Թքող ԱԺ նախագահ ունեցող Հայաստանի իմիջը պետք է բարելավվի. Նիկոլ Փաշինյանն է որոշել
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի իմիջի բարելավման հարցերը:
Մասնավորապես շոշափվել են հաշվետվությունների մեջ տեղ գտած խնդիրները, ընթացիկ ռեֆորմներն ու կառավարության հետագա քայլերը տարբեր ոլորտներում՝ կոռուպցիայի դեմ պայքար, բիզնես-միջավայրի բարելավում, մարդու իրավունքների պաշտպանություն, կիբերանվտանգություն, տարերային աղետների կառավարում, թվայնացում, գիտություն և այլն:
Անգամ աշխատանքային խումբ է ձևավորվել, քանի որ Փաշինյանը կարևորել է միջազգային կարծիք ձևավորող զեկույցներում Հայաստանի իմիջի հետևողական բարելավումը:
Զավեշտալի է կարդալ այս տեղեկությունը հատկապես վերջին օրերի իշխանական ցինիզմի դրսևորման համատեքստում: Մեկ շաբաթվա մեջ՝ էլ ԱԺ նախագահի կողմից քաղաքացու դեմքին թքել, էլ ՔՊ Ֆրակցիայի քարտուղարի սանձարձակ պահվածք՝ հանձնաժողովի նիստում, էլ ծեծկռտուք փակ քննարկման ժամանակ, էլ Ալեն Սիմոնյանի կողմից սուտ տեղեկության տարածում, թե իբր ծեծի է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին, որը Աշոտ Փաշինյանը հենց ինքն էլ հերքեց:
Հետաքրքիր է՝ ո՞ր պահից Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Հայաստանի իմիջը միջազգային զեկույցներում պետք է բարելավել, երբ արդեն 5 տարի բառիս բուն իմաստով բռնաբարվում են թե՛ մարդու իրավունքները, թե՛ Սահմանադրությունը, թե՛ պետական ինստիտուտների իմիջը:
Ի՜նչ խոսք, շատ կրեատիվ միջոցներ են ընտրել Հայաստանի իմիջը միջազգային զեկույցներում բարելավելու համար: Սկզբում մարդու ձեռքերը բռնում են, որ ԱԺ նախագահը թքի վրան, հետո կառավարող խմբակցության քարտուղարը ՄԻՊ օպոնենտ թեկնածուին ասում է՝ անասուն, սպառնում, որ կկտրի լեզուն ու ականջները, իսկ վերջում Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում ՀՀ քաղաքացիներից:
Քաղաքի տղա Ալեն Սիմոնյանը, ով ասում էր՝ լավ եմ արել, չշշկռեք, ես հեղափոխություն արած, պատերազմ տեսած, իմ ժողովրդի հետ հաղթանակ ու պարտություն տեսած տղա եմ, թեպետ այդպես էլ չիմացվեց՝ որտեղ է պատերազմ տեսել, ինչ անեք՝ պատասխանը ստանալու եք, հիմա ներողություն է խնդրում ու ասում, որ իրեն ավելի զուսպ պետք է պահեր:
Իսկ ո՞ր պահից Ալեն Սիմոնյանը դա հասկացավ, թերևս, ամենայն հավանականությամբ հենց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Հայաստանի իմիջը պետք է բարելավել: