրեն փակ դռների հետևում ճնշում է, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, այս ամենը պետք է հաշվի առնենք ու ասենք, որ ոչ մի սկզբունքով հայկական կողմն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել։
Քանի-քանի հանրաքվե ենք մենք անցկացրել, ոչ միայն անկախության, այլև Սահմանադրության և այլն, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախն անկախ է։ Կրկնում եմ՝ Ադրբեջանից մենք ինքնորոշվել ենք 1988 թվականին, և Հայաստանը դա ընդունել է բազմաթիվ անգամներ, աշխարհը՝ նույնպես։ Եթե կա Մինսկի խումբ, եթե Արցախը ճանաչվել է և՛ հակամարտության կողմ, և՛ բանակցությունների կողմ նույն ԵԱՀԿ-ի կողմից, սա փաստ է, և մենք փաստերով պետք է խոսենք։ Հայկական կողմը, անկախ ամեն ինչից, ինչ ուզում է լինի, պետք է այնպես անի, ինչպես որ պետք է, այսինքն՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ Ադրբեջանի կազմից ինքնորոշվենք, դա վաղուց ենք արել»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Արցախում չի լինի որևէ մեկը՝ 120 հազար հոգուց, բացառությամբ՝ մեկ-երկուսից ու մեկ-երկու դավաճանից, ովքեր կհամաձայնեն, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում, նման բան չի կարող լինել։