Եթե հանրապետություն մուտք գործած ֆինանսական միջոցները չլինեին, այդ գնաճը կլիներ երկնիշ. Տնտեսագետ
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2023թ. մարտը 2022թ. մարտի նկատմամբ, կազմել է 5.4 տոկոս, նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.7 տոկոս գնանկում:
Ազգային վիճակագրական կոմիտեն է հրապարակել 2023 թվականի հունվար-մարտին հանրապետությունում սպառողական գների ինդեքսը՝ տեղեկացնելով նաև.
«2023թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գներ: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 4.6 տոկոս, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.2 տոկոս գնաճ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ սակագներն աճել են 6.0%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 3.5% և 2.4% հավելաճ: 2023թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.4 դրամ, ինչը 21.8%-ով ցածր է 2022թ. մարտի համապատասխան ցուցանիշից (497.0 դրամ)»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզված է՝ եթե չլիներ արտաքին գործոններով պայմանավորված ֆինանսական ռեսուրսների մուտքը Հայաստան, գնաճը կլիներ երկնիշ: Ավելի վաղ ԿԲ խորհուրդը 2023 թվականի համար կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
«Այդ 5.4 տոկոսն ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ մուտք գործած ֆինանսական ռեսուրսներով. դրա ցցուն ցուցանիշը դոլարի արժեզրկումն է: Եվ եթե հանկարծ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատաճառներով հանրապետություն մուտք գործած ֆինանսական միջոցները չլինեին, այդ գնաճը կլիներ երկնիշ:
Այս պահին ԿԲ-ն իր դրամավարկային գործիքներով ի զորու չէ մեծ ազդեցություն ունենալ գնաճային սցենարների վրա»,- անդրադառնալով սպառողական գներին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Վարդան Բոստանջյանը նկատեց, որ գնաճային միտումների պատասխանատուն նախ և առաջ տնտեսական քաղաքականություն իրականացնողներն են:
«ԿԲ-ն չի տիրապետում տնտեսական քաղաքականության այն լծակներին և, մասնավորապես, հարկաբյուջետային լծակներին, որով կկարողանան ազդակներ ուղարկել այդ ուղղությամբ: ԿԲ գործիքներն ինտերվենցիաներն են, փողի ծավալի մեծացում կամ փոքրացում, իսկ դրանց կիրարկումն ունի սահման:
Սակայն, ինչպես ՀՀ քաղաքականությունն է, երբ երկիրը գրավում են՝ Տեղ կլինի, Տավուշ կլինի, այդպես էլ՝ տնտեսական քաղաքականությունն է,- մանրամասնեց նա, իսկ մի քանի ապրանքատեսակների գնանկման պատճառների մասին մեր հարցադրմանն ի պատասխան՝ պարզաբանեց,- Գնանկում է, որովհետև քաղաքացիների որոշակի հատվածի կողմից չկա ապրանքներ՝ հատկապես պարենային ապրանքներ ձեռք բերելու հնարավորություն: Այսինքն՝ պահանջարկի ու առաջարկի հարաբերակցության փոփոխության պարագայում՝ չկա պահանջարկ, իսկ արդեն արտադրվածը ստիպված պետք է իրացվի, որի համար միակ ճանապարհը գնանկումն է»:
Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի ցուցանիշների՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.3-0.1%-ով, այդ թվում՝ գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում:
Այս ժամանակահատվածում հնդկացորենի գինը նվազել է 9.2%-ով, ոսպինը՝ 5.3%-ով, բրնձինը՝ 3.1%-ով, լոբունը՝ 2.7%-ով, ալյուրինը՝ 2.6%-ով, ոլոռինը՝ 0.2%-ով: Աճել են՝ հաճարի` 2.1%, բլղուրի՝ 3.6%, ձավարի՝ 4.8%, հացի՝ 7.3%, մակարոնեղենի՝ 7.6% գները: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.9%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 1.9% գնանկում:
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ գրանցվել է տավարի մսի 18.9% գնաճ և խոզի մսի՝ 13.8% գնանկում: Ձվի գինը այս ժամանակահատվածում նվազել է 1.1%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.8%-ով: Մարգարինի և պանրի գները 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ աճել են 10.8% և 15.4%-ով:
2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արևածաղկի բուսական յուղի և կարագի գները նվազել են 20.0%-ով և 0.1%-ով. կարտոֆիլի գինն աճել է 4.5%-ով, վարունգինը՝ 12.0%-ով, իսկ ճակնդեղի և գազարի գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար՝ 20.9% և 14.0%-ով: Թռչնամսի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ աճել է 1.6%-ով, գառան մսինը՝ 3.4%-ով, թթվասերինը՝ 6.2%-ով, թարմ կաթինը՝ 8.4%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար՝ 0.6%, 0.1%, 0.2% և 1.1% ով:
2023թ. մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 3.79%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.32 տոկոսային կետով: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է՝ 0.7%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.3% գնանկում: