Ադրբեջանը Հայաստանի տարածքում փորում է նոր պատերազմի խրամատները, իսկ Պապիկյանը, անհասկանալի օրակարգով, Բրյուսելում է

Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել, որի արդյունքում հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, ունի 4 զոհ և 6 վիրավոր:

Մինչ ժամեր շարունակ երկիրը փորձում էր իրավիճակի վերաբերյալ փոքրիշատե պատկերացում կազմել, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում էր, մեկնել էր ապրիլի 10-ին, այցելել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն, ուր տեղի էր ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել էր ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Երեկ՝ ավելի ուշ, ՊՆ-ի կողմից հայտարարվեց, որ Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցն ու վերադառնում է Հայաստան: Այս «ավետիսը», բնականաբար, նպատակ ուներ Սուրեն Պապիկյանին ներկայացնել՝ որպես սրտացավ ու մտահոգ պաշտպանության նախարար, որը մեծահոգաբար ընդհատեց գործուղումը և վերադարձավ…

Քանի դեռ իշխանամերձ որոշ շրջանակներ Սուրեն Պապիկյանին ազգային հերոս չեն հռչակել, նախ մի լեգիտիմ հարցադրում. մինչ օրս ՆԱՏՕ-ի անդամ երկրներից շատերը ձևական հայտարարություններ են արել Լաչինի ճանապարհը բացելու պահանջով: Ո՞ր մեկի պահանջն է մինչ օրս Ադրբեջանը կատարել:

Կարդացեք նաև

Ինչ խոսք, ՀԱՊԿ հետ համագործակցության մեջ ոչ բոլոր կողմերն են բարեխիղճ իրենց պարտավորություններում, սակայն Հայաստանի այս ռազմաքաղաքական մարտահրավերների պայմաններում արդյոք ՊՆ նախարարի և առհասարակ Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքական ռևերանսները, խաղերը մեծ փորձանք չե՞ն դառնալու մեր երկրի համար, որի անվտանգային դիմադրողականությունը ՔՊ-ական այս իշխանությունները հասցրել են զրոյական մակարդակի:

Հետևաբար, ո՞րն էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցի նպատակը, ինչո՞ւ հանրությունը տեղյակ չի լինում՝ ինչ բանակցություններ են իրականում տեղի ունենում. առավել ևս հետաքրքրական է այն հանգամանքը, որ փաստացի Ռուսաստանի Դաշնության դաշնակից և ՀԱՊԿ անդամ երկրի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիսավոր արարողակարգով հանդիպումներ է անցկացնում Արևմուտք-Ռուսաստան փաստացի պատերազմի և չափազանց սրված հարաբերությունների պայմաններում:

Բացի դրանից, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին օկուպացված տարածքներ ունեցող ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության ո՞ր երկրի քաղաքական աջակցությունն է մինչ օրս ստացել, որ հիմա էլ գնացել է ՆԱՏՕ-ի ռազմական աջակցության հետևից:

Ավելին, Եվրամիության դիտորդական առաքելության՝ Հայաստանում գտնվող առաքելության ինֆորմացիան էլ, պարզվում է, որ փոխանցվում է Ադրբեջանին:

«Ներկայումս այս առաքելության հետ մենք ապահովում ենք տեղեկատվություն առաքելության պարեկության գրաֆիկի վերաբերյալ, ինչը լիովին բնական է, և մենք ոչինչ չունենք թաքցնելու: Ուստի մենք տրամադրում ենք մեր առաքելության պարեկության գրաֆիկը Ադրբեջանի գործընկերներին, և դա անում ենք ամենշաբաթյա ռեժիմով»,- երեկ «Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում ասել էր Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Հետաքրքիր է՝ դա ի՞նչ ինֆորմացիա է, ի՞նչ է փոխանցվում Ադրբեջանին, և ընդհանրապես ՀՀ պաշտպանության նախարարը տեղյա՞կ է արդյոք՝ ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ անվտանգային ու պաշտպանական քաղաքականության առումով:

Ու հիմա՝ տեսեք-տեսեք, պաշտպանության նախարարն ընդհատում է գործուղումը և վերադառնում է Հայաստան: Անպատասխանատու նախարարը, ում պատճառով են նաև տեղի ունեցել Տեղ համայնքում երեկ սանձազերծված մարտերը, հիմա ըստ էության մեր ժողովրդի վրա «ծախում է» գործուղումն ընդհատելու «հերոսությունը»:

Արդյունքում՝ 4 զոհ, որոնք կարող էին չլինել, ևս 6 վիրավոր, էլի կարող էին չվիրավորվել, եթե պաշտպանության նախարարը իր գործից հասկացող լիներ ու իմանար, որ այդտեղ պետք էր պաշտպանություն կազմակերպել, այլ ոչ թե թողնեին՝ ադրբեջանցիները գային, մտնեին Տեղ համայնքի տարածք, հետո ճակատ ճակատի խրամատ փորեին:

Իսկ առհասարակ ինչո՞ւ են ընդհանրապես երկիրը հասցրել այն վիճակին, որ այս անհասկանալի, խառը աշխարհում իրենք էլ չհասկանան՝ ինչով են զբաղվում Բրյուսելում, և ով են իրենք Մոսկվայում:

«Բարեբախտաբար», նախկիններն էլ կան, որոնց վրա պարբերաբար ինքնահաստատվում են, թե չէ ընդհանրապես այս աշխարհում ո՞ւմ են իրենք պետք:

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս