Մահվան վաճառականը
Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություններ, որոնց կատարումը տվյալ պահի իշխանության ուղղակի պատասխանատվության տիրույթում է։ Բազմաթիվ այդպիսի պարտավորությունների թվում կենսական նշանակություն ունի քաղաքացիների կյանքի իրավունքի, պետության տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովումը։ Դրանք պետության հիմնարար պարտականություններն են, որոնցից ածանցվում են իշխանության, պետական կառավարման համակարգի մյուս գործառույթները։ Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջությամբ տապալել է այդ հիմնարար պարտականությունների կատարումը։
Շուրջ երկու տարի է՝ թշնամական զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքում է, այսինքն՝ իշխանությունը չի կատարում սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ապահովման իր պարտականությունը, որը հատկապես վերջին շրջանում ձախողում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Վերջին դեպքը Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքն էր, որի պատճառով, ըստ պաշտոնական տեղեկությունների, զոհվեցին 4 զինծառայողներ, վիրավորվեցին 6-ը, Հայաստանի ինքնիշխան տարածքների՝ դեռևս չճշտված չափով հատվածներ կրկին անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Իրականում բոլոր այս և չթվարկված բազմաթիվ իրադարձություններ, ի թիվս արտաքին ծագում ունեցող գործոնների, պայմանավորված են նաև ու առաջին հերթին իշխանության կայացրած որոշումներով՝ սկսած Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից՝ մինչև դաշնակից պետությունների հետ հարաբերությունների ամրապնդում կամ վատթարացում, հաշվարկված արտաքին քաղաքականությունից՝ մինչև արկածախնդիր դիվանագիտական ցատկեր։
Սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններն իրականում տասնյակ, հարյուրավոր որոշումների օրգանական հետևանքն են, դրանց արտաքին շերտի արտահայտությունը։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը, իր մանիպուլյատիվ սովորության համաձայն, բոլոր նման դեպքերում մեղավորներ է նշանակում՝ ներքին դավադիրներից մինչև անարդար միջազգային հանրություն՝ իշխանության պարտականությունները հասցնելով այս կամ այն մայրուղու ասֆալտապատման (կարկառուն ՔՊ-ականների բիզնեսի) համար հանրային միջոցների հատկացմանը, ինչով մեծագույն հաճույքով զբաղվում է կառավարության նիստերի ընթացքում։
Նիկոլ Փաշինյանը իշխանության գործառույթը մեծ հաշվով հասցրել է փող բաշխող մարմնի չարչիությանը և պետությանն ու հասարակությանը վերաբերվում է սրբություն չունեցող վաճառականի հոգեբանությամբ։ Նրա համար կարևորը սեփական իշխանությունն է, որի պահպանման նպատակով օգտագործում է հանրային միջոցները։ Իսկ հասարակությունն այդ նույն իշխանության պահպանման համար վճարում է ոչ միայն ֆինանսապես, այլ սեփական երեխաների կյանքով։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչը նշանակում է, որ նա ամեն օր կայացնելու է որոշումներ, որոնք արժենալու են մարդկային, տարածքային կորուստներ՝ մոտեցնելով պետության վերջնական կորստի հանգրվանը։ Եվ քանի որ այս իրականությունը ստեղծվել է կայացված որոշումների պատճառով, խնդրի լուծումը կրկին որոշումների կայացման հարթությունում է։ Այս իրականությունը կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ հասարակությունը որոշում կկայացնի այլևս չվճարել Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման արյունոտ գինը։
Հարություն Ավետիսյան