«Պատերազմը չի՛ ավարտվել. կես վայրկյան չկրակելը չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է». Թևան Պողոսյան

«Պատերազմը չի ավարտվել. մենք պատերազմի մեջ ենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

«Իշխանությունները թող մի հատ նկարագրեն, թե որն է իրենց ասած խաղաղությունը: Ադրբեջանցիները գիտեն՝ իրենց խաղաղությունը որն է, ասում են՝ Երևանն էլ պետք է գանք վերցնենք ու խաղաղ ապրենք: Մարդիկ իրենց խաղաղությունը նկարագրել են, մեր խաղաղությունը կնկարագրե՞ք»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը ասել է՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքում խաղաղ ապրել, նա արձագանքեց. «Այդքան տարածք այլևս չկա, ոչ էլ Ադրբեջանն ընդունում է դա, ինքը ուրիշ թիվ է ասում: Այնպես որ, եկեք այդ խաղաղության թեման փակենք, էլի, դա քաղաքական մանիպուլյացիա է, ասում են, էլի, հերիք է՝ դա կրկնեք: Չորրորդ իշխանությունը մի անգամ պետք է զգա, որ ինքը իշխանություն է և իրականում կարող է օրակարգ ձևավորել: Մի խաղացեք սին օրակարգերի վրա, հատկապես, որ ինքներդ եք փաստում եղած իրադարձությունները: Ո՞ր իրադարձությունն է այսօր համապատասխանում խաղաղության օրակարգին»:

Կարծիքներ կան, որ Ադրբեջանի երեկվա ագրեսիան լրջագույն քննություն է ԵՄ դիտորդների համար, և, որ ԵՄ կողմից պետք է հստակ արձագանք լինի, այլապես ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում անիմաստ է դառնում, հատկապես այն բանից հետո, երբ Տոյվո Կլաարը հաստատեց, որ ԵՄ-ն ամենշաբաթյա ռեժիմով ՀՀ-ում ԵՄ առաքելության պարեկության գրաֆիկը տրամադրում է Ադրբեջանին:

Կարդացեք նաև

Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սպասել Եվրամիությունից:

«Նախորդ տարի չի՞ եղել դեպք, որ իրենք այստեղ լինեն, ու ադրբեջանցիները կրակեն: Առաջին քննությո՞ւնն են հանձնում: Ի՞նչ էիք ակնկալում: Այլ խնդիր է, որ կա բացահայտված իրավիճակ, որ զեկուցում են, ինչ-որ բաներ են անում, ներկայացնում են, որ նրա համար էին, որ հանկարծ Ռուսաստանի և Հայաստանի զորքերը չհարձակվեին Ադրբեջանի վրա, և այլն»,- ի պատասխան՝ ասաց նա:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ասել էր, որ ԵՄ առաքելությունը գալիս է, որ համոզվի՝ Հայաստանն ու Ռուսաստանը միասին չեն հարձակվելու Ադրբեջանի վրա, նա արձագանքեց. «Դրա համար եմ ասում՝ այդ բացահայտումները եղել են: Հիմա ԵՄ առաքելության վերաբերյալ ո՞ր երկրներն են դեմ արտահայտվել՝ իրենց ազգային անվտանգության տեսակետից: Ձեզ ո՞նց է թվում՝ Իրանի և Ռուսաստանի հետախուզություններն ավելի հզոր չե՞ն, քան, օրինակ, մերը: Ձեզ թվում է, թե այդ երկրները որևէ քաղաքական հայտարարություն են անում՝ առանց ունենալու հիմնավոր կասկածներ, որոնք հիմնված են հետախուզական տեղեկությունների վրա՞: Պետք է սպասեինք՝ Տոյվո Կլաարը միամիտ մի հարցազրույցում այդ մասին ասե՞ր: Դա այն նույն Տոյվո Կլաարն է, որն ավելի շատ Ալիևի աշխատավարձի վրա է նստած, քան որևէ այլ բանի»:

Թևան Պողոսյանի խոսքով՝ հասարակության զգալի մասն անտարբեր է, որովհետև չի խոսվում, որ ամեն օր պատերազմը շարունակվում է ու երբևէ չի դադարել. «Ադրբեջանի գիտակցման մեջ իր պատերազմը չի ավարտվել: Ադրբեջանցիներին պուպուշ բաներ են ասում, իսկ կողքի հային ֆաշիստից սկսած, ինչ պիտակավորում ասես՝ կպցնում են: Այդ վարքագիծը պետք է փոխել: Պետք է հասկանալ, որ միայն իրարով ենք կարողանալու Հայաստանը պահել: Կապ չունի՝ ինչքան ես սիրում եմ, թե ոչ, եթե ես քաղաքական գործիչ եմ, պետք է ունակ լինեմ լսել բոլոր քննադատությունները: Գիտակցված է, չէ՞, եղել, որ ժամանակին հրաժարական տվեցին ու մենք 20 տարի պահեցինք Արցախը: Հնարավորությունների դաշտը, շանսերը պետք է ձևավորվեն: Որևէ մեկը չի ասում, որ ավելի լավ է լինելու, քան այս օրերին, բայց կես վայրկյան չկրակելը չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս