«Արայիկ Հարությունյանը պետք է բացահայտի այդ «մութ ու սև ուժերին». դրանից հետո շատ խնդիրներ կլուծվեն». Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին հակազդելու քաղաքականություն պետք է վարվի և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունների կողմից:
«Ցավոք, մենք տեսնում ենք պարտությանը համակերպված իշխանություններ. Իրենց համար նորմալ է պարտված լինելը, հետևաբար, շարունակում են լռել: Երբ մենք ասում էինք, որ Արցախի իշխանությունները պետք է գոնե հակադրվեին Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, հիմա այդ առումով էլ է ուշ: Նման իշխանությունները, որոնք այդ քաջությունը չունեն, որպեսզի հակառակվեն Հայաստանի իշխանություններին, իրենք չեն կարող հակառակվել Ադրբեջանի իշխանություններին: Ի տարբերություն իշխանությունների, որոնք ինքնախաբեությամբ են զբաղված և մոլորեցնում են նաև ժողովրդին, մենք վառ գիտակցում ենք, որ սա պատերազմ է, որը գնալով ահագնանալու է և տարբեր դրսևորումներ է ունենալու: Հետևաբար, պետք է պատրաստ լինես պայքարելու: Ցավոք, մենք չենք տեսնում այդ պայքարը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ Արցախի իշխանությունները սպասում են փրկչի:
«Սպասում են, որ փրկիչ է հայտնվելու ու ինչ-որ բան անի: Ի տարբերություն իրենց, և՛ մենք, և՛ ժողովրդի բավականին մեծ հատված հասկանում է, որ փրկիչ չի լինելու, և մենք պետք է քայլեր անենք փրկվելու համար: Այն, ինչի միջով անցնում ենք, հումանիտար խնդիրներ չեն, քաղաքական են: Պետք է հնարավորություն ստեղծել, թեկուզ չունենալով դիվանագիտական խողովակներ, քաղաքականություն վարել՝ հօգուտ Արցախի: Եթե մասամբ ինչ-որ մի տեղ ընդդիմության մոտ ստացվում է, ես պատկերացնում եմ՝ իշխանության մոտ ինչքան ավելի հեշտ կստացվեր դա անելը: Պետք է ի շահ Արցախի ուղղակի աշխատել. Աշխատել Ռուսաստանի հետ, աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ փորձելով ճնշել և ազդեցություն ունենալ նրանց վրա, եթե չի ստացվում, ապա պետք է հենց Արցախի իշխանությունները կարողանային ազատվել Հայաստանի ներկայիս իշխանությունից՝ հանուն փրկության»,- շեշտեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս պետք է ազատվեին, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ իրենց մոտ ավելի հեշտ կստացվեր, քան մեզ մոտ՝ ազատվել այս իշխանություններից: 2020 թվականի դեկտեմբերի 16-ի Արայիկ Հարությունյանի հայտնի հայտարարությունը հիշում եք, երբ ասաց, որ սև և մութ ուժերը թույլ չտվեցին, որպեսզի ինքը Սահմանադրությամբ իրեն վերապահված գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներն իրականացնի: Երբ հարց տվեցինք՝ արդյո՞ք դա Նիկոլ Փաշինյանն է, նա ո՛չ այո ասաց, ո՛չ՝ ոչ, շրջանցեց: Այնուհետև մենք հաղորդում տվեցինք դատախազությանը, վարույթ իրականացվեց, որպեսզի հայտնաբերվեն այն սև ու մութ ուժերը, որոնք իրեն թույլ չեն տվել: Այսինքն՝ կան բաներ, որոնց մասին մենք չգիտենք, և կարծում եմ, որ այդ բացահայտումներն անելու դեպքում գոնե ներքին դաշտի խնդիրները լուծվելու են: Դա իրենց ավելի հեշտ կտրվի, քան ընդդիմությանը և հասարակությանը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում