Ադրբեջանից թաքցնելու ոչինչ չունենք, ամենշաբաթյա ռեժիմով փոխանցում ենք տեղեկատվություն ԵՄ առաքելության պարեկության ժամանակացույցի վերաբերյալ. Տոյվո Կլաար

«Տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին լիովին բնական երևույթ է»,- այս մասին քիչ առաջ «Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում ասաց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով ԵՄ երկարաժամկետ ռազմավարությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև նախօրեին շրջանառության մեջ հայտնված «Politico» պարբերականի հոդվածում տեղ գտած տեղեկատվությանը:

Հիշեցնենք, որ օրերս «Politico» պարբերականը գրել էր, որ ԵՄ-ն Ադրբեջանին ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցում: «Մենք Ադրբեջանին ենք փոխանցում պարեկային ծառայության և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր»,- պարբերականին ասել էր եվրոպացի պաշտոնյան։

Այս հոդվածը մեծ աղմուկ է բարձրացրել Երևանում, այդ թվում՝ հարուցելով հարցեր, թե ինչու և ինչ տեղեկատվությամբ է ԵՄ-ն կիսվում Ադրբեջանի հետ:

Խոսելով հոդվածի մասին՝ Կլաարն ասաց, որ իրենք մշտապես Ադրբեջանի հետ աշխատել են թափանցիկ, այդ թվում՝ ԵՄ անցյալ տարվա կարճաժամկետ առաքելության շրջանակում:

«Ներկայումս այս առաքելության հետ մենք ապահովում ենք տեղեկատվություն առաքելության պարեկության գրաֆիկի վերաբերյալ, ինչը լիովին բնական է, և մենք ոչինչ չունենք թաքցնելու: Ուստի մենք տրամադրում ենք մեր առաքելության պարեկության գրաֆիկը Ադրբեջանի գործընկերներին, և դա անում ենք ամենշաբաթյա ռեժիմով»,- ասաց Տոյվո Կլաարը՝ դա համարելով լիովին բնականոն երևույթ:

Տոյվո Կլաարը նախ փորձեց մեկնաբանել՝ արդյոք ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում ռեակտի՞վ է, թե՞ պրոակտիվ:

Եվրոպացի դիվանագետը հիշեցրեց, որ ԵՄ-ն արդեն բավականին երկար տարիներ ունի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը ծնվեց այն մտքից, որ ԵՄ-ն պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատի ԱլԳ երկրների հետ:

«Ես անկեղծորեն կասեի, որ սա պրոակտիվ ռազմավարություն է և ոչ պարզապես ռեակտիվ: Իհարկե, ինչպես նաև ռեակտիվ, 2020 թվականի պատերազմից հետո մենք տեսանք ավելի մեծ ներգրավման անհրաժեշտություն, կար նման ներգրավման ցանկություն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու կողմից, և սա ռեակտիվ էր»,- ասաց Կլաարը՝ շարունակելով, որ՝ կարող եք մշտապես ասել, որ ԵՄ-ն կարող է ավելի պրոակտիվ լինել այստեղ կամ այնտեղ, բայց ինքը չի համաձայնի, որ ԵՄ-ի քաղաքականությունը կամ միայն ռեակտիվ է, կամ միայն պրոակտիվ:

Խոսելով բանակցությունների բրյուսելյան հարթակի մասին, Կլաարն ասաց, որ նախագահ Միշելի հովանու ներքո բրյուսելյան հանդիպումների ժամանակ շատ մանրամասն հարցեր են քննարկվել՝ կապված սահմանային հանձնաժողովների և հաղորդակցությունների հետ, որոշ բաղադրիչներ համաձայնեցվել են, ուստի այս քննարկումների արդյունքում հաջողվել է ուրվագծել հավաքական անվտանգային օրակարգ:

«Այս տեսանկյունից կասեմ, որ ԵՄ-ն իր տեսլականն ունի և աշխատում է այն առաջ մղելու ուղղությամբ»,- ասաց Կլաարը:

Տեսանյութեր

Լրահոս